Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային հետախուզումը վերացվել է։
Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։
«Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի նախարարություն՝ հստակեցնելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ Ղուկասյանի նկատմամբ վերացվել է միջազգային քրեական հետախուզումը, և եթե վերացվել է, ապա ի՞նչ հիմքով։
Սակայն ՆԳՆ-ից նախընտրել են լռել՝ թաքնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հետևում։ Մասնավորապես, վկայակոչելով նույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, տեղեկացնում են, որ «տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա»։
Կարդացեք նաև
Այնուհետև, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել են․ «․․․տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։
«Ձեր կողմից հայցվող տեղեկությունները պարունակում են Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք առանց այդ անձանց գրավոր համաձայնության տրամադրման ենթակա չեն»,- նշվում է ՆԳՆ նամակում։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում