Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին չբացատրե՞մ, չասե՞մ՝ տղա ջան, ցավդ տանեմ, Հայաստանն է կործանվելու, Լուկաշենկոն էշ-էշ խոսում ա, դու պտի նեղանա՞ս». Բագրատյանի ցուցմունքը

Օգոստոս 02,2024 22:35

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին հարցաքննության ժամանակ Բագրատյանն ասաց. «Ես լեզվաբան չեմ, վերացնել բառը 10 իմաստ ունի: Դա փոխաբերական բառ է, բառարմատը «վերեւ տանելն է»:

Բագրատյանը Թումանյանից մեջբերում արեց՝ «Վեհացնում է ու վերացնում իմ հոգին տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր» ու բացատրեց. «Սա վատ բան չի: Մենք ինտելեկտուալ մարդիկ ենք, գիտության թեկնածուներ ու դոկտորներ, բառը գիտենք օգտագործել: Իմ ելույթը սկսում է ոստիկաններին շնորհակալություն հայտնելով, խոսում եմ այն մասին, որ պիտի հասնենք այդ մարդու հեռացմանը»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։ Բագրատյանն ասաց, որ իր ելույթից մի ամիս հետո Փաշինյանը «լկտիաբար» հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Դատավորը հորդորեց այդպիսի բառեր չասել, Բագրատյանն ասաց, որ ոչնչացվել է մեր հայկական պետությունը:

Պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ Բագրատյանը էմոցիոնալ ելույթ է ունենում, բայց օրենքով արգելված որեւէ խոսք չի ասել: Ըստ Բագրատյանի, դա քաղաքական խոսք է, որովհետեւ սա քաղաքական դատ է, ավելին՝ դատավորին դիմելով՝ ասաց. «Կգա օր, որ մենք կհանդիպենք իրար, ձեզ հետ հաստատ կհանդիպենք ու դուք կասեք, որ սա քաղաքական դատ էր»:

Բագրատյանը դատարանում ասաց, որ երբ հավաքին ասել է վերացրեք այդ մարդուն, նկատի է ունեցել իշխանությունը վերացրեք, որովհետեւ «Նիկոլ Փաշինյանը անձ չէ, իշխանություն է». «Ես տնտեսագետ եմ, 8 երկրի պրոֆեսոր, բայց երբեք դերասան չեմ եղել, այստեղ դերասանություն չեմ անելու: Ես Նիկոլ Փաշինյանի հետ եղել եմ մի խմբակցությունից պատգամավոր, ցավում եմ, որ իրան շեղեցին, ինքը չհասկացավ, թե երկրի անվտանգության համակարգը ինչ բան է: Ցավում եմ: Բա հիմա վարչապետ է, չբացատրե՞մ, չասե՞մ՝ տղա ջան, ընկեր ջան, ցավդ տանեմ, երկրի անվտանգության համակարգը կործանվելու է, Ղարաբաղն ես կործանել, հիմա Հայաստանն ես կործանելու, մտի անվտանգության որեւէ համակարգ: Հենց այնպես դուրս ես գալիս՝ նեղանալով: Լուկաշենկոն էշ-էշ խոսում ա, հետո՞, դու պտի նեղանա՞ս: Բա մե՞նք: Էս է խնդիրը, պատվարժան դատարան»:

Բագրատյանը դատարանում պնդեց, որ Փաշինյանի հետ հազար անգամ հաց է կերել ու նրան ֆիզիկապես ոչնչացնելու կոչ չէր անի, պարզապես Փաշինյանը ընկել է ազդեցության տակ ու չի կարողանում դուրս գալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031