Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին այս տարի մասնակցում է 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:
«Ինձ համար որպես պաշտոնատար անձ եւ որպես անհատ՝ մեծագույն պատիվ է ներկա գտնվել այս խորհրդաժողովի բացմանը: Մենք իրապես շատ մեծ ակնկալիքներ ունենք նման խորհրդաժողովներից եւ կարծում ենք, որ նման խորհրդաժողովները կարեւոր հարթակ են՝ խոսելու Սփյուռքում հայկական կրթության կազմակերպման, առկա խնդիրների, Հայաստան-Սփյուռք կրթամշակութային կապերի մասին»,- նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Կարծում եմ, որ համաժողովի օրերին դուք ոչ միայն կվայելեք Հայաստանում ձեր ներկայությունը, սոցիալական շփումները, այլեւ իրապես կկարողանանք հարաբերություններ հաստատել ոչ միայն հայաստանյան գործընկերների հետ, այլեւ իրար հետ եւս համագործակցություն ծավալել եւ կիսվել սեփական փորձով: Հետագայում բոլորը միասին հանդես կգան իբրեւ հանրույթ՝ նման խնդիրները շարունակաբար քննարկելու համար ոչ միայն համաժողովի օրերին, այլեւ ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց փոխնախարարը:
Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Ինչպես նախկինում, այս խորհրդաժողովին եւս մասնակցում են սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:
Կարդացեք նաև
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովն անցկացվելու է օգոստոսի 5-9-ը՝ Աղվերանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ