«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելեց Շիրակի մարզ: Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղի Սուրբ Թադևոս Առաքյալի եկեղեցու բակում նա հանդիպեց տեղի բնակիչների հետ:
«Եկել ենք պատվով, ընդունողը կընդունի, չընդունողը մի օր կգա, կհասկանա, թե ինչ էր չընդունեց»,- համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը:
Նա հավաքված մարդկանց ասաց, որ ընտրություն կատարելու ժամանակն է. «Ընտրություն պիտի կատարենք՝ կա՛մ պատիվ ունենք, կա՛մ չունենք, կա՛մ հայրենիք ունենք, կա՛մ չունենք: Կա՛մ ապրելու, արարելու զգացում ունեք, կա՛մ չունեք, կա՛մ ուզում եք կեղծիքի ու ստի մեջ ապրեք, կա՛մ ոչ: Ընտրության հարց է, ամեն մեկը պատասխան է տալու նաեւ այդ ընտրության համար: Նեռը մտել է մեր, ձեր բոլորի տներ, դրա համար ոչ մեկի հոգին հանդարտ ու խաղաղ չէ: Սրա մասին պետք է մտածել»:
Կարդացեք նաև
Հետո Բագրատ սրբազանն ասաց, որ մեկ ամսվա մեջ իշխանությունները ահռելի գումար են ծախսել տեղեկատվական դաշտում մարդկանց ահաբեկելու համար. «Պատկերացնո՞ւմ եք՝ 50 միլիոնն այս համայնքին տրվեր, ինչ կլիներ: 50 միլիոն մեկ ամսվա ընթացքում միայն տեղեկատվական դաշտում ահաբեկության համար: Մնացած բաները, որ ծախսել են, չեմ ասում: Էդ որտեղի՞ց, բյուջեի՞ց, չեմ կարծում:
Որտեղի՞ց են ծախսել, վարկերի՞ց, էն վիվառոների՞ց, թե՞ դրսից: Ամեն մեկը թող մտածի՝ որտեղից է եղել»:
Նրա խոսքով՝ մեզնից այսօր խլված է հայրենիք ու պատիվ գաղափարները. «Մենք այս պայքարը սկսել ենք, որ ստախոսին ասենք՝ դու ստախոս ես, վախկոտ ես:
Եթե մարդիկ կան, որ ուզում են՝ իրենց զորավարը վախկոտ լինի, ուրեմն նրանք էլ նրանից պակաս չեն: Մեր զորավարը մեր Տերն է՝ հաղթանակած Աստված, ոչ մի փոքրամարմին նեռ ու ստախոս չի կարող լինել: Դրա արհավիրքը, եթե ոմանք չեն պատկերացրել, շատերը զգացել ու տեսել են իրենց ընտանիքներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ