Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ: Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից:
«Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան: Դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
«Կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսում ենք, որ մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաները հարյուր տոկոսով ներգրավված կլինեն նախադպրոցական կրթությունում: Այս ծրագիրը իրականացվում է ոչ միայն պետության, այլև Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- ընդգծում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Նախակրթարանները 4-6 տարեկան երեխաների համար են: 4-ժամյա ծրագիրը մանկապարտեզների ավագ խմբերին համապատասխան է՝ առանց սննդի ու քնի կազմակերպման: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 30 երեխա: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տարածքների առանձնահատկությունը, մանկապարտեզների առկայությունն ու ծանրաբեռնվածությունը:
Կարդացեք նաև
Նոր բացվող նախակրթարաններ ընդունվելու համար պետք է ներկայանալ համապատասխան դպրոց և գրանցվել: Տեղերի առկայության պարագայում գրանցումը հնարավոր է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում, սակայն, հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելու հանգամանքը, ցանկացողները պետք է շտապեն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարան