Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Փաշինյանի վախերը կապված են այն հարցի հետ, որ եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, ապա իշխանության մեջ իր մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնելու»

Օգոստոս 02,2024 18:02

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 19) առիթով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի արած հայտարարությանը, որով նա աշխարհի հայերին կոչ է անում համախմբվել եւ մեդիա արշավ սկսել այդ միջոցառման դեմ՝ նշելով, որ Բաքվում պահվող հայ գերիները ոչ թե գերի են, այլ ցեղասպանության զոհեր, ասաց. «Այո, Օկամպոն հայտարարել է, որ Բաքվում պետք է ամեն ինչ անել, որ օգտագործվի այդ համաժողովի հարթակը, որպեսզի միջազգային հանրությունը, այդ ֆորումի մասնակից երկրներն ու կազմակերպությունները Ադրբեջանին պարտադրեն անպայմանորեն վերադարձնել Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ նաեւ այն 23 հոգուն, որոնք 2020 թվականից հետո տարբեր պատճառներով գերի են ընկել: Պետք է անպայման հարց բարձրացվի անհետ կորած գերիների մասին, որոնցից 80-ի վերաբերյալ սկզբնական շրջանում ողջ լինելու մասին տեղեկություններ կային, բայց չգիտես ինչու ժամանակի ընթացքում նրանց մասին ընդհանրապես լռեցին եւ ոչ մեր իշխանությունները, ոչ Ադրբեջանը երբեւէ չեն խոսում: Անպայման նաեւ պետք է հարց բարձրացնել 200-ից ավելի, անգամ խոսվում է մինչեւ 320-ի մասին, անհետ կորած գերիների մասին:

Այս հարցերի շուրջ Օկամպոն, որը շատ ճանաչված եւ կարեւոր դեմք է միջազգային հանրության մեջ, հայտարարել է, որ անպայման պետք է բոլոր կազմակերպությունները այս հարցը բարձրացնեն Բաքվում: Բաքվի այդ հարթակը չի կարող անտեսել այս հարցը:

Այս հարցերի քննարկումը ահ ու սարսափ է բարձրացրել թե Ալիեւի առաջ եւ թե, իհարկե, Փաշինյանի առաջ:

Ինչու Ալիեւի առաջ: Որովհետեւ Ալիեւը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացվելու դեպքում ինքը ստիպված է լինելու քննարկել գերիների վերադարձի հարցը: Նա ստիպված է լինելու պատասխանել միջազգային հանրության իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականությանը վերաբերող հարցին, ստիպված է լինելու պատասխանել, թե ինչու են մինչեւ հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվել այնտեղ:

Ավելի մեծ սարսափների մեջ է Փաշինյանը: Նրա վախերը կապված են այն հարցի հետ, որ եթե հանկարծ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, ապա իշխանության մեջ իր մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնելու:

Փաստացիորեն այդ COP 29 համաժողովը լուրջ վախեր է առաջացրել թե Ալիեւի, թե Փաշինյանի մոտ: Բայց ամեն դեպքում սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք բոլորս, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր ենք դնել այս հարցը այն երկրի, կազմակերպության առաջ, որոնց ներկայացուցիչները պետք է նոյեմբերին հայտնվեն Բաքվի այդ համաժողովում: Եվ բոլորը միահամուռ պետք է պարտադրեն այդ կազմակերպություններին նման հարցի քննարկումը առաջնային հարթություն բերելու համար»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031