«Ազատություն». Բաքուն Փարիզից վերստին պահանջում է ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի ընթացքում ֆրանսիացի մեկնաբանի հայտարարության կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն ներողություն է հայցել Բաքվից France2 հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերի համար, նույնը պահանջելով նաև Ֆրանսիայի իշխանություններից։
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում, երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել է, թե «հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է»։ Ֆրանսիացի մեկնաբանը նաև հիշեցրել է, որ անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, քանի որ Ղարաբաղն անցել է ադրբեջանական բանակի ձեռքը:
«Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր ներողություն հայցի, և պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում այլևս չկրկնվեն», – Հաջիզադեի հայտարարությունն է մեջբերում ադրբեջանական APA գործակալությունը։
Կարդացեք նաև