Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Այսօրվա իշխանությունը բառիս բուն իմաստով իրականացնում է թուրքական քաղաքականության հարճի դերակատարում եւ նպատակ ունի վաճառել Հայաստանի Հանրապետությունը»

Օգոստոս 02,2024 21:33

«Ես չեմ զլանա ու այս անգամ էլ կկրկնեմ, որ Հայաստանի այսօրվա ոչ հայկական կառավարությունը, պարզապես քաղաքական հարճի դեր է կատարում Թուրքիայի առջեւ: Այսինքն, նպատակ ունի ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին՝ հանուն աթոռները երկար պահելու, հանուն Հայաստանի վերջնական կործանման: Առնվազն 2021 թվականից հետո կառավարման երեք տարիները ցույց են տալիս, որ այսօրվա իշխանության նպատակը ոչ թե ՀՀ անվտանգությունը, զարգացումը, հարեւան եւ այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունների աճն ապահովելն է եւ միջազգային հանրության շրջանում Հայաստանի դերի բարձրացումը, այլ տարբեր գումարների հաշվին Հայաստանի պետականության վաճառք իրականացնելը»,-ասաց թուրքագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա հայ-թուրքական սահմանը բացելու օրակարգով օրերս կայացած Սերդար Քըլիչ-Ռուբեն Ռուբինյան հանդիպմանը:

«Որպեսզի ասածս պաթոս չլինի, անչափ պարզ օրինակ բերեմ: 1990-ականներին, երբ ղարաբաղյան շարժումն սկսվել էր, թուրքական կողմը տարբեր միջոցներով օգնում էր Ադրբեջանին հայերի դեպ կռվել: Եվ հասկանալով, որ Ադրբեջանը ունի թե մարդկային, թե այլ ռեսուրսների մեծ կորուստ, եւ հայկական կողմը ազատագրում է իր պատմական հողերը, որոշեց Հայաստանի հետ սահմանը փակել: Ինչո՞ւ: Որովհետեւ ակնհայտ էր, որ կարիք կա հայկական կողմին տնտեսական բլոկադայի մեջ պահելու, կարիք կա Հայաստանին ծնկի բերելու, եւ դրա լավագույն միջոցը սահմանները միակողմանի փակելն էր:

Երբ կողմերը խոսում են սահմանները բացելու մասին, դա պետք է լինի մեկ պայմանի պարագայում: Երբ որ կա երկկողմանի սահմանները փակ պահելու վիճակ: Այսինքն, երկու պետությունները հայտարարել եւ սահմանները փակ պահելու քայլեր են ձեռնարկել:

Հիմա եթե 90-ականներին, երբ թուրքական կողմը սահմանները փակում է հանուն իր փոքր եղբայր Ադրբեջանի, իսկ հայկական կողմից սահմանները փակելու, Թուրքիայի հետ բաց սահման չունենալու մասով մինչեւ 2018 թվականը ոչ մի հայտարարություն չի եղել, ինչի՞ մասին է հիմա խոսքը, որ այս մի հոգին գնացել է սահմանի մոտ ու ինչ-որ գումարներով, մեր հարկերի հաշվին որոշում է, որ սահման պետք է բացի: Եվ դա այն պարագայում, որ հայկական կողմը մինչեւ 2018 թվականը, մինչեւ այս իշխանությունը, սահման փակելու նախաձեռնողը չի եղել: Միակողմանի են ճանապարհները փակվել: Եվ հիմա մեծ գումարները իմ համոզմամբ, իմ փորձագիտական գնահատմամբ խոսում են Հայաստանի պետականության վաճառքի մասին, որի նախնական նվազագույն սահմանը մեկ միլիարդ դրամն է:

Հիմա հարց: Շատ մարդիկ, որ օր ու գիշեր աշխատում են օրվա հացը վաստակելու համար, պետք է հարկ վճարեն սրանց, որ սրանք էլ գնան, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը բացե՞ն, այն էլ մեկ միլիարդ նախնական գումարո՞վ:

Ես այլեւս երկար ժամանակ չեմ կասկածում, թե գուցե սրանք անտեղյակ են, տգետ են տհաս են: Ես առնվազն 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո ունեմ հստակ ձեւակերպված միանշանակ մեկ կարծիք. սրանք բառիս բուն իմաստով իրականացնում են թուրքական քաղաքականության հարճի դերակատարում: Այսինքն, նպատակ ունեն վաճառել Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031