Սոյն թուականի Յունիս 22-ին Հանքաւանում տեղի ունեցած «Ն» կուսակցութեան հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մեր հազարամեայ պատմութեան մէջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախօսութիւնը կարող է դառնալ պետական գաղափարախօսութիւն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել: Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծուած իրենց որդեգրած գաղափարախօսութիւնները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, յաճախ պարտադրել են պետական, վարչական լծակներով, նոյնիսկ` բռնի ուժով»: Այնուհետեւ նա շարունակում է. «ժողովրդի ուղերձն իր էլիտարներին եւ կառավարող մեծամասնութեանը հետեւեալն է` կարո՞ղ էք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապէս լաւ ապրենք: Այսինքն, ոչ թէ ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պէտք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դէպի վերեւ կամ ներքեւ, կարո՞ղ էք ստեղծել միջավայր, որ պարզապէս ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանաւանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք` պետութիւնը»:
Ըստ Հայաստանի այսօրուայ ղեկավարի` հայոց հազարակամեակների պատմութեան ընթացքում սեփական քաղաքական էլիտաների եւ արտաքին ուժերի պարտադրանքով հայ ժողովուրդն անիմաստ պայքարել ու տառապել է եւ առաջին անգամ այսօրուայ «հայ էլիտա»-ի քաղաքական առաջնորդութեամբ սխալը կարող է շտկուել: Առաջնորդող ուժի քաղաքական առաքելութիւնն է իր «Իրական Հայաստան»-ի գաղափարախօսութիւնը դարձնել պետական գաղափարախօսութիւն` դրանով իրականացնելով ժողովրդի ցանկութիւնը. ̀ չպայքարել, չմաքառել, պարզապէս ապրել, ապրել լաւ, բարեկեցիկ եւ երեխեքը լինեն երջանիկ:
Մեր պատմութեան մէջ նոյնը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ բոլշեւիկա-ատրպէյճանական սրերի վրայ Հայաստանում իշխանութեան բերուած հեղկոմը սխալ համարեց եւ մերժեց հայ ժողովրդի ապրած ողջ պատմութիւնը, ցեղասպանուած ժողովուրդը եւ նրան առաջնորդող ուժերը մեղադրուեցին պայքարելու եւ տառապելու համար եւ բարեկամ հռչակուած երէկուայ ցեղասպաններին, հայրենիքի մեծ տարածքներ զիջելու դիմաց ժողովրդին խոստացան խաղաղ կեանք ու եղբայրութիւն:
Միւս կողմից ներկայացւում է, թէ արտաքին ուժերի ցանկութիւնն էր, որ հայ ժողովուրդը տառապի, իսկ իրենք գան եւ փրկեն հայութեանը: Հարիւր տարի առաջ բոլշեւիկների հայ դրածոների ներկայացմամբ կեղծ փրկիչներն էին միջազգային իմպերիալիստները, իսկ ներկայիս արեւմտեան դրածոների բնութագրմամբ այդ դերում Ռուսաստանն է:
Կարդացեք նաև
Շատ նման չե՞ն իրար այս մտածողութիւնն ու հարիւրամեակի հեռաւորութեամբ կրկնուած քաղաքական գործընթացները:
Ժողովրդի ինքնապաշտպանութեան գիտակցութիւնն ու կամքը կոտրելու, հայրենի տարածքները յանձնելու, թշնամու ցանկացած այլ պահանջները կատարելու դիմաց այսօրուայ իշխանութիւնը վաղը հոտի վերածուող զանգուածներին խոստանում է խաղաղ ուտելու եւ բազմանալու հնարաւորութիւնը: Այսօրուայ խառնակ աշխարհում բոլորը պայքարի մէջ են իրենց ունեցածը պահպանելու, ուրիշների ունեցածը խլելու համար, իսկ Հայաստանի ղեկավարութիւնն հպարտ է ու գոհ իրենից որ երկիրը տանում է դէպի նորանոր պարտութիւնների եւ ազգային ապագայի խորտակման:
Կասկած չի կարող լինել, որ նման ապազգային մտածողութիւնն ու գործունէութիւնը պայմանաւորուած է միայն արտաքին թելադրանքով: Արտաքին ուժերի նիւթական, քարոզչա-քաղաքական աջակցութիւնը վճռորոշ եղաւ 2018 թուականին Հայաստանում իրականացուած գունաւոր յեղափոխութեան ժամանակ եւ գնալով աւելի ակնյայտ է դառնում ներկայումս: Օտարերկրեայ գործակալներն ու «խորհրդականներըէ այսօր վխտում են Հայաստանի իշխանական միջանցքներում, պաշտօնական զանազան հաստատութիւններում, երկրի վտանգուած սահմաններին: Հաշուարկելով, թէ իրեն անհրաժեշտ է յաղթահարել ռուսական ազդեցութիւնը, Հայաստանի իշխանութիւնը վերջինիս հակադրելու համար երկրի դռները լայնօրէն բացեց Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Չկարողանալով յաղթահարել Ռուսաստանի առարկայական ազդեցութիւնը տնտեսական, էներգետիկ եւ այլ գործօնների պատճառով, միւս կողմից խորացնելով կախուածութիւնը հակառակ բեւեռից` Հայաստանի ղեկավարն ու նրա բախտախնդիր թիմը ոչ միայն դարձան այս երկուսի միջեւ մանեւրող խամաճիկներ, այլեւ երկիրը վերածեցին անկայունութեան օջախի, որտեղ գնալով սրուելու է զանազան ուժերի մրցակցութիւնը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» թերթի այս համարում