Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փախստական կանանց միայն 16%-ն է գտել իր հմտություններին համապատասխան աշխատանք՝ չնայած նրան, որ Արցախում կանանց զբաղվածության շեմը եղել է 60%․ զեկույց

Օգոստոս 02,2024 16:59

«Փախստական կանայք բախվել են բազմաթիվ մարտահրավերների՝ փորձելով կրել երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի աճող բեռը, միաժամանակ մաքառելով տնտեսական մասնակցության խոչընդոտների դեմ՝ պայմանավորված նոր միջավայրին անծանոթ լինելով, սահմանափակ սոցիալական կապերով, մշակութային ու լեզվական տարբերություններով»,-ամրագրված է «Անցումային գործընթաց․ գենդերային հավասարության, փախստականների ինտեգրման և սոցիալական համախմբման խթանումը ՀՀ-ում» փորձագիտական խորհրդակցության հաշվետվությունում։

Այն ներառում է մայիսի սկզբին անցկացված փորձագիտական ​​խորհրդատվությունների ժամանակ բարձրացված խնդիրները, որոնք ներկայացրել են կանանց գլխավորած և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Ըստ ՀՀ կառավարության՝ ռազմական գործողությունների հետևանքով 2023-ի սեպտեմբերին ՀՀ է ժամանել 115,183 փախստական, որից 52%-ը կանայք ու աղջիկներ։

2023-ի հոկտեմբերի ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Փախստականների համակարգման ֆորումի շրջանակներում հրատապ կերպով ստեղծել է Գենդերային աշխատանքային խումբ՝ նվիրված փախստականների կարիքներին արձագանքման հարցում գենդերային ուղղորդման (mainstreaming) առաջխաղացմանը և կանանց ու աղջիկների հզորացմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շարունակվող ճգնաժամի պատճառով առաջացած հոգեբանական տրավման իր հերթին ավելի է արգելակել արժանապատիվ աշխատանք գտնելու և համայնքային նախաձեռնություններում ներգրավվելու՝ կանանց կարողությունը․ «Փախստական կանանց զգալի մասը գլխավորում է իր տնային տնտեսությունը և ապավինում կառավարության տրամադրած մարդասիրական աջակցությանը՝ մասնավորապես կացարանով ապահովմանն ու դրամական օգնությանը»։

Զեկույցում նշված է՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջերս իրականացված կարիքների գնահատումը բացահայտել է, որ փախստական կանայք բախվում են լուրջ մարտահրավերների՝ հատկապես աշխատանքի տեղավորման հարցում: Հայաստանում փախստական կանանց միայն 16%-ն է գտել իր հմտություններին համապատասխան աշխատանք՝ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում կանանց զբաղվածության շեմը եղել է 60%: Սա առավել հրատապ է դարձնում աշխատաշուկայում գենդերային խզվածքը նվազեցնելու և կանանց տնտեսական հնարավորություններն ընդլայնելու կարիքը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ) արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա Գվենոլեն լը Կոստերը կարևորեց ընթացիկ մարդասիրական կարիքները բավարարելուն զուգահեռ՝ կայուն լուծումներին անցնելուն ռազմավարական համակարգում, խոցելի բնակչությանը շարունակական աջակցություն տրամադրելով հանդերձ՝ պատասխանատու ելք արտակարգ փուլից, թիրախային միջամտություններ բարձր ռիսկայնություն խմբերի՝ մասնավորապես փախստական կանանց ու աղջիկների համար՝ ապահովելու նրանց պաշտպանությունն ու հզորացումը։

Երկօրյա քննարկումների արդյունքում հրապարակված հաշվետվության մեջ առանձնացվել են մի շարք մարտահրավերներ։ Մասնավորապես այն, որ փախստական կանայք կարող են կորցնել իրենց կարգավիճակը, եթե անցնեն գրանցված աշխատանքի, քանի որ դա նրանցից հաճախ պահանջում է դառնալ Հայաստանի քաղաքացի․ քայլ, որը նրանք ներկայումս վարանում են կատարել, բացակայում են երեխայի խնամքի հասանելի ու մատչելի հնարավորություններ, թրաֆիքինգի և հետապնդումների նկատմամբ խոցելիության աճ, հմտությունների բացեր՝ hատկապես գենդերային բռնություն վերապրածների շրջանում, ինչն ազդում է աշխատանքի հեռանկարների վրա։

Փաստաթղթում մասնավորապես նշված է․ «Խտրականության փոխկապակցվածություն. փախստականի կարգավիճակը միախառնվում է առկա կողմնակալություններին: Շահագործող աշխատանքային պրակտիկաներ. խոցելի են գործատուների անարդար վերաբերմունքի հանդեպ: Կանանց սահմանափակ տնտեսական անկախություն, ինչը հարատև է դարձնում կախվածությունը: Սոցիալական դերերի անհավասար բաշխում գենդերային կարծրատիպերի հիմքով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031