Լրահոս
Օրվա լրահոսը

Նիցշեն և Մարքսը՝ ընդդեմ Քրիստոսի. Օլիմպիականի բացումը և Հայաստանի փակում. Արմեն Աշոտյան

Օգոստոս 05,2024 11:49

Փարիզի օլիմպիական խաղերի շքեղ, բայց սկանդալային բացման արարողությունն էլ ավելի սրեց «ո՞վ ենք մենք» հարցը ոչ միայն 2.5 մլրդ քրիստոնեական ծագումնաբանություն ունեցողների, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Անաստվածության ագրեսիվ քարոզչությունը չի կարող հանդուրժելի լինել ցանկացած Աստված դավանողների համար:

Անշուշտ, խնդիրը Ֆրանսիան չէ, և այդ երկիրն իր վաստակած բարձր տեղն ունի համաշխարհային մշակույթի, արվեստի, պատմության, մի խոսքով՝ քաղաքակրթության մեջ: Իմ անձնական երախտագիտությունն էլ Ֆրանսիայի ժողովրդին պայմանավորված է թե հեռավոր 1999-ին Մարսելի համալսարանի դռներն իմ առջև բացելու, առաջին գիտական աշխատանքս հրապարակելու, ֆրանսիականության թանձր կաթսայում՝ արևելցի երիտասարդի ականջները եփելու փաստերով, և թե, ի վերջո, ֆրանսիական հանրապետության պետական պարգևով:

Իրական խնդիրը որոշ երկրների իշխող էլիտաների աշխարհայացքային պատկանելությունն է գլոբալիզմի և լիբերալիզմի դիմակների տակ թաքնված անաստվածությանը, որի միակ գերնպատակն իշխանությունն է մարդու և մարդկության վրա: Ահա սա է առաջին հայացքից մշակութային միջոցառման իրական, քաղաքական ենթատեքստը:  Ցանկացած աստված (Քրիստոս, Յահվե, Ալլահ և այլն) խանգարում է նրանց մարդու վրա իրենց իշխանությունը հաստատել…

Չէ՞ որ ցանկացած իշխանություն խարսխված է տվյալ ժամանակահատվածի և տվյալ հասարակության բարոյական արժեքների վրա, որոնք իրենց հերթին՝ ծնվում են կրոնից և մշակույթից: Ու ահա համաշխարհային իշխանություն հաստատելու բանալին. ոչնչացնում ես կրոնը, քեզանով անում մշակույթը, փոխում ես բարոյական կոդերը և հաստատում ես սեփական ռեժիմը:

Քրիստոնեության պարագայում՝ հարձակումներն Աստծո դեմ նոր չեն, սակայն արժեհամակարգային և խոհափիլիսոփայական լրջագույն «հիմնավորումներն» ի հայտ են եկել 19-րդ դարում մեկ գերմանացու՝ Նիցշեի, և մեկ հրեացու՝ Մարքսի կողմից, որոնց իրարից անկախ միավորում էր միևնույն թշնամին՝ Քրիստոսը: Քրիստոսի նկատմամբ նրանց թշնամության հիմքում՝ մարդկության վրա իշխելու մոլուցքն էր, Նիցշեի դեպքում՝ մարդուն իշխանամոլության կամք վերագրելով, իսկ Մարքսի դեպքում՝ դասակարգային պայքարով պրոլետարիատի դիկտատուրա հաստատելով:

Նիցշեն գերմարդ էր կերտում և գովերգում՝ համոզելով՝ «դու վերցրու՝ ինչ ուզում ես, մի սպասիր, որ Աստված տա»: Մարքսն իր հերթին՝ հիմնավորում էր. «Աստված չի տա, մենք քեզ կտանք, ինչ ճիշտ կհամարենք»:

«Աստված մեռել է»՝ հրճվում էր Նիցշեն, «Աստված չկա»՝ պնդում էր Մարքսը: «Սիրիր ինքդ քեզ»՝ գայթակղում էր գերմանացին, «Սերը սուտ է»՝ փրփրում էր հրեան: Նիցշեն դժգոհում էր. «Չափից շատ ես մտածում, մա՛րդ», Մարքսը՝ ստորացնում. «Կեցությունդ է որոշում գիտակցությունդ»: Նիցշեն քրիստոնեությունը համարում էր «ստրկական բարոյագիտություն», իսկ Մարքսը՝ իշխող դասակարգերի հորինվածք՝ այլոց իշխելու համար:

Սակայն, չնայած լրջագույն ինտելեկտուալ աշխատանքին և ազդեցիկ գայթակղությանը, թե 19-րդ, թե 20-րդ դարերում ո՛չ Նիցշեն, ո՛չ Մարքսը չկարողացան առանձին-առանձին հաղթել Քրիստոսին, թեպետ անողոք պայքար մղեցին և պատմության զոհասեղանին տասնյակ-միլիոնավոր մարդկանց մատաղ արեցին մարդկությանն իշխելու համար:

Եվ ահա այս կարճ պատմական էքսկուրսից հետո եկանք-հասանք մեր օրեր, երբ Աստծո դեմ մղվող մշտական պայքարը նոր, ավելի ստոր և խորամանկ դրսևորումներ ստացավ:

Նիցշեն պարտվեց, որովհետև նրա ուսմունքն ընտրյալների համար էր, և, ի տարբերություն քրիստոնեության՝ չէր կարող բոլորինը լինել:

Մարքսը պարտվեց, որովհետև բանվորն էլ էր մարդ, և չմարդակերպ զանգված դառնալու հեռանկարն այդքան էլ գայթակղիչ հեռանկար չէր:

Իրական լիբերալիզմը խժռած և մահացածի դիվային դիմակն իրենց վրա՝ որպես նոր լիբերալներ, հագած ուժերը 21-րդ դարում դիմեցին մի պարադոքսալ հնարքի. խաչասերեցին Նիցշեին Մարքսի հետ, և ստացված մուտանտին բաց թողեցին մարդկության վրա՝ մեդիաներով, կինոարտադրությամբ, երգարվեստով, գրականությամբ և մասս-կուլտուրայի այլ հասանելի ուղիներով:

Աստծո, հետևաբար՝ մարդու դեմ պայքարող այս նոր հիբրիդը չունի Նիցշեի և Մարքսի սահմանափակվածությունն ու թերությունները: Մարքշեիզմը (աշխատանքային անուն դնենք) միաժամանակ և՛ մարդկությունից անդեմ զանգված սարքող, սպառողականությամբ լիցքավորված բլենդեր է, և՛ արհեստական, երկրորդական, անարժեք տարբերություններով օրվա «գերմարդ» կերտող մեքենա:

Եվ սա է մարդու դեմ լարած այս նոր թակարդի գաղտնիքը. Քեզ համոզում են, որ դու «օրիգինալ» ես, «յուրահատուկ» ես, «անհատականություն» ես, այնինչ իրականում՝ անդեմ, կառավարելի, կախյալ զանգված:

Անգամ համաշխարհային նոր տենդի նշաններ ցուցադրող սեռափոխության գովազդը ոչ թե կոնկրետ մարդկանց օգնելու բժշկագիտական միջոց է, այլ Աստծո դեմ պայքարում՝ հաղթարշավ:

Սոցիալական ինժեներիայի այս նոր զենքի իմաստը, կրկնեմ, իշխանությունն է: Բոլոր այն երկրները, որտեղ այդ ուժերն ազդեցիկ են կամ իշխանական, իրենց իշխանությունից անգամ մեկ միլիմետր չեն զիջի, այդ թվում՝ տարածքային իմաստով: Սակայն նույն Հայաստանում, որտեղ իշխող ռեժիմը վերը նկարագրված մարքշեիզմի լոկալ դիստրիբյուտորն է, մեզ ստիպում են անել այն, ինչ իրենք կտրականապես մերժում են. հրաժարվել ոչ միայն Աստծուց, այլև սեփական տարածքում իշխանություն ունենալուց (Հայրենիք և տարածքներ զիջելով):

Ուստի Նիկոլի միջոցով մեզ միաժամանակ զրկում են և՛ Հայրենիքից, և՛ Աստծուց, և ահա սա, իրոք, աննախադեպ է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031