Նրան օգնում են ստեղծագործել հույզերն ու զգացմունքները, նաև անհայտի բացահայտումները: Երբ խորասուզվում է թելերով և գույներով հյուսված սարդոստայնի մեջ, ակամայից դառնում է նրա մի մասնիկը, փորձում քանդել քարկապված այդ կծիկը՝ ընթացքում ստեղծելով նոր արվեստի գործեր: Ինքն է բնորոշում իր գեղարվեստական ոճը՝ «Կառավարելի քաոս»: Նա երիտասարդ նկարչուհի է, ով չի դադարում երազել: Մարինե Բալոյան. ծնվել է Բուլղարիայում, այնուհետև տեղափոխվել Հայաստան և մանկության տարիներին ինքնամոռաց սիրահարվել գույների աշխարհին ու նկարչությանը: Գերազանց առաջադիմությամբ սովորել է Երևանի պետական հումանիտար քոլեջի «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ բաժնում», հետագայում սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետը։ Այժմ նույն բուհի մագիստրատուրայի ուսանողուհի է: 2023 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:
«Իմ հանդիպումը գույների հետ սկսվել է դեռևս մանկուց, սակայն այդ ճանապարհի կողմնացույցը եղել են թելերը և այն գաղտնիքը, որը նրանք թաքցնում են իրենց մեջ: Հենց նկարչության և թելերի համադրման շնորհիվ է, որ ես ամբողջությամբ կարողացել եմ զգալ և վերարտադրել մեզ շրջապատող աշխարհի ամենանուրբ երանգները,-ասում է Մարինեն: Վերջինս լինելով ձեռագործ արվեստի սիրահար, վստահեցնում է՝ ձեռագործ արվեստն ինքն իր մեջ պարունակում է իրեն ստեղծողի հոգու մի մասնիկը: Նաև սա է պատճառը, որ աշխատանքը կարողանում է գերել դիտողին, վերջինս էլ դրա մեջ տեսնում է սեփական հոգու արտացոլանքը։
«Իմ կարծիքով՝ առաջնահերթ անհրաժեշտ է զգալ այն աշխատանքը, որը ստեղծում ես: Կարևոր է նաև իմաստային առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի և կայանա քո աշխատանքը: Իմ աշխատանքներում ես հիմնականում փորձում եմ իբրև ելակետ ընդունել ազգայինը և այն բոլոր մանր, բայց ոչ պակաս կարևոր ազգային յուրահատկությունները, որոնց շնորհիվ մենք մենք են և չենք կորցնում սեփական յուրօրինակ տեսակը: Հենց այդ փոքրիկ, բայց կարևոր մասնիկների փնտրտուքներով է պայմանավորված են իմ աշխատանքների ընդհանրությունները և տառակերությունները»,-մանրամասնում է մեր զրուցակիցը:
Հարցնում ենք՝ եթե ներկապնակումդ միայն կարմիր ու սպիտակ գույները մնային՝ ինչ կնկարեիր։ Մարինեն նորից երազանքների հետքերով է գնում: «Երևի կփորձեի նկարել իղձեր և երազանքներ, քանի որ, ըստ իս, դրանք չունեն հստակ ձև, չափ կամ գույն, չեն ենթարկվում ոչ մի կանոնի, սակայն հենց դրանք են մարդուն թևեր տալիս, և ապացուցում, որ մեր մեջ դեռևս անդարձ չի քարացել այն կավը, որից կերտված ենք եղել ի վերուստ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.08.2024