Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի դատը վերածվեց լեզվաբանության դասի. Դիլբարյանը դատախազին համոզեց, որ «վերացրեք այդ մարդուն»՝ նշանակում է վեր բարձրացրեք Փաշինյանին

Օգոստոս 02,2024 21:21

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին հարցաքննվեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Հարցին՝ հավաքի ելույթների բովանդակությունը քննարկվե՞լ է, նա պատասխանեց, որ ելույթ ունեցողներն իրենք էին որոշում՝ ինչ ձեւաչափով խոսել ու ինչն է ընդունելի իրենց համար, ինչը՝ ոչ ընդունելի. «Եթե մենք ունենք օրակարգ ու ասում ենք, որ այդ օրակարգին պետք է լինեք համապատասխան, ելույթներն էլ դրան պետք է համապատասխանեն, ուրեմն այդպես էլ պետք է լիներ»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Արամ Սարգսյանը նշեց, որ հավաքի նպատակն էր հանրությանը ներկայացնել Փաշինյանի, կառավարության թերությունները, բացթողումները:

Դատախազը հարցրեց՝ պարոն Բագրատյանը ի՞նքը չի որոշել ինչ պետք է խոսի, իրեն ինչ-որ մեկը այդ տեքստը տվե՞լ է՝ Սարգսյանը պատասխանեց. «Դուք սխալ հասկացաք, մենք որոշում ենք օրակարգային հարցը եւ ամեն ելույթ ունեցողն իր պատկերացմամբ է ներկայացնում, թե ինչպիսի ելույթ կունենա: Մենք հո չե՞նք գրում թղթի վրա, ասում՝ սրանից բացի ուրիշ բան չասես»:

Դատախազը հարցրեց՝ Բագրատյանի խոսքը՝ «վերացրեք այդ մարդուն», ի՞նչ կարող է նշանակել: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Կոնտեքստը այն է, որ այս քաղաքականությունն ընդունելի չէ եւ այս քաղաքականությունը փոխելու համար անհրաժեշտ է, որ այս մարդը այլեւս իշխանություն չլինի»: Նա ասաց, որ բառարանում ուսումնասիրել են վերացնել բառը. «Դա նշանակում է փոխել, տեղափոխել, բայց ոչ թե ֆիզիկական վերացնել, ինչպես դուք եք ուզում ինձ հրամցնել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ այդ հավաքից մեկուկես տարի է անցել, ժողովուրդն ու իրենք խաղաղ գնացել են տուն, որեւէ գործողություն չեն արել, ուստի անհասկանալի է, թե ինչ են հիմա քննում:

Հետո հարցաքննվեց շարժման անդամ` ՀԴԿ փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Նա հաստատեց, որ հավաքի ժամանակ, հավաքից հետո որեւէ մեկը բռնության կոչ չի հնչեցրել եւ ագրեսիվ տրամադրություն չի եղել: Նա, շեշտելով, որ լեզվաբան է, դատարանում ներկայացրեց «վերացնել» բայի իմաստները. «Ձեր ասած բացասական իմաստը՝ բռնությամբ վերացնել, արձանագրված չէ: Ասել է՝ ինչո՞ւ եք մեռնում, վերացրեք այդ մարդուն, նշանակում է՝ հեռացրեք, փոխաբերական իմաստով է: Ցանկացած ընդդիմադիր հանրահավաքի իմաստը այլընտրանքային իշխանություն առաջարկելն է, իսկ դա նշանակում է գործող իշխանության հեռացում: Նա կոչ է արել դուրս գալ ընկճվածությունից, դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում եւ միանալ անհնազանդության գործողություններին՝ սահմանադրական ճանապարհով»: Ավելին՝ Դիլբարյանը, կանխելով դատախազի հաջորդ հարցը, ասաց. «Եթե գնանք դեպի իմ մասնագիտության խորխորատները, վերացնել՝ նշանակում է վեր բարձրացնել»:

Դատախազը հարցրեց՝ չկա՞ տրամաբանական հակադրություն Բագրատյանի խոսքում, որ ինչի՞ եք դուք մեռնում, թող նա մեռնի: Դիլբարյանը պնդեց. «Դա դուք եք մեկնաբանում: Քաղաքական բառապաշարում մահվան սիմվոլիկա գոյություն չունի: Քաղաքական բառապաշարում մահ չկա, կա իշխանափոխություն: Վերացրեք այդ մարդուն՝ նշանակում է հեռացրեք նրան իշխանությունից»:

Դատական նիստը քիչ-քիչ վերածվեց լեզվաբանության դասի: Դատախազը հարցրեց՝ որպես լեզվաբան՝ գոյություն ունի՞ բառի իմաստ, ընկալում հասարակության շրջանում, որեւէ հասարակությունում այն կարո՞ղ է իր կոմունիկացիան ունենալ, այսինքն, իր առանձնահատուկ ընկալումը այդ հասարակության մեջ: Դիլբարյանը պատասխանեց. «Քանի որ մեր հանրահավաքը կայացել է հայախոս մարդկանց շրջանակում, ես կարծում եմ, որ հայախոս մարդիկ հիմնականում հասկանում են հայերենը՝ իր բազմազանությամբ: Բնականաբար, գոյություն ունի բառի իմաստ եւ բաղադրություն, այդ մարդիկ ի՞նչ պիտի հասկանային: Ես այդ մարդկանց շատ ուշադիր նայում էի, նրանցից ոչ մեկի մոտ ագրեսիվ վերելքներ չկային: Իհարկե, չեմ կարծում, որ բոլորը գնացել կարդացել էին Էդվարդ Աղայանի բառարանը  եւ տեսել են «վերացնել» բառի բոլոր իմաստները, որոնք 10-ից անցնում են, բայց իմ համեստ համոզմամբ՝ նրանք բոլորը հասկացել են այսպես՝ մի մեռեք, հեռացրեք այդ մարդուն իշխանությունից»: Դատախազը ճշտեց՝ լեզվաբանության մեջ «ինչի եք դուք մեռնում» արտահայտությանը հակադրվում է՝ «իշխանությունից վերացրե՞քը», թե՞ «ինքը թող մեռնի»:

Դիլբարյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ կենդանի լինել՝ նշանակում է գործողություն կատարել: Եթե դու ողջ ես, մեռած չես, գործողություն ես կատարում, այսինքն, մի գնացեք պասիվ հայեցողական եւ մեռեք, այլ գործողություն կատարեք: Իսկ գործողություն ի՞նչ է նշանակում՝ քաղաքացի՛, մասնակցեք միտինգներին եւ հասեք իշխանափոխության, հեռացրե՛ք այդ մարդուն»:

Դատախազը հարցաքննության վերջում հայտարարություն արեց՝ կառչելով այն արտահայտությունից, որ Դիլբարյանն ասել էր՝ Հրանտ Բագրատյանի հետ բարեկամական կապեր չունի, բայց գաղափարակից ընկերներ են: Դատախազն ասաց, որ վկայի ցուցմունքը ի պաշտպանություն Բագրատյանի է, անաչառ ցուցմունք չտվեց: Դիլբարյանն ի պատասխան խաչակնքվեց: Նա վերջում հայտարարեց. «Եթե համաձայնեի, որ Բագրատյանի ասածը բռնության կոչ է, ուրեմն ես կլինեի անաչա՞ռ, հա՞, եթե չեմ համաձայնվում, աչառո՞ւ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031