Նախշուն Ավագյանը ձեռքի աշխատանքների հանդեպ հետաքրքրություն ունի ծնված օրվանից՝ ծնվել ու մեծացել է արվեստասերների ընտանիքում։
«Ծնվել եմ Ստեփանակերտում։ Ավարտել Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Մասնագիտությամբ դիզայներ եմ։ Զբաղվում եմ ձեռագործությամբ փոքր տարիքից։ Դպրոցական տարիքում աշխատանքներս ներկայացվում էին Շուշիում կազմակերպվող տարբեր ցուցահանդես-վաճառքների ժամանակ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Նախշունը։
Սեփական անունն էլ որոշակի կրճատումով դարձրել է իր ստեղծած ապրանքանիշի անվանումը՝ «ՆԱԽՇ»։ 2020 թվականի պատերազմից հետո վերադառնալով Արցախ՝ նա իր զբաղմունքը դարձրեց կայուն բիզնես․ այն մանկահասակ երեխաների մայրիկի համար դարձավ որոշակի եկամտի աղբյուր։
«Պատերազմի ժամանակ Հայաստանում երեք տղաներիս հետ կամավորություն էի անում, որոնցից մեկի ժամանակ հրավեր ստացա տոնավաճառների մասնակցելու, իմ արտադրանքը ներկայացնելու համար։ Քանի որ այդ պահին նոր կտոր գնելու հնարավորություն չունեի՝ աշխատանքներս պատրաստում էի կարի փոքրիկ արտադրամասերում եղած կտորների մնացուկներով։ Այդպես կամաց-կամաց և շրջապատ եմ ձեռք բերել, նոր ծանոթություններ և վերջնական որոշել անելիքս։ Ընթացքում կարողանում էի գումար հավաքել, ու Արցախ հետ վերադառնալուց առաջ կարի մեքենա գնեցի»,- նշում է Նախշուն Ավագյանը։ Հենց այդ կարի մեքենան Նախշունն առաջինը տեղավորեց իրենց մեքենայի մեջ՝ բռնագաղթից առաջ։
Կարդացեք նաև
«Ընտանիքս մեծ էր, մեքենան՝ փոքր, և շատ բան չէինք կարող այնտեղ տեղավորել։ Կարի մեքենան իմ և իմ ընտանիքի մի կտոր հացի գումարը վաստակելու միջոց է ու պատմություն ունեցող ամենաթանկ ապրանքս»։
Ոչ միայն նյութական, այլև կյանքին իմաստ տվող ամեն ինչ են թողել ծննդավայրում՝ ասում է։ Անցյալ, ներկա ու երազանքներ …
«Բայց մի բան հետս բերեցի … Այն ուժը, որն ինձ կօգնի բարձր պահել Արցախի ու արցախցու անունը: Այն, որ ես արցախցի եմ, մեծ պատիվ է, ու ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեմ, որ ինչքան էլ դժվարին լինեն ժամանակները, մենք չհանձնվող տեսակ ենք»։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում