Սրբազան շարժման մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք այցի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է․ «Այն մարդիկ, ովքեր հավաքվել են Սրբազան պայքարի շուրջ, ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներն են։ Այս շարժումն էլ ուղղված է երկիրն ազատագրելուն։ Մեր երկիրն օկուպացված է օկուպացիոն ռեժիմի կողմից, և մենք մեր երկրում ո՛չ ապահով ենք զգում մեզ, ո՛չ էլ արժանապատիվ»։
«Երկու օր առաջ մեր արցախցի հայրենակցին ծեծի ու ջարդի են ենթարկել միայն մի բանի համար, որ ինքն արցախցի է։ Սա առաջին դեպքը չէ։ Նաև շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ։
Մինչև օրս տարբեր մարդկանց, ովքեր ըմբոստանում են, սոցիալական նպաստներից զրկում են։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը թողնել առանց հայերի։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան այս երկրից։ Դրա ցցուն օրինակը պարեկների կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված մեր արցախցի եղբայրն է»։