Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Օգոստոս 05,2024 11:11

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին (լուսանկարում) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը։

Հիշեցնենք, որ խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ դատավոր Դոլմազյանի կայացրած որոշման մասին է, որ կալանավայրից ԱԺ գնալու ճանապարհին կարող է երկու ժամով տեսակցել մորը։ Կալանքի տակ գտնվող Տոնոյանը նախորդ տարի մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների հարցերին։ Վահե Դոլմազյանը նաեւ որոշել էր, որ Դավիթ Տոնոյանն այդ նիստին պետք է մասնակցեր առանց ձեռնաշղթաների։

Ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի խախտումներ՝ կարճաժամկետ մեկնում թույլատրելու մասին որոշման շրջանակներում, ինչը հանգեցրել է դատավորի վարքագծի խախտման: Սակայն, ԲԴԽ-ն եկել է այն եզրահանգման, որ դատավորի կողմից չեն օգտագործվել այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարող են դատավարական խախտում բնորոշվել. «Ավելին, դատավորի կողմից կարճաժամկետ մեկնում տրամադրելիս՝ դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաեւ ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը, չի հակասել միջնորդության մեջ նշված իրավակարգավորումների էությանը»:

Ըստ ԲԴԽ-ի՝ Վահե Դոլմազյանի արարքը չի կարող վարկաբեկել դատական իշխանությունը եւ այդ իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնել, ինչպես իր միջնորդության մեջ Գրիգոր Մինասյանն էր նշել:

Որոշման հրապարակումից հետո, Վահե Դոլմազյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ տպավորություն չստացա՞ք, որ շոուի մաս եք, ասաց. «Եթե կարծում եք, որ ԲԴԽ-ն կամ դատական համակարգն այնքան ազատ ժամանակ ունի, որ նման՝ ձեր գնահատմամբ, շոուներ բեմադրեն, ապա, կարծում եմ, որ չարաչար սխալվում եք»:

Խնդիրն այն է, որ Վահե Դոլմազյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավորն է, եւ նրա դեմ կարգապահական վարույթի միջնորդությունը շատերի մոտ կարծիք ստեղծեց, որ իշխանությունը փորձում է արդարադատության բեմադրություններով հանդես գալ՝ նաեւ յուրային դատավորներին իբրեւ պատժելու տպավորություններ ստեղծել: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանավորված է:

Լրագրողի մեկ այլ դիտարկման, որ այլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ կիրառվել են, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն խնայեց, Վահե Դոլմազյանը պատասխանեց. «Գործի հանգամանքները իրարից շատ տարբեր են»:

Խոսքն այս դեպքում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի մասին է. ԲԴԽ-ն որոշեց, որ դատավորը չի կարողացել գործի պատշաճ քննություն իրականացնել, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Մինչդեռ, պաշտպանական կողմի պնդմամբ՝ Աննա Դանիբեկյանի ապօրինի որոշումների արդյունքում է Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ ազատությունից զրկված եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031