Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Սրանց ղեկավարած երկրում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է զգոնություն ունենա ու հասկանա, թե իրեն ինչ է սպասվում ամեն գիշեր եւ ամեն լուսաբացին»

Օգոստոս 05,2024 18:07

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, «Հայելի» ակումբում խոսելով տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի անվտանգային սպառնալիքների ֆոնին իշխանության վարած անհոգ կյանքի մասին, ասաց. «Հետաքրքիրն այն է, որ իրենք «Լեքսուսներով» են ման գալիս: Օրինակ, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների շարասյունը կազմված է յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ու զրահապատ մոտ 25 մեքենաներից, բայց ասում են «կեցցե հեծանիվը»: Այդպես մեկ էլ Ռամզան Քադիրովի շարասյունն է: Ապրում են շռայլության մեջ, հեծանիվ քշում՝ ցույց տալիս, իջնում, նստում են «Լեքսուսները» ու գնում շրջագայությունների: Բայց դրա հետ մեկտեղ առգրավում են Արցախից բերված ավտոմեքենաներ»:

Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ ռուս սահմանապահներին իրենց ծառայության վայրերից դուրս բերելուն: «Ռուս սահմանապահները դուրս են բերվել ոչ միայն «Զվարթնոցի» օդային սահմանային անցակետից, այլ նաեւ Երասխավանի տարածքից:

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ռուս սահմանապահները տեղակայվել էին Սյունիքի մարզում, հիմնականում հայ-ադրբեջանական սահմանին: Դրվել էին նաեւ սահմանապահ զորքերի երկու անցակետեր. մեկը՝ Երաասխ համայնքում, մյուսը՝ Պարույր Սեւակ գյուղում: Երասխ գյուղինը արդեն երկար ժամանակ է հանել են: Վերջերս, երբ Բագրատ սրբազանի հետ այցելեցինք Վայոց Ձորի մարզ, տեսա, որ հանվել է Պարույր Սեւակի ռուսական սահմանապահների հենակետը: Ռուսական դրոշի եւ ռուս զինվորականների առկայությունն այնտեղ, ըստ էության, միակ երաշխիքն էր, որ Տիգրանաշենի եւ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիները պետք է առնվազն զգուշավորություն ցուցաբերեն ռազմական գործողություն իրականացնելիս: Հիմա այդ անցակետերը այնտեղից դուրս են բերվել: Դա նշանակում է, որ Տիգրանաշենը եւ Երասխը այլեւս պատրաստ են թշնամուն հանձնելու համար:

Սա այն տեղեկատվությունն է մեր հասարակության համար, որ մարդիկ իմանան, որ Երասխավանի հարեւանությամբ՝ Նախիջեւանում, տեղակայված է Ադրբեջանի համազորային բանակի տանկային ստորաբաժանումը, որն ունի ընդամենը մեկ մարտական խնդիր՝ գրոհը Երեւանի ուղղությամբ: Երասխից Երեւան 60 կմ ասֆալտապատ միջպետական մայրուղի է: Եվ ցանկացած զրահամեքենա, այդ թվում՝ տանկ, 60 կմ/ժամ արագությամբ երթեւեկելու դեպքում ուղիղ մեկ ժամ հետո հայտնվելու է Երեւանի մատույցներում:

Այնպես որ, այդ որոշումն արդեն կայացված է, ռուսներն այլեւս դուրս են բերվել Պարույր Սեւակ բնակավայրից, որտեղ կար ռուսական Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ զորքերի հենակետ: Հետեւաբար, Երասխը եւ Պարույր Սեւակը պատրաստ են ադրբեջանական գրոհի համար, որի ժամկետների մասին արդեն ասել էր, եթե չեմ սխալվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2024 թվականի նոյեմբերին:

Սիրելի երեւանցիներ, բոլոր փաստաթղթերը, որոնք ձեզ հետագայում դրսերում քաղաքացիություն ստանալու եւ այլնի համար պետք են գալու, պահեք մի արկղի մեջ, մեքենաները միշտ պահեք լիցքավորված, որովհետեւ խուճապի դեպքում բենզալցակայանների մոտ հերթ է լինելու: Նախկինում մեզ մեղադրում էին, թե իբր խուճապ ենք տարածում: Հիմա այս բաները ասում եմ, որպեսզի խուճապ չառաջանա: Խուճապ առաջացնողը սրանց գործողություններն են:

Իսկ այն մարդիկ, որոնք մտածում են, որ սա խուճապ է, թող ընդամենը նայեն 2023 թվականի սեպտեմբերի 21-ից 29-ը Արցախից Երեւան եկող մարդկանց կադրերը: Բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ կան, թե արցախցիները ոնց են մեկ շաբաթում ամեն ինչը թողած, մեծ հոսքերով գաղթում: Այդ օրերին բենզին չունեցողները հավաքվեցին պահեստի մոտ ու  պայթյուն եղավ, չէ՞: Հիմա ես ասում եմ, որպեսզի այդպիսի բան չլինի: Նախապես պատրաստված եղեք, որովհետեւ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որը կնոջ հետ հեծանիվ է քշում, ապրում է խրախճանքներով, ոչ ոք չգիտի, թե հաջորդ լուսաբացին մեզ ինչ նոր դժբախտություններ են սպասվում: Այսինքն, այս մարդկանց ղեկավարած երկրում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է զգոնություն ունենա ու հասկանա, թե իրեն ինչ է սպասվում ամեն գիշեր եւ ամեն լուսաբացին»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031