Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից: Այս տարիների ընթացքում այն դարձել է Սիսիանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը: 2024 թ. պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի համաֆինանսավորմամբ կատարվեցին մասնաճյուղի վերանորոգման աշխատանքները` ինտերիերի արդիականացմամբ, թանգարանային պատշաճ պրոֆեսիոնալ լուսավորության տեղադրմամբ, գիտական էքսպլիկացիայի և ներքին նավիգացիայի թարմացմամբ: Այժմ մասնաճյուղը վերաբացվում է ականավոր գեղանկարիչ, գրաֆիկ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսով:
Սիսական աշխարհը բազում տաղանդավոր արվեստագետների ծննդավայր է: Անվանի սիսիանցիներից մեկն էլ ՀՀ և ՌԴ վաստակավոր նկարիչ, գրաֆիկ, Հայրենական պատերազմի մասնակից Զաքար Խաչատրյանն է (1924-2017): Նրա ծննդավայրը Սառնակունք գյուղն է, որի քարակերտ բնությունն էլ կերտել է ապագա նկարչի ստեղծագործական զգայուն ոգին: Մասնագիտական ուսուցումը նա ստացել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության ինստիտուտում` աշակերտելով Բ. Յոգանսոնի և Ա. Գերասիմովի արվեստանոցներում: Նկարչի ստեղծագործությունը կրում է լենինգրադյան գեղարվեստական դպրոցի ազդեցությունը, որին բնորոշ է ռեալիստական աշխարհընկալումը և տեխնիկական բարձր կատարողականությունը: Նրա արվեստի վաղ շրջանը ձևավորվել է Խորհրդային Միության բավական բարդ շրջանում: Բազմաթիվ ճանապարհորդությունները, հայրենի բնության անկրկնելի եզերքի հանդեպ անսահման սերը ճանաչելի ձեռագրային առանձնահատկություններով և ժանրաթեմատիկ բազմազանությամբ են հարստացրել նրա արվեստը: Զաքար Խաչատրյանի բեղուն և երկարատև ստեղծագործական կյանքը լի էր փորձություններով և մասնագիտական մեծ ձեռքբերումներով: Նկարիչն ունեցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներ ինչպես Խորհրդային Հայաստանում, Ռուսաստանում, այնպես էլ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում և Հնդկաստանում:
Զաքար Խաչատրյանը նաև հրաշալի մանկավարժ էր. 1968-ից դասավանդել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1986-ին ստացել է պրոֆեսորի կոչում: Նրա շնորհալի սաներից է նաև գեղանկարիչ, գրաֆիկ Փարավոն Միրզոյանը, որն իր արվեստում բազմիցս անդրադարձել է սիրելի ուսուցչի կերպարին:
Զաքար Խաչատրյանի աշխատանքները պահվում են ՀԱՊ-ի հավաքածուում, արտերկրյա տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Կարդացեք նաև
«Զաքար Խաչատրյան – 100» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժ. 16։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ «Սիսիանի պատկերասրահում»: Հասցեն՝ ք. Սիսիան, Սիսական 39:
Հայաստանի ազգային պատկերասրահ