Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի: Այցի նպատակն էր ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում ծանոթանալ հուշարձանների ներկա վիճակին, քննարկել նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողությանն առնչվող խնդիրները:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցում 2024 թ․ ամրակայվում և նորոգվում են դեռևս տասնյակ տարիներ առաջ պեղումներից հայտնաբերված միջնադարյան կառույցների մնացորդներն ու պատերը։ Աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի, ամրակայված հատվածները կառնվեն ծածկի տակ։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Արձանագրվել է, որ նախորդ շրջայցից հետո շտկվել են շաղախի գույնի, լրացվող քարերի հետ կապված խնդիրները։
Նախարարի տեղակալի այցելված հաջորդ հուշարձանը 5-րդ դարով թվագրվող Փարպիի Ծիրանավոր եկեղեցին էր: Աշխատանքներն այստեղ սկսվել են 2023 թ․, ավարտը նախատեսված է 2025 թ․։ Մաքրվել է ամրոցի վերածված եկեղեցու տանիքը, վերականգնման աշխատանքներ են իրականացվել պատերի փլուզված հատվածներում, հատուկ բաղադրությամբ շաղախով՝ Իտալիայից ներկրված նյութերով ներարկումներ են կատարվել պատերի մեջ։
Երկու հուշարձաններում էլ նախարարության փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, տրվել են հանձնարարականներ շտկումների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքը գնահատվել է բավարար։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ