Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը». Գագիկ Մինասյան

Օգոստոս 02,2024 19:20

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը գրում է.

«Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմամբ իրենց հակառակ դիրքորոշումներով: Եթե Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանով դեպի Հնդկական օվկիանոս հասնող Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը, ապա հավաքական արևմուտքը փորձում է խափանել այդ ծրագրի իրականացումը կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները,  որոնցով անցնելու է այդ միջանցքը:

Նմանապես եթե հավաքական արևմուտքի համար  չափազանց կարևոր է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ու հարավային Կովկասով անցնող արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացումը ապա  Ռուսաստանը փորձում է խափանել դա, կամ  իր վերահսկողության տակ պահել այն երկրները,  որոնցով անցնելու է այդ միջանցքը:

Միաժամանակ էական առանձնահատկություններ ունեն Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումների կարևորությունները արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի և Հայաստանով ու Վրաստանով անցնող հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան միջանցքի իրականացման առումով քանի որ.

-արևելք-արևմուտք ծրագրի միջին միջանցքի իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն կամ Հայաստանի կամ Վրաստանի դրական վերաբերմունքը, իսկ այդ ծրագիրը խափանելու համար միաժամանակ և Հայաստանի և Վրաստանի ոչ դրական վերաբերմունքը,

-հյուսիս-հարավ ծրագրի արևմտյան ճյուղի իրականացման համար անհրաժեշտ է և Վրաստանի և Հայաստանի դրական վերաբերմունքը, իսկ խափանելու համար կամ Վրաստանի կամ Հայաստանի ոչ դրական վերաբերմունքը:

Այսինքն նշված ծրագրերի առումով իրենց նպատակները իրականացնելու համար եթե հավաքական արևմուտքին բավարար է կամ Վրաստանի կամ Հայաստանի պրոարևմտյան դիրքորոշումը, ապա Ռուսաստանին անհրաժեշտ է և Վրաստանի և Հայաստանի պրոռուսական դիրքորոշումը:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել