Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունների 5-րդ հանդիպումը:
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե ինչպես և երբ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները և ինչ արդյունքների են հասել կողմերը մինչ օրս։
Հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունը ակտիվացել է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջին անգամ խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից։ Նա, մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց, որ Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։
Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Կարդացեք նաև
Դեռևս 2021 թվականի նոյեմբերին պաշտոնական Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հենց Մոսկվայում 2022 թվականի հունվարի 14-ին։
Ըստ երկու երկրների ԱԳՆ տարածած հայտարարությունների՝ առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց «նախնական մտքերն էին փոխանակել» հայ-թուրքական երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել էին շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
2023 թ․ նոյեմբերին, 6 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո, երկկողմ հարաբերությունների կարգավորմանը գործնականություն հաղորդելու ակնկալիքով հայկական կողմն ավարտեց հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումը։
Վարչապետ Փաշինյանը 2024 թ․ հուլիսի 26-ին՝ 5-րդ հանդիպումից օրեր առաջ, Մարգարայի անցակետում շրջայց էր կատարել, որի ընթացում վարչապետին զեկուցվել էր 1 մլրդ դրամ արժեցած ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին։
Չնայած Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում, բայց 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ հենց հիմնանորոգված անցակետում։
Հուլիսի 30-ի հանդիպմանը կողմերը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։
Ուշագրավ է, որ նախկինում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների մասին հաղորդագրություններում երբեք չէր նշվել երկաթգծի մասին: Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում է գտնվում Գյումրի-Կարս երկաթգծի անցակետը, որը Հայաստանի և Թուրքիայի միջև անցակետն էր մինչև Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի փակումը 1993 թվականին։
Այսպիսով, Ռուբինյան-Քըլըչ 5-րդ հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հայտարարություններից դատելով՝ առայժմ հայտնի չէ՝ երբ և ինչ պայմաններում կբացվի հայ-թուրքական սահմանը, և ընդհանրապես՝ կբացվի՞ արդյոք, թե՞ ոչ։
Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում