Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չնայած բանավոր հավաստիացումներին, Թուրքիան ամենայն հավանականությամբ կձգձգի հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ և նորանոր պայմաններ առաջ կքաշի». Արմեն Բաղդասարյան

Օգոստոս 03,2024 19:29

Ըստ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի՝ ավելի քան երկու տարի ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպեցին, քանի որ Անկարան արևմտյան որոշակի ճնշումների ներքո փորձում է Արևմուտքին ապացուցել, որ անում է իրենից կախված ամեն ինչ Արևմուտքի՝ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու ծրագիրն իրագործելու համար։ 

Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից

Մեզ հետ զրուցելիս նա ասաց. «Արևմուտքի հիմնական նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից և Հարավային Կովկասը ներառել «անվտանգային ընդհանուր համակարգում», հնարավոր չէ առանց Թուրքիայի ակտիվ աջակցության։ Արևմուտքից որոշակի ճնշումներ կան նաև Թուրքիայի վրա։ Եվ ահա Թուրքիան երկամյա ընդմիջումից հետո այդպիսի քայլ է անում՝ ցույց տալու համար, որ իրենից կախված ամեն ինչ անում է Արևմուտքի ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով»։

Հանդիպումը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում

Այս համատեքստում մեկնաբանն անդրադարձավ նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին։ Բաղդասարյանը չի բացառում, որ այս կերպ Անկարան փորձում էր նաև «իր տեղը ցույց տալ» Բաքվին։

«Գուցե Թուրքիան հասկացնում է, որ եթե էական դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում, ուրեմն կարող է նաև այդ հաղթանակից իր փայաբաժինը ստանալ առանց Ադրբեջանի համաձայնության։ Ի վերջո՝ Թուրքիայի և Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից 100 տոկոսով նույնական չեն։ Ադրբեջանի համար Հայաստանը կամ «հայկական ռևանշիզմը» լուրջ սպառնալիք է, որովհետև եթե ոչ մոտ ապագայում, ապա 5-10-15 տարի անց Հայաստանը կարող է վերականգնել դիրքերն ու փորձել վերադարձնել կորցրածի գոնե մի մասը, մինչդեռ Թուրքիայի համար Հայաստանը սպառնալիք չէ, երբևէ չի եղել ու ապագայում էլ հազիվ թե լինի։ Թուրքիայի համար սպառնալիք կամ ավելի ճիշտ՝ «մեծ գլխացավանք» է հայկական սփյուռքը, Ցեղասպանության հարցը, որովհետև դա ոչ միայն ծանր խարան է այդ երկրի ճակատին, այլև ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր ուժային բևեռների հնարավորություն է տալիս դա օգտագործել որպես մահակ Թուրքիայի դեմ։ Հետևաբար՝ Ադրբեջանի համար առաջնահերթություն է խաղաղության համաձայնագրով մեկառմիշտ բացառել «հայկական ռևանշիզմի» ցանկացած հնարավորություն, իսկ Թուրքիայի առաջնահերթությունը Ցեղասպանության հարցը մեկառմիշտ փակելն է»։

Առաջին հանդիպումը սահմանին

Հարցրինք նաև՝ հատկանշակա՞ն է փաստը, որ հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե երրորդ երկրում, այլև երկու երկրների պետական սահմանին։

«Այն, որ այս անգամ հանդիպումը կայացել է ոչ թե երրորդ երկրում, այլ հայ-թուրքական սահմանին, չի նշանակում, թե որևէ «երրորդ երկիր» դրանում մասնակցություն չի ունեցել։ Վերջին հաշվով՝ դա ոչ միայն հայ-թուրքական սահման է, այլև սահման ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որն, ի դեպ, հսկում են «երրորդ երկրի» սահմանապահները։ Կհաջողվի՞ արդյոք երբևէ բացել այդ սահմանը՝ այնպես, ինչպես դա պատկերացնում են Հայաստանի իշխանությունները և «միջին միջանցքի» ջատագովները։ Երևի միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ առնվազն ռուս սահմանապահները հետևեն «Զվարթնոց» օդանավակայանի իրենց գործընկերների օրինակին»։

Արցախի հանգամանքը

Արմեն Բաղդասարյանը եզրափակեց՝ շեշտելով Արցախի հանգամանքի դերը հայ-թուրքական բանակցություններում։

«Քանի դեռ խաղաղության համաձայնագիր չկա՝ այդ հարցը (Արցախյան հարցը — խմբ.) վերջնականապես լուծված համարել չի կարելի։ Այո, Արցախը չկա, բայց Ձեր ասած «Արցախի հանգամանքը» կա, և Ադրբեջանում, ի դեպ, գիտակցում են դա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը, բնականաբար, պիտի փորձի պարտված Հայաստանից ավելին ստանալ, քան կակնկալեր 44-օրյա պատերազմից առաջ։ Հետևաբար՝ չնայած բանավոր հավաստիացումներին, Թուրքիան ամենայն հավանականությամբ կձգձգի հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ և նորանոր պայմաններ առաջ կքաշի, եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն։

Համատեքստ

Հուլիսի 30-ին կայացավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին 2022-ի հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այս անգամ դիվանագետները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ ԱԺ փոխնախագահն ու թուրք դեսպանը պայմանավորվել են «տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։

Վերահաստատվել է հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031