Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են նեղսրտում գյումրեցու ուրախությունից, ի՞նչ կապ ունի «Ֆեստիվառը» «Վառեմ-մարեմի» շենքի հետ»․ Դավիթ Առուշանյան

Օգոստոս 03,2024 22:38

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Զբոսաշրջությունը Գյումրիում զարգանո՞ւմ, թե՞ անկում է ապրում» թեմայով քննարկման ժամանակ Aravot.am-ը որպես բանախոս հրավիրված ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց այս քաղաքի զբոսաշրջության այցեքարտը դարձած «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի»  շենքի վերակառուցման ծրագրի ընթացքի մասին։

Հիշեցնենք, որ այս շենքի վերանորոգմամբ հետաքրքրված է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը դիմել է ինչպես Գյումրու քաղաքային իշխանությանը, այնպես էլ ԿԳՄՍ նախարարությանը։ Փլուզման եզրին հայտնված այս հուշարձան-շենքի հետագա ճակատագրի շուրջ 4 ամիս առաջ պատգամավորը քննարկում էր կազմակերպել գյումրեցի Պետրոսյան եղբայրների, քանդակագործ Սամվել Պետրոսյանի, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի մասնակցությամբ։

Դավիթ Առուշանյանն ասաց, որ գործընթացը թղթաբանական փուլում է, նախագիծ է պատրաստվում, որպեսզի շրջանառվի մյուս գերատեսչություններով, քանի որ այն տրամադրված է եղել այլ հիմնադրամի, որը Պոլիտեխնիկական համալսարանի  հետ համատեղ կառուցելու էր այդ շենքը, սակայն չի իրագործել։ Այժմ, ըստ պատգամավորի, պետք է հին որոշումը չեղարկվի, նոր որոշմամբ հատկացվի «Տաշիր» հիմնադրամին, որպեսզի կարողանա հիմնովին վերակառուցել շենքը։ Թե ինչ ժամկետում այս ամենը կլինի, պատգամավորը չի կարող ասել։

Շենքը երբեք չի մասնավորեցվելու, վարձով չի տրվելու, այնտեղ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն է տեղափոխվելու։

Aravot.am-ի դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում առ այն, որ 83 միլիոն դրամ Թաթայի համերգի վրա ծախսելու փոխարեն կարելի էր այս գումարն ուղղել «Վառեմ-մարեմի» շենքի փրկությանը, որը պատմամշակութային հարստություն է և որն ավելի շատ զբոսաշրջիկների է բերում Գյումրի, քան  մեկօրյա «Ֆեստիվառն է», պատգամավորը պատասխանեց․ «Շնորհակալություն, որ հիշեցրեցիք քննադատությունները։ Հնարավոր չէր «Ֆեստիվառը» չանել, թեև հնարավոր է ամեն ինչ էլ չանել, ուղղակի ապրել բնականոն կյանքով, աշխատել, ուղղակի աշխատավարձ ստանալ, գնալ խանութ, ծախսել այդ գումարը, հետո վերադառնալ տուն, առավոտ նորից գնալ աշխատանքի։

Հնարավոր է ամեն ինչ էլ չանել, բայց «Ֆեստիվառն» արդյո՞ք Գյումրուն անհրաժեշտ չէ։ Գյումրու համար «Ֆեստիվառը» պարտադիր էր ու «Վառեմ-մարեմի» շենքը կապել «Ֆեստիվառի» հետ, «Ֆեստիվառը» կապել այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ, կապել սահմանային իրադարձություների հետ․․․

Ես չեմ հասկանում այն մարդկանց հոգին, մտածելակերպը, որոնք շատ նեղսրտում են երկար տարիների չարչարված, աղետ տեսած գյումրեցու ուրախությունից։

Այդ մարդկանց չարության չափը չեմ հասկանում իրականում, որովհետև Գյումրի օր օրի վեր է հառնում, հերիք է Գյումրին տառապի, Գյումրին լա,Գյումրին քանդվի, Գյումրի լինի աղետի գոտի։

Չէ՛, Գյումրին զարգացող, Գյումրին ուրախ, առաջ գնացող քաղաք է ու «Ֆեստիվառներն» ավելի շատ պիտի լինեն, ուրախությունն ամեն օր պիտի լինի Գյումրիում։ Ու դա չի նշանակում, թե գյումրեցին չի մտածում կիրանցի բնակչի մասին, գյումրեցին չի մտածում Արցախի իր քույրերի ու եղբայրների մասին։ Չէ, մտածում է, Գյումրիում Արցախից եկած մեր քույրերն ու եղբայրներ են բնակվում, նրանց երեխաները գյումրեցի երեխաների հետ դպրոցներ են գնում, նրանք գյումրեցիների հետ ապրում ու  աշխատում են, ու իրենք էլ նրանց հետ այդ օրն ուրախանում էին։

Հերիք է, սաղով զարմացել էին, հա՞, թե Գյումրին ինչու է այսպես ուրախացել, ինձ թվում է՝ բոլորը պիտի ուրախանային, որ գյումրեցին այսպես ուրախացել է»։

Պատգամավորը  նշեց, եթե «Վառեմ-մարեմի» շենքի վրա շինաշխատանքներ չեն ընթանում, դա չի նշանակում, որ այն մոռացվածության է մատնված։

Հիմա արդեն ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն նախագիծը սարքել է և շրջանառության մեջ է դրել, կառավարությունը որոշում կկայացնի, մասնավորը կվերակառուցի։

«Եթե ասում են՝ կարելի է «Ֆեստիվառ» չանել, այդ շենքը կառուցել, ես էլ  կարող եմ ասել, որ Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կարելի է մի փողոց պակաս ասֆալտապատել, այդ շենքը կառուցել ։ Շատ այլ բաներ կարելի է Գյումրիում պակաս անել՝ համայնքային իշխանությունների ու այլ կառույցների կողմից, այդ շենքը կառուցել, միայն կառավարության վրա չթողնել»,-ասաց պատգամավորը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031