Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գերիների» փոխանակումը՝ առաջ եւ հիմա

Օգոստոս 03,2024 10:00

Ժամանակին հայտնի խորհրդային ֆիլմ կար՝ «Մեռյալ սեզոն», որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս լիտվացի տաղանդավոր դերասան Դոնատաս Բանիոնիսը: Ֆիլմի վերջում Բանիոնիսի հերոսը՝ խորհրդային տապալված լրտեսը, փոխանակվում է ամերիկացի տապալված լրտեսի հետ: Այդ սյուժեն ուներ փաստական հիմք՝ ԱՄՆ ԿՀՎ-ի եւ խորհրդային  ՊԱԿ-ի միջեւ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում նման փոխանակումներ:

«Սառը պատերազմի» ժամանակ այդպիսի միջոցառումներ կազմակերպվում էին նաեւ քաղաքական մակարդակով: 1976 թվականին Չիլիում ազատազրկված այդ երկրի կոմունիստական կուսակցության ղեկավար Լուիս Կարվալանը փոխանակվել էր Խորհրդային Միությունում հետապնդվող այլախոհ Վլադիմիր Բուկովսկու հետ:

Մի դեպքում լրտեսը լրտեսի դիմաց, մյուս դեպքում՝ խոսքը երկու քաղաքական գործիչների մասին է, ինչպես էլ վերաբերվենք նրանց հայացքներին:

Բայց վերջերս տեղի ունեցավ փոխանակում, որը նախորդների նման չէր:  Ռուսաստանն ազատ է արձակել եւ արեւմտյան կողմին է փոխանցել, մասնավորապես, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ Իլյա Յաշինին, Վլադիմիր Կարա-Մուրզային, Ալսու Կուրմաշեւային, Էվան Գերշկովիչին, որոնք բացի ինչ-որ  «սխալ» բան ասելուց կամ գրելուց, որեւէ «մեղք» չեն գործել: Իսկ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Ռուսաստանին են փոխանցել լրտեսների, հաքերների, ինչպես նաեւ մարդասպանության համար Գերմանիայում դատապարտված Վադիմ Կրասիկովին: Ի դեպ, այն ձեւը, թե ինչպես էր Պուտինը դիմավորում մարդասպանին, հիշեցրեց Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին դիմավորելու «արարողությունը»:

Գործարքի վերաբերյալ բանակցությունները վարվում էին վաղուց: Ըստ որոշ լուրերի, այդ գործընթացի արդյունքում կարող էր ազատություն ստանալ նաեւ Ալեքսեյ Նավալնին: Բայց նա հեռացավ կյանքից: Շատ հնարավոր է՝ ոչ պատահաբար:

…Մենք էլ Բաքվի բանտում ունենք առնվազն երկու տասնյակից ավելի գերիներ՝ թշնամո՛ւ բանտում: Հայաստանի իշխանությունը, մեղմ ասած, խանդավառ չէ՝ նրանց ազատ արձակելու հարցում: Փոխանակելու ադրբեջանցի էլ, հավանաբար, չունենք: Ի դեպ, Արցախի նախկին ղեկավարներից Ալիեւի «զնդանում» հայտնվել են բացառապես այն մարդիկ, որոնք Հայաստանում կարող են Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել: Կարծում եմ, նույնպես՝ ոչ պատահաբար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ ճիշդ է այն, ինչ որ երեւում է, որ՝ Ալիեւի «զնդանը» հին ժամանակներու, մարմնային չարչարանքների վայրերից չէ (գոնէ ոչ այս, հռչակաւոր գերիների պարագային…), ապա, որոշ տեսանկիւնէ մը դիտուած, նրանց բանտարկութիւնը այդտեղ, այդքան ալ նեղացուցիչ բան մը չէ: Եթէ չչափազանցուի դրա տեւողութիւնը…

    Վերջապէս, ի պաշտօնէ, Արցախի այդ ղեկավարները, առաջին ու առաջնակարգ, անմիջական գիծի պատասխանատւութիւնը կը կրեն՝ Արցախի բնակչութեան վիճակուած անասելի Աղէտին:

    Նամանաւանդ, Փաշինյանի սպասարկու՝ Արայիկ Հարությունյանի պարագային: Որուն յատկապէս հասնում է, այս բանտարկութիւնը:

    Այլապէս, ասոնք ալ իրենց մորթին վրայ որեւէ հետեւանք պիտի չկրէին, իրենց տուեալ պատասխանատւութեան համար:

    Տարոսը, շատ ուրիշների: Նախընտրաբար հայկական բանտերու մէջ, անշուշտ:

    Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Կը ցաւիմ սակայն նախապէս կուսակցական եւ ընդմիշտ անձնական ընկերոջս համար, յանձինս Դաւիթ Իշխանյանը: Նա մաքրամաքուր դաշնակցական տեսակից է, իսկապէս լաւ մարդ մը, որ պարզապէս զոհուեցաւ:

    Իսկ խեղճ Ռուբէն Վարդանյանի այժմու վիճակին աններելի յանցաւորը՝ այդ Փութին կոչեցեալն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031