«Առավոտի» զրուցակիցը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն է։
-Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի ունեցավ հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Ի՞նչ ցույց տվեցին հանդիպման արդյունքները, հայ-թուրքական սահմանի բացում հնարավո՞ր է։
– Սահմանի բացում չի ակնկալվում, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա կնքված խաղաղության պայմանագիր։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման-սահմանազատման աշխատանքներն են անգամ շատ դժվար ընթանում։ Ադրբեջանի պաշտոնյաներն օրերս հայտարարել են, որ խաղաղության պայմանագիրն արդեն սեղանի վրա է, բայց Ադրբեջանի պահանջները լիովին չեն կատարվել։ Իսկ եթե Ադրբեջանի պահանջները չեն կատարվել, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի կնքման մասին խոսելը դեռ վաղ է։ Ադրբեջանի պահանջները գիտենք՝ պահանջում է Հայաստանի տարածքով միջանցք, պահանջում է Հայաստանի ներքին տարածքները։ Եթե պայմանագիրը կնքվի, Ադրբեջանում կա «մեծ վերադարձի» ծրագիրը, Ադրբեջանը դնում է ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի հարցը։
-Այսինքն՝ թուրքական կողմը նախապայմաններից չի հրաժարվո՞ւմ, եթե Ադրբեջանի պահանջները կատարված չեն, հարաբերությունների հաստատում, սահմանի բացում չի կարող լինել։
Կարդացեք նաև
-Թուրքիան ոչ մի քայլի չի գնա։ Թուրքերը համարում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումն ավելի շատ օգուտ է Հայաստանին, քան Թուրքիային։ Իրականում, իհարկե, սահմանի բացումը երկկողմանի շահավետ է։ Այլ հարց է, որ Թուրքիան ասում է՝ քանի դեռ Ադրբեջանը չի կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ոչ մի սահմանի բացում չի լինելու։ Ենթադրենք սահմանը բացվեց, դա դեռ չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն։ Ընդհակառակը, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու։ Արդեն դրվելու է Հայաստանում հակաթուրքականությունն օրենքով մերժելու հարցը։ 1915 թվականի դեպքերի համար պահանջելու են ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի դեպքերը եւ տա համապատասխան եզրակացություն, որով այդ թեման ընդմիշտ դրվելու է դարակում եւ փակվելու է։
-Այսինքն՝ նախապայմաններից մեկը նաեւ Ցեղասպանության հարցը փակելն է, այդպե՞ս է։
-Այո, Ցեղասպանության հարցը պահանջելու են փակել, ո՞նց եք պատկերացնում հայ-թուրքական հարաբերություններ եւ Ցեղասպանություն։ Դա անհամատեղելի է, թուրքական պատկերացումների մեջ չի մտնում հարաբերվել մի երկրի հետ, որտեղ իրենց մեղադրում են Ցեղասպանության մեջ։
-Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Այսինքն՝ երկաթուղին գործարկելո՞ւ են։
-Ոչ, դա չի նշանակում երկաթուղու բացում։ Չեմ կարծում, որ այդպիսի հապշտապ հայտարարություններ պետք է անել, քանի որ նման փոքր քայլերով հարաբերություններ չեն կարգավորում։ Ի՞նչ է նշանակում՝ գնալ հանդիպման ու որոշել ինչ-որ հատվածում երկաթուղու հարց քննարկել։ Երկաթուղին շատ համալիր կառուցվածք է, չես կարող միայն մեկ կողմից բացել։ Ո՞վ է ասել, որ ինչ-որ գյուղով անցնող երկաթուղին պիտի բացվի, իսկ մնացած երկաթուղիները չպետք է բացվեն, դա ծա՞ղր է։ Նաեւ հայտարարել էին, որ Մարգարայի ու Անիի կամուրջները վերանորոգվել են, բայց եթե սահմանները բացված չեն, ի՞նչ կամուրջի վերանորոգման մասին է խոսքը։ Սահմանները պիտի բացվեն, հետո նոր այդ գործընթացները լինեն։ Մեկ կամուրջ վերանորոգելով՝ սահմանի բացմանը չեն պատրաստվում։ Նաեւ հայտարարվել է, որ սահմանը փորձում են բացել ինչ-որ երրորդ երկրների քաղաքացիների համար, անորոշ ձեւակերպում է, դա ուղղակի ծաղր է։ Դա հենց ծաղր է թուրքական կողմից, քանի որ Թուրքիան գոհ չէ։ Թուրքիան գոհ կլինի միայն այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական համաձայնագիր կկնքվի։ Այսինքն՝ թուրքերն արդյունք են ուզում։
Օրերս թուրքական զբոսաշրջային ընկերության պաշտոնյաներից մեկը եկել էր Հայաստան, տեղի զբոսաշրջային ընկերությունների հետ բանակցություններ էր վարում՝ զբոսաշրջության նպատակով մեծ քանակությամբ խմբեր Հայաստան բերելու համար։ Արդեն հայտեր ունենք զբոսաշրջային ոլորտում, որ սահմանի բացման դեպքում Թուրքիայից մեծ քանակությամբ զբոսաշրջիկների հոսք է սպասվում Հայաստան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.08.2024