Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական քաղաքական-դիվանագիտական դաշտը պետք է կամք հայթայթի ու գոնե հետևի Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազի օրինակին»

Օգոստոս 05,2024 17:29

«Առավոտ»-ում լույս տեսած այս հոդվածը  ակամա ստիպեց վերհիշել հանգամանքներ, որոնք չեն վերանում, այլ անընդմեջ իրենց պտույտի մեջ ներառելով՝ հայությանը կտրում են հողի վրա ամուր կանգնելու հնարավորությունից։ Այդ հանգամանքներն են, որ հիմա հայությանը՝ նաև ներքին թշնամու երախում, շարունակում են քրքրել, թուլացնել, հոշոտել…

Վերոհիշյալ  հոդվածը հերթական հիշեցումն էր, որ հոգով ու մարմնով գաճաճները արդեն իսկ 1991-ից տարան թրքական հորինված հանգամանքների ոլորապտույտը ու ներքաշեցին հայության ողջ պատկերացումները այդ ոլորապտույտի մեջ, կեղծ պատմական ակնարկներով ու դրվագներով աղտոտելով, մթագնելով հայության գիտակցությունն ու հիշողությունը։

Այո, արդեն 1994-ից էր, որ թրքացած Բաքվի առաջնորդները հրաժարվում էին «հետ վերցնել յոթ շրջանները», ու դրա մասին են խոստովանել ՀՀ բոլոր բանակցող նախագահները։ Հրաժարվել են ոչ այն պատճառով, որ լավ գիտեին «Մոսկվայի պայմանագիր-1921 հուլիսի 5-Կարսի պայմանագիր» անիրավ շարքի մասին, և դա իրենց զսպում էր, ոչ այն պատճառով, որ այդ «յոթ շրջանների կարգավիճակը նույնքան օկուպացված էր», որքան որ նույն Քյոնինսբերգի և այլնի կարգավիճակը, և ոչ էլ այն պատճառով, թե գիտեին, որ յոթ շրջաններում կանխվեց ԼՂԻՄ-ի դեմ նոր «Սումգայիթը», և ոչ էլ այն պատճառով, որ թաքցնում էին իրենց պլանների հակամարդ ու ցեղասպանական բնույթը՝ «սումգայիթյան» բովանդակությունը։

Հղփացած Բաքուն պարզապես վստահ էր, որ հայկական քաղաքական վերնախավի դեմ տարվող համակարգված «գլխատման» քաղաքականությունը, որ չեզոքացրեց Մկրտչյանին, Ազգալդյանին, Մեղրյանին, Մոնթեին, Յուզբաշյանին, ԴեմիրՃյանին, Սարգսյանին ու  շատերին, նաև կապահովի անհեռատես, հարմարվող, տոլեռանտ-հանդուրժող քաղաքական, իշխանական, գիտական, քաղաքագիտական, լրագրողական, ռազմական «վերնախավի» ձևավորումը, ու Երկիրը կմտցնի կապիտուլյացիոն ընթացք։ Ընդամենը փափուկ ուժի՝ այն է փողի, տարատեսակ փաթեթավորված հոսքերը կկանխեն Հայաստանի ու Արցախի զարգացումը՝ բոլոր ոլորտներում, սկսած կրթականից ու վերջացրած ռազմականով, կթուլացնեն դիմադրությունը՝ ազգային ու պետականաշինության սկզբունքների պաշտպանության համար, հայության զգոնությունը կբթացնեն եկող՝ հերթական  ցեղասպանության ալիքի հանդեպ։

Այսօր այն է, ինչ պլանավորված ընթացքի մեջ մտցվեց առնվազն 1994-ի մայիսից, ու դրա օղակներից մեկն էլ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված երրորդ ագրեսիան էր։ Հայկական քաղաքական-ռազմական-իշխանական «վերնախավը»  Երկրին սպասվող արհավիրհքի մասին «հանգիստ» խոսում էր, դրանով «ահաբեկում» սուրճի բաժակի շուրջ, բայց ոչինչ չէր նախաձեռնում, բացարձակ ոչինչ։ Որևէ նախաձեռնություն երրորդ հանրապետության համար մնում է պատժի սպառնալիք՝ «աթոռի» կորստով։

Ֆաշիստական Բաքվի համար հենարանն են իր իսկ հորինած կեղծ հանգամանքները, որ կիրառում է հայության ոչնչացման համար։

Ու հենց այդ հանգամանքներն են դրված հայկական երրորդ հանրապետության դիվանագիտության ողջ տրամաբանության հիմքում, դրանք այսօր էլ շարունակում են թուլացնել հայկական պետականությանը՝ մտցնելով այն փակուղու մեջ։ Իսկ միջազգային իրավունքը սերտորեն փոխկապակցված է դիվանագիտության հետ, և այդ կեղծ հանգամանքներն այսօր արգելափակում են միջազգային իրավունքի արդար գործարկումը հանուն հայության գոյության՝ իր իսկ կենսատարածքում։

Յոթ շրջանների «օկուպացիայի» կեղծ թեզը սահուն տարածվեց ԼՂԻՄ-ի տարածքի վրա, քանի որ «հայկական» շրջանակները, մոռացության մատնելով 1921 հուլիսի 5 –ը, «Սումգայիթ» երևույթը, դարձան յոթ շրջանների «վերադարձի» կաշառված ջատագովները, հաջորդ քայլը ճկուն թուրքի համար ավելի քան հեշտ էր։ Թուրքին մատնված «հայկական» դիվանագիտությունը ապահովեց ԼՂԻՄ-ի միջազգային իրավունքի անհիմն քաշքշուկն ու ուժով այն ռազմակալելու հնարավորությունը։

Հաջորդը 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ» հայտարարությունն էր, որպես «Մոսկվայի պայմանագիր-1921 հուլիսի 5-Կարսի պայմանագիր» շղթայի շարունակություն։ «Եռակողմ», որովհետև ենթադրվում է երեք ստորագրությունների ներկայություն, իրականում դա միջոց էր հայկական կենսատարածքների միակողմանի հանձնման, որոնք նվազագույնն էին հայության գոյության ապահովման համար։ Այսօր հայությունը փորձում է իր գոյությունը ապահովել կենսական նվազագույն անհրաժեշտից շատ ավելի փոքր տարածքի վրա,  փաստացի հայտնվելով ռեզերվացիայի մեջ։

Իսկ թուրքը, առաջ մղելով կեղծ հանգամանքները, արդեն իր հաջողությունը փնտրում է հայկական ներպետական հարցերին անարգել միջամտելու ընթացքում, պարտադրում է ՀՀ Սահմանադրության իր համար գրավիչ փոփոխություն, կասկածի տակ է դնում հայկական պետականության ռազմական և միջազգային իրավական պաշտպանությունը։ Ու հետևողական է, անգամ Օլիմպիական խաղերին հետապնդում է Արցախին։

Բաքվի բանտերում անարգել հայտնված շարքային ու պետական գործիչները մեղադրվում են այդ նույն հորինված հանգամանքներով, ինչպես «Խոջալուի» բազմակողմանի մշակված ու միջազգային հանրությանը անդադար մատուցվող մեծ կեղծիքը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 հազար հայ փախստականների հարցը այս կեղծ ու հորինված հանգամանքներին զոհաբերվեցին, հայկական երրորդ պետականությունը՝ կամակատար թրքական հարկադրանքին, բացարձակ մոռացության է մատնել նրանց քաղաքական իրավունքները։

Հայատյաց ու լպիրշ Բաքուն արդեն 1994-ից է համոզել ու վստահեցրել հայկական իշխանական շերտերին, որ ցեղասպանության փաստը Սումգայիթում ու Բաքվում, Գանձակում ու Նախիջևանում դրանց շահ չի բերի։ Մոռացության են մատնել «Սումգայիթ» երևույթը ու սպասել, որ 2020 հոկտեմբեր-նոյեմբերին ՌԴ առաջնորդն ու Հադրութում հայությանը ցեղասպանող մարդակեր թուրքը աշխարհին հիշեցնեն դրա մասին։

Պատմությունը կրկնվելու սովորություն չունի, այդ մենք ենք շփոթում դրա շարունակությունը սկզբի հետ։ «Սումգայիթ» երևույթը շարունակություն էր, դրան էլ հետևեց Արցախի ցեղասպանությունը։

Փոխվում են թիմերը, անփոփոխ են իշխանական համոզմունքներն ու պատկերացումները, որոնք սինթեզվում ու փափուկ մատուցվում են մեկ թրքա-ռսական, մեկ էլ արևմտյան կայուն կենտրոններից։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը որոշում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով: Այն նաև հիշեցնում է, որ Ադրբեջանի պարտավորությունն է՝ պաշտպանելու և չոչնչացնելու Ղարաբաղում հայտնաբերված գրանցման, ինքնության և/կամ մասնավոր սեփականության փաստաթղթերն ու ապացույցները:

Թվում է, թե Միջազգային դատարանը մեծագույնս է ապահովել արցախցու վերադարձը իր տուն ու տեղ, սակայն քանի՞ արցախցի կհանդգնի վերադառնալ իր տուն, երբ այնտեղ ցեղասպանը նույնքան համարձակ է ոչնչացնում հայկական հետքը, ինչպես դա արեց Սումգայիթում, Բաքվում, Նախիջևանում ու Գանձակում։

Միջազգային դատարանի այս որոշումը հայկական քաղաքական, իշխանական, գիտական, քաղաքագիտական, լրագրողական, ռազմական պոտենցիալի կողմից չստացավ պատշաճ արձագանք միջազգային մակարդակով, չբացահայտվեցին այն սպառնալիքները, որոնք գեղեցիկ փաթեթավորված են Միջազգային դատարանի այս որոշման մեջ։ Ու դրա պատճառը կրկին «Սումգայիթ»  երևույթի չընկալումն է։ Այլապես Միջազգային դատարանից առնվազն կպահանջեին միջազգային զինված ուժերի մասնակցություն վերադարձող արցախցիների կյանքի անվտանգության համար և միջազգային երաշխիքներ։ Առայժմ դա չկա, ու դրա մտադրությունն էլ չկա…

Սակայն, նման քարացած վիճակը ևս պոտենցիալ է տալիս Բաքվի հայատյաց առաջնորդին, որ հարմար պահի կհանդիմանի, թե արցախցիները ե՞րբ ուզեցին վերադառնալ, որ չկարողացան։ Ու սա հայկական կողմից այսօր քաղաքական լուծումներ է պահանջում։

Վերջերս Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նամակ ուղղեց հայությանը, որտեղ հիշեցրեց, որ միայն 2023 թվականին Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ի հայտ է բերել շարունակական վտանգ Լեռնային Ղարաբաղում:

Բայց այսօր մենք չունենք ոչ ՀՀ ԱԺ կողմից, ոչ Արցախի Հանրապետության ԱԺ կողմից, այոՙ, հենց ԱԺ և դրա պատգամավորների կողմից,  ոչ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից որևէ գնահատական Արցախի հայաթափման մասին։ Դե սա, իհարկե, պարզապես արժանապատվության հարց չէ, սա պետականության հայամետ գործունեության խնդիր է։

Օկամպոն  հայությանն ուղղված իր նամակի մեջ ակամա գնահատական է տալիս 2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանի որոշմանը, ասելով՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ»։

Հայկական քաղաքական-դիվանագիտական դաշտը պետք է կամք հայթայթի ու գոնե հետևի Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազի օրինակին՝ չեզոքացնելու համար Բաքվի ցեղասպան առաջնորդի հերթական նախահարձակ ագրեսիան։

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031