JAMnews. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները՝ ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքի փորձից:
Կլաարն իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի նոյեմբերից, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կանցնի նոր աշխատանքի՝ որպես Ուզբեկստանում ԵՄ դեսպան:
–Իսկ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո։
-Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:
Կարդացեք նաև
Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով:
Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև:
Տեղահանված արցախահայերի մասին
–Ո՞րն է Ձեր վերջնական մոտեցումը այժմ Հայաստանում գտնվող տեղահանված արցախահայերի մասին, որոնցից շատերը դեռ հույս ունեն մի օր վերադառնալ տուն։
-Կրկին հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:
ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:
Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:
Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:
Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:
Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:
Ազատազրկվածների և անհայտ կորածների մասին
–Կարո՞ղ եք մանրամասնել մարդասիրական հարցերի կարևորությունը կայուն խաղաղության համար մինչ այս պահը:
Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհայտ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են:
ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ փորձառություններից մեկը 2021 թվականի վերջին Ադրբեջանի գերությունից տասը հայ զինվորների ազատ արձակումն էր: Ես հպարտ էի, որ ԵՄ-ն կարողացավ օգնել այդ ժամանակ և որ ես անձամբ կարողացա ուղեկցել այդ նախկին գերիներին, երբ նրանք 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Բաքվից հայրենադարձվեցին Երևան:
Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար:
Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: