Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք: Բնակիչների հետ հանդիմանը Բագրատ սրբազանը, մասնավորապես, ասել է․
«Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»։
«Այն մաղձը, որ նեռն անընդհատ կուտակել է մեր մեջ, պետք է մաքրել և ճիշտ ճանապարհով հասնել մեր երկրի վերականգնմանը։ Սա մեր պայքարի տրամաբանությունն է։ Սա զուտ քաղաքական թեմայով փողոց դուրս եկած մարդկանց շահերը սպասարկելու շարժում չէ, այլ քաղաքակրթական պայքար է, իսկ քաղաքական բաղադրիչն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչն է, բայց մեծ խոչընդոտը։ Իշխանափոխություն չի դա, այլ նեռին պարտության մատնելն է, ազատագրվելն է, ազգային նկարագիրը վերադարձնելն է, պետությունը վերականգնելն է»։
«Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը։ Մենք բոլորս գործիքներ ենք թե՛ Աստծո, թե՛ մեր պատմության ձեռքին։ Իմ ամբողջ զգացումը, ապրումն այն է, որ երբ Աստված կանչի՝ հեռանալու այս կյանքից, ասեմ՝ Տեր Աստված, ինչ որ տվել ես ինձ, ավելիով Քեզ եմ վերադարձնում։ Օրհնված գնամ այս կյանքից, ոչ թե նզովված, խեղճ վիճակում․ ուրիշ մտածում այս կյանքում չունեմ ես»։
Կարդացեք նաև
«Մենք ընտրել ենք շատ դժվար ու բարդ, բայց հասնելու ճանապարհը։ Դժվար ու բարդ է, որովհետև աշխարհաքաղաքական ուժերին թույլ չենք տվել գնալ ու ինչ-որ բան մուրալ մեզ համար։ Եթե լինելու են հարաբերություններ, ուրեմն լինելու են արժանապատիվ։ Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ։ Այսօր եթե գնացինք որևէ տեղ որևէ բան խնդրելու, վաղը պատասխան ենք տալու դրա համար՝ ինչպես այս նեռը և իր որդիները»։