Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատություն, աչքաչափ եւ պրոֆեսիոնալիզմ կամ «Ա՛ռ ամեն մարդուց նրա կարծիքը, դատողությունդ քեզ համար պահիր». Շեքսպիր

Օգոստոս 03,2024 12:00

Եկավ օգոստոսը: Թատրոնները եւ ոչ միայն թատրոնները, այլեւ բոլոր մշակութային օջախները եւ բազմաթիվ հումանիտար հաստատություններ ու կրթահամակարգեր անցնում են հանգստի ու աջ ու ձախ տեսանելի է` հատկապես համացանցում, թե ինչ հրաշալի ու բազմաթիվ լուսանկարներ են տեղադրվում ծովերից, հանգստյան գոտիներից ու արձակուրդային ժամանցային ակցիաներից: Բայց այդ հանգիստը խիստ հարաբերական է, քանի որ հենց այդ «սեզոնին» են սկսվում թատրոնների կամ համերգային կոլեկտիվների հյուրախաղային շրջագայությունները, պրոֆեսիոնալ լեզվով ասված` գաստրոլները: Սա մշակութային բացարձակապես այլ կյանք է, որը ամենից սպասվածն է մշակութային օջախների կյանքում, սակայն դա  գրեթե անհնար է զուգակցել ամենօրյա աշխատանքին ու աշխարհի բոլոր ստեղծագործական կոլեկտիվները սպասում են «թափառական» օգոստոսին: Կամ «գաստրոլ» կամ հանգիստ: Օրինակ, Երեւանի Օպերային թատրոնում օգոստոսի 6-18-ը կկայանան «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի հյուրախաղերը: Կներկայացվեն համաշխարհային բալետային գրականության ընտիր էջերից «Շոպենիանա», «Կարմեն», «Մարդուկ-ջարդուկ» եւ «Կարապի լիճ» ներկայացումները:


Ի դեպ հայտնենք, որ «Առավոտ» օրաթերթը նույնպես օգտվում է ազատ արձակուրդի իր իրավունքից եւ ինչպես հատուկ է մեկ միասնական գործով աշխատող համակարգերին, մենք եւս ստեղծագործական կոլելտիվների նման, միասին ենք գնում հանգստի եւ միասին էլ կվերադառնանք ամենօրյա աշխատանքի: Բայց քանի դեռ չենք գնացել ու օգոստոսը արդեն սկսվել է, ազատ հարաբերությունների եւ հատկապես ազատ կարծիքի ու ազատ գնահատման մասին մի քանի ազատ, բայց խիստ դատողություններ կիսենք մեր  ընթերցողների հետ:

Արդյո՞ք մարդ պիտի ազատ լինի իր գնահատումների մեջ, թե՞ ավելի լավ է իր սահմաններն իմանա, որոնք կարծես բարոյական ազատության ավելի մեծ իրավունք են տալիս մարդուն, քան ինչ մտածում է, այն ասի, կամ, ժողովրդի ասած` «ինչ խելքին բրդի`լեզվի վրա լինի»: Եկեք սա էլ տեսնենք ու հանգիստ գնանք հանգստի: Ի վերջո տարածված խոսքը կա, որ կարգապահությունը ավելի մեծ ազատություն է տալիս, քան անօրեն գործողությունը: Տեսնենք, թե դա ինչպես է գործում մշակույթում: Ազատ խոսքի հասարակություններում, ամեն մարդ իրավունք ունի ամեն ինչի վերաբերյալ իր կարծիքն ասելու, պնդելու կամ առաջ տանելու: Ինչ խոսք, մի կողմից դա իսկապես հասարակության ազատականացման լուրջ նվաճում է, սակայն մյուս կողմից, նույն ժողովրդի ասած, «թաց ու չոր» իրար են խառնվում, արդյունքում ստեղծվում է այնպիսի խառնափնթոր խառնաշփոթ, որ գրեթե ոչ ոք չի կարողանում «ճիշտ ու սխալը», «լավ ու վատը» իրարից տարբերել կամ ցանկացած արժեքավոր երեւույթի փոքր ի շատե լուրջ գնահատական տալ: Եվ գնահատման այդ ազատ շրջապտույտի մեջ գլխավոր կռվանը «իմ կարծիքը ունենալու» իրավունքն է եւ`դարձյալ ժողովրդի ասած. «որի տված օգուտը, մինչեւ ծնկներն է, վնասը` մինչեւ կոկորդը»:

Մշակույթի ոլորտում, այդ «տենդենց» կոչված միտումը ամենից ցայտուն է դրսեւորվում, երբ «ամեն մարդու համար» ասում են «ամեն կինոյում խաղացող»` դերասան է, «ամեն երգող մարդ»` երգիչ է, «ամեն «շախով» պարող»` պարող է, «ամեն լավ ծիծաղացնող էլ»` արտիստ է: Սա, այսպես ասած, ազատ քաղաքացիների մտքերի կամ ոչ մասնագետ մտքերի համար է: Սակայն նույն «արտիստական» երեւույթները «անհավատալիորեն» խիստ տարբեր ոլորտներ են մասնագետ անձանց համար, մասնագետ, այսինքն մարդիկ կամ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է բեմին, երգին, պարին կամ հանրությանը զվարճացնելուն եւ անչափ վիրավորական է, երբ բեմի դերասանին համեմատում են կինոյի ինչ-որ դրվագում «փողոցից բռնած մեկին նկարվածի» հետ, մեծ բեմում երգող երգչին համեմատում են «իրենց հավանած» «շախով» երգչի հետ, եւ նման դառն եւ բազում համեմատություններ: Այս տեսակի գնահատականները անընդունելի են մասնագետների համար, եւ դա այն դեպքում, երբ պրոֆեսիոնալը հասկանում է, որ օրինակ` «կինոյի մարդը» բեմում երբեք չի կարող խաղալ, խնջույքի երգիչը բեմից չի կարող երգել, նրան իսկի բեմին մոտ չեն թողնի, որ «աշխարհի ամենալավ պարող տղան» պրոֆեսիոնալ բեմում «քարկապ կընկնի» ու նրա քար կտրած անշարժ մարմինը «բեմից մի կերպ դուրս կտանեն», ու նման անհամեմատելի երեւույթներ, որ «ազատ հասարակությունը» ոչ մի կերպ չի հասկանում: Չի հասկանում նաեւ, որ չափազանց խիստ է վիրավորում իր սիրած մասնագետին, երբ համեմատում է «թացը չորի» հետ: Այդպես, օրինակ, հենց պրոֆեսիոնալ երգիչների մեջ այնքան մեծ տարբերություններ եւ նրբություններ կան, որ խիստ տարբերվում են իրարից այնպիսի գերպրոֆսեիոնալ ասպարեզներ, ինչպիսիք են օպերայի երգչախմբի երգիչներին ներկայացվող պահանջները եւ ակադեմիական մեծ երգչախմբին ներկայացվող պահանջները, որոնք երկու դեպքում էլ գտնվելով երգչախմբային արվեստի գագաթում, սակայն ամեն դեպքում օպերայի երգչախմբի երգիչը կարող է հանդես գալ «կապելլայում», բայց ամենաբարձր կարգի երգիչը չի կարող հանդես գալ օպերայի երգչախմբում, քանի որ բացի կատարյալ երգեցողությունից, պետք է կարողանալ նաեւ բարձրակարգ արտիստական խաղի դերասանի վարպետությանը տիրապետել, որն ամեն մարդու բան չի, էլ չենք խոսում այն մասին, որ որեւէ «երգող մարդ» կարող է «երբեւէ մուտք ունենալ» պրոֆեսիոնալ բեմ: Անհնար է: Նույն կերպ` չափազանց տարբեր են ստեղծագործական կոլեկտիվների ղեկավարները եւ նրանց ներկայացվող շատ ու շատ ավելի բարդ պահանջները, ովքեր պիտի կարողանան տաղանդավորներից ավելի տաղանդավոր լինել, կամ ղեկավարել հանրության կողմից սիրված իսկապես ամենաբարձրագույն տաղանդներին: Երեւի թե «երկու խոսք» ասելուց հետո, շատերի համար է պարզ, որ այդ բարձրագույն խմբերին ղեկավարող մարդիկ չափազանց քիչ են, միշտ հազվագյուտ մարդիկ են, ամենաքիչ երեւացողն են, ամենաքիչ հայտնին են եւ   իրենք, միշտ` փնտրված են ու չգտնված, միշտ` ավելի բարձրակարգ, քան ամենաբարձրակարգ արտիստները: Երեւի թե արդեն պարզ է, որ ամեն մարդու ազատ կարծիքը ոչ միայն ծիծաղելի է, այլեւ խիստ վիրավորական է, եւ պետք է ազատ մարդիկ իմանան, որ իրենց «աչքաչափով» տրված գնահատականը երբեք ընդունելի չի, եւ երբեք ընդունելի չի լինի պրոֆեսիոնալների համար: Եվ պետք է բոլորն իմանան, փոքրից մինչեւ մեծ, որ որեւէ երեւույթի միակ ճիշտ գնահատական կարող է տալ միայն  այդ ոլորտում գործող պրոֆեսիոնալը: Սա «աքսիոմա» է: Մնացած ամեն ինչը աչքաչափ է, ասել է թե պարզապես անլուրջ է, նույնիսկ` ծիծաղելի:

Ինչպես հանճարեղ Շեքսպիրը կասեր «Համլետ»-ում` «Ա՛ռ ամեն մարդուց նրա կարծիքը, դատողությունդ քեզ համար պահիր»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031