ԱՄՆ Լիհայ համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը ՌԴ–ից Հայաստանի հետևողական հեռացման և Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունն անվանում է «անխոհեմ շրջադարձ»: Այն, ըստ քաղաքագետի, կունենա հեռուն գնացող հետևանքներ Հայաստանի համար, քանի որ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը վկայում է, որ Մոսկվան դժվար թե անվրդով խոնարհությամբ վերաբերվի այս զարգացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ VERELQ–ը զրուցել է Արման Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, The National interest-ում տպագրված Ձեր հոդվածում Հայաստան–Արևմուտք հարաբերությունների խորացումն անվանել եք` «Հայաստանի անխոհեմ շրջադարձն Արևմուտք»: Ինչո՞ւ: Այս հարցն ուղղում եմ այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունն Արևմուտքի հետ մերձեցման և ՌԴ–ից հեռանալու գործընթացը ներկայացնում է, որպես «ստիպողաբար» արված քայլ, քանի որ ՌԴ–ի տված անվտանգության երաշխիքները, ըստ ՀՀ իշխանության, չաշխատեցին:
-Դա ոչ այլ ինչ է, քան կեղծիքի ու կասկածելի ենթադրությունների վրա հիմնված պրոպագանդա։ Դա այն ստերից կամ լավագույն դեպքում կիսաճշմարտություններից է, որ ճշմարտության կարգավիճակ է ձեռք բերել, որովհետև ա) շատ կրկնվել է; բ) պատվերով հանրային կարծիք ձևավորող «վերլուծաբանների» ու «քաղաքագետների» մի ամբողջ բանակ է աշխատում դա կոնսենսուսային տեսակետի վերածելու ուղղությամբ։ Պետք է արժանին մատուցել այդ մարկանց, քանի որ նրանք բավականին լուրջ հաջողություններ են գրանցել այդ ուղղությամբ, բայց դրանից այդ պնդումները պակաս զավեշտական չեն դառնում։
Իսկ հիմա ըստ էության։ Ո՞ր երաշխիքների մասին է խոսքը։ Ռուսաստանը երբևէ երաշխի՞ք էր տվել, որ մեզ աջակցելու է 1994 թ.-ի զինադադարից հետո ստեղծված ստատուս քվոն սառեցնելու մեր մտադրության մեջ։ Երաշխի՞ք էր տվել, որ մեզ աջակցելու է անկախ մեր վարքագծից ու այն բանից, որ իրենց շահերը բացարձակապես չէին ենթադրում աջակցություն նման վարքագծին։ Չէր տվել։ Ճիշտ հակառակը։ Տարիներ շարունակ ռուսները մեզ ասել են, որ այդ ստատուս քվոն չի կարող հավերժացվել, ասել են անդադար ու առանց այլևայլության։ Մեզ առաջարկել են դե ֆակտո վերահսկողություն Արցախի ու Արցախը Հայաստանի հետ կապող տարածքների վրա իրենց երաշխիքով, բայց հորդորել են վերադարձնել 5 շրջանները։ Բանը հասավ նրան, որ ռուսները պատերազմից առաջ մեզ բաց տեքստով մեղադրեցին բանակցային գործընթացը տորպեդահարելու մեջ։ Առանց նրանց սպառնալիքների էլ շատ մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չէին հասկանալու համար, որ Ռուսաստանը բացարձակապես որևէ շահ չուներ մեզ անվերապահ աջակցություն ցույց տալու և ի դեմս Ադրբեջանի նոր Ուկրաինա կամ Վրաստան ստանալու։ Նրանց մերձեցումը Թուրքիայի հետ նույնպես պիտի ազդանշան լիներ մեզ համար, որ մենք չենք կարող Ռուսաստանից անվերապահ աջակցություն ակնկալել Արցախում ստատուս քվոն սառեցնելու հարցում։ Բազմաթիվ փաստեր կան նման զգուշացումների ու վերլուծությունների, այդ թվում առաջին նախագահի կողմից, սկսած 2016 թ.-ից։ Բայց հոգ չէ, մենք շարունակում ենք ազգովին ու համարյա միաձայն աղմկել ռուսների կողմից ինչ-որ գոյություն չունեցող պարտականությունների չկատարման, դավաճանության, մեր թիկունքում արված գործարքների մասին` որպես 2020 թ.-ի պատերազմի ու դրա կատաստրոֆիկ արդյունքի բացատրություն։ Սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական ու այսքան անհեթեթ չլիներ։
Կարդացեք նաև
Ես ուզում եմ նաև հետևյալ հարցը տալ երաշխիքների մասին նման պնդումներ անող մարդկանց. դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչով կավարտվեր 2020 թ.-ի պատերազմը, եթե ռուսները չկանգնեցնեին այն։ Սկանդինավյան խաղաղապահների տեղակայմա՞մբ։ Ֆրանսիական ավիացիայի կողմից Ադրբեջանի ստրատեգիական օբյեկտների ռմբակոծմա՞մբ։ Ինչո՞վ։ Ախր սա չի կարող բանական տարաձայնության առարկա լինել։ Այն, որ մեծ թվով մարդիկ այս ակնհայտ հարցի ակնհայտ պատասխանը չեն ուզում տեսնել ընդամենը խոսում է այն մասին, որ մեր քաղաքակրթության ու մշակույթի հետ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։
-Ձեզ կարող են հակադարձել հետևյալ թեզով` լավ ՌԴ–ն Արցախը պաշտպանելու դաշնակցային պարտավորություն չուներ, բայց չէ՞ որ 2022 թ.-ի աշնանը Ադրբեջանն արդեն խախտեց բուն Հայաստանի սահմանները, ինչը Ռուսաստանի ու ՀԱՊԿ–ի դաշնակցային պարտականությունների տիրույթում է։
-Ես դա շատ լավ գիտեմ։ Նախ սկսենք նրանից, որ այս հակահարվածը հավասարազոր է ընդունելուն, որ պատերազմի` ռուս-թուրքական գործարքի հետևանք լինելու, ռուսների կողմից մեզ դավաճանելու, իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու մասին պնդումները կառուցված են ավազի վրա։ Բայց այդ պնդումների հեղինակներն, իհարկե, դա չեն ընդունելու։ Նրանք նախընտրում են թեման փոխել։ Հիմա անդրադառնանք այդ հակահարվածին։ Պատերազմից հետո Ռուսաստանի վարքագծի մասին պնդումներ անող մարդիկ որևէ կերպ չեն ուզում անդրադառնալ այն փաստին, որ Փաշինյանի կառավարությունը զինադադար ստորագրելուց հետո ձեռնամուխ եղավ երեք գործընթացի` ա) պատերազմի ու դրա ելքի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա (ի թիվս այլ քավության նոխազների) ուշադրությունը Փաշինյանի խայտառակ դիվանագիտությունից շեղելու և նրան պատասխանատվությունից պատսպարելու ակնհայտ մտադրությամբ, իսկ դա չէր կարող չգրգռել ռուսներին; բ) ձգձգել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի զինադադարով ստանձնած պարտավորությունների կատարումը – պարտավորություններ, որոնց երաշխավորը Ռուսաստանն էր; 3) հատկապես Ուկրաինայում պատերազմի էսկալացիայից հետո Ադրբեջանի հետ բանակցությունների համար Արևմուտքում հարթակներ փնտրելն ու ընդհանրապես` երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելու ավելի ու ավելի տեսանելի դարձող քաղաքականության որդեգրումը։ Այնպես որ, գոնե ինձ համար բոլորովին ակնհայտ չէ այն ենթադրությունը, որ մեր վարքագիծը եղել է անբիծ ու ռուսներն են ամեն քայլափոխի այդ ոտնահարել իրենց դաշնակցային պարտավորությունները։
Սովորաբար իմ այս փաստարկներին երկու լրացուցիչ հակափաստարկ է ներկայացվում։ Նախ, որ մեր դատն արդար է, հետևաբար, ռուսները (և ոչ միայն) պետք է մեր կողքին կանգնեին, և երբ ես խոսում եմ նրանց շահերի ու մեր դատի անհամապատասխանության մասին, ես տուրք եմ տալիս ցինիզմին ու մոռանում արդարության ինչ-որ սկզբունքների մասին։ Երկրորդ, որ եթե նույնիսկ մեր դատի արդար լինել-չլինելու մասին մոռանանք, մեր շահերը ենթադրում էին նման վարքագիծ, և հետևաբար ռուսների հերն էլ անիծած։ Առաջին հակափաստարկին նույնիսկ դժվար է առանց սարկազմի պատասխանելը։ Ընդամենը ասեմ, որ աբխազների դատն էլ էր արդար, բայց նույնիսկ մեր մտքով չանցավ աբխազներին տալ այն, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք ռուսներից ու մյուսներից։ Ինչ վերաբերում է երկրորդ հակափաստարկին, ապա դա մեր իրականության մեջ չափազանց խորը արմատավորված մի տրամաբանական սխալի հերթական դրսևորումն է. մասնավորապես, իմ որոշ քննադատներ ոչ մի կերպ չեն կարողանում տարբերակել իղձերը շահերից և չեն ուզում հասկանալ, որ երբ ես ասում եմ ռուսների հետ հարաբերություններում այս կամ այն բանն անելը ողջամիտ չէ, ես որևէ կերպ չեմ պնդում, որ ռուսների դիրքորոշումներն ինչ-որ վերացական առումով ճիշտ կամ արդար են, իսկ դրանց հետ չհամընկնող մեր իղձերը` ոչ։ Ոչ էլ հակառակն եմ պնդում։ Ես ընդամենը պնդում եմ, որ երբ իղձերդ հակադրվում են մեկ ուրիշ երկրի իղձերի հետ, կոշտ դիրքորոշումներն ու առճակատումից չխուսափելը կարող են հանգեցնել ոչ թե քո իղձերի իրականացմանը, այլ դրա ճիշտ հակառակ արդյունքին, հատկապես եթե ուժերդ բավարար չեն դրանց հասնելու համար և եթե որևէ այլ տեղից աջակցություն չունես։ Այդ պարագայում քո իսկ շահերից է բխում իղձերդ խմբագրելը։ Իսկ մեր ուժերը հաստատ բավարար չեն ռուսների հետ առճակատման քաղաքականության համար, անկախ այն բանից, թե որքան տհաճ է մեզ համար ռուսների վարքագիծը։ Այլ տեղից աջակցություն էլ մենք նման վարքագծի համար չունենք։ Խնդրում եմ այստեղ չշփոթել քաջալերանքը աջակցության հետ։
Ամեն դեպքում, Հայաստանում շարունակում են մեղադրել ՌԴ–ին իներտության մեջ, քանի որ Մոսկվան չարձագանքեց Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերի հարձակմանն այնպես, ինչպես ակնկալում էին Երևանում:
Այս կապակցությամբ ուզում եմ հատուկ շեշտել մի բան։ Ես չեմ ժխտում, որ որոշ դեպքերում ռուսների ոչ բարեկամական վարքագիծը կամ նրանց իներտ պահվածքը, ոչ թե պատասխան էր մեր այս կամ այն քայլերի, այլ թելադրված էր այլ նկատառումներով ու գործընթացներով։ Մասնավորապես, շատ հավանական է, որ նրանց իներտ պահվածքը 2022 թ.-ի աշնանը գոնե մասամբ կարող էր թելադրված լինել Ուկրաինայում Թուրքիայի ու Ադրբեջանի դրական չեզոքությունը չվտանգելու հրամայականով։ Բայց այդ պարագայում, և ընդհանրապես, ռուսների հետ առճակատման վարքագիծ ընտրելը ռացիոնալ կարող էր լինել միայն մի դեպքում. եթե մենք ողջամիտ այլընտրանքներ, ինչպես նաև Ռուսաստանի հավանական հակազդեցությունից մեզ պաշտպանողներ ունենայինք։ Մենք նման այլընտրանք ու պաշտպաններ չունեինք և չունենք։ Մարդիկ, որոնք նման այլընտրանքների ու պաշտպանների գոյության մասին ճամարտակում են առավոտից իրիկուն, կամ բացարձակապես ոչինչ չգիտեն միջազգային հարաբերություններին մասին, կամ մեր հասարակությանը կերակրում են ստերով։
«ՀՀ-ն պարզապես չի զրկվելու ՌԴ-ի անվտանգության հովանոցից, այլ դառնալու է նրա հակառակորդը»
-Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել Ռուսաստանի հնարավոր պատասխան քայլերը Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղվածության դեպքում: Արդյո՞ք դա կարող է հանգեցնել լուրջ հակազդեցության, ինչպես եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում:
-Ես նույնիսկ հարցի նման ձևակերպումն եմ խնդրահարույց համարում։ Հարցի ավելի ճիշտ ձևակերպումը պիտի լիներ` արդյո՞ք կարղ է դա չհանգեցնել Ռուսաստանի կողմից լուրջ հակազդեցության։ Բացագրեմ, թե ինչու։ Ռուսաստանը դեռևս 2008 թվականին կարմիր գիծ քաշեց բալթյան հանրապետություններից այն կողմ դեպի նախկին խորհրդային հանրապետություններ ՆԱՏՕ-ի ծավալման քաղաքականությանն ի պատասխան։ Կարմիր գիծն անցնում է նախկին ԽՍՀՄ սահմանով, բացի բալթյան հանրապետությունները։ Հիմա ես շատ մանրամասն չեմ քննարկելու դա արդարացի էր, արդարացի չէր, արդյո՞ք Ռուսաստանն իրավունք ուներ նման բան անելու, արդյո՞ք դա համատեղելի է միջազգային իրավունքի ու այդ տարածաշրջանի երկրների` սուվերեն որոշումներ կայացնելու իրավունքի հետ։ Պիտի կրկնեմ սակայն մի բան, որ անցյալում ևս տարբեր առիթներով ասել եմ։ Մեծ տերությունները միջազգային կամ որևէ այլ իրավունքի պահանջները հարգում են միայն եթե դրանք բխում են իրենց շահերից կամ եթե դրանք սպառնալիքներ չեն պարունակում իրենց շահերի դեմ։ Մնացած բոլոր դեպքերում կամ այդ իրավունքները խմբագրվում են նշված շահերին համապատասխանեցնելու տրամաբանությամբ, կամ, եթե դա հնարավոր չէ, իրավունքներն անտեսվում են։ Կրկնում եմ, դա անում են բոլոր մեծ տերությունները, և ռուսներն այդ հարցում շատ հեռու են ունիկալ լինելուց։ Սա հիմնավորելու համար անցյալում մի քանի անգամ որպես օրինակ եմ բերել Մոնրոյի դոկտրին կոչվածը, որն ԱՄՆ-ի դիրքորոշումը դարձավ 1820-ական թվականներից և որը ամերիկյան աշխարհամասում ԱՄՆ-ից բացի որևէ այլ երկրի ռազմաստրատեգիական ներկայության անթույլատրելիության մասին է։ Կարող եք նաև նայել, թե ինչպես են ԱՄՆ-ն ու Եվրոպական Միության` միջազգային իրավունքի մասին ամենաշատ գլուխ տանող երկրները 24-ժամյա ռեժիմով բռնաբարում միջազգային իրավունքն ու իրենց սիրած միջազգային նորմերը` Իսրայելի գործած զարհուրելի հանցագործություններն արդարացնելու և Իսրայելին համապատասխան հակազդեցությունից պաշտպանելու համար։
Բայց շատ չշեղվեմ։ Անկախ նրանից, թե որքանով էր արդարացված Ռուսաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից, ռուսները ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում էին սպառնալիք իրենց անվտանգությանը։ Այդ ընդլայնման առաջին ու երկրորդ փուլերը վիժեցնելու փորձ նրանք չարեցին, որովհետև այն ժամանակ նրանք դեռ բավականին թույլ էին; որովհետև, որքան էլ անցանկալի` Չեխիայի անդամությունը ՆԱՏՕ-ում նույնը չէր, ինչ Վրաստանինը կամ Ուկրաինայինը; և որովհետև դեռ հույսները չէին կորցրել, որ Արևմուտքի հետ կարող են լեզու գտնել այդ և այլ հարցերի շուրջ։ 2008 թվականին ռուսներն արմատապես փոխեցին իրենց դիրքորոշումը։ Նրանք արդեն բավականին ոտքի էին կանգնել Արևմուտքի հետ իրենց հարաբերություններում ատամներ ցույց տալու համար: Խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու արևմտյան այլ ինստիտուտներին համարում էին ոչ թե պարզապես սպառնալիք, այլ էկզիստենցիալ սպառնալիք, և հույսները կորցրել էին, որ առանց արմատական քայլերի կարող են կասեցնել այդ ընթացքը կամ որ ընդհանրապես կարող են լեզու գտնել Արևմուտքի հետ։ Սա է հիմնական բացատրությունը Վրաստանի և Ուկրաինայի պատերազմների։
-Հայաստանի պարագան նույնքան զգայո՞ւն է ՌԴ–ի համար, Մոսկվան նույն գործիքակազմով է պատասխանելո՞ւ:
-Վերադառնամ հարցի իմ ձևակերպմանը։ Եթե մենք գիտենք արդեն, որ ռուսները նման քաղաքականություն են որդեգրել և ապացուցել են, որ պատրաստ են նույնիսկ միջուկային էսկալացիայի ռիսկի Արևմուտքի ռազմաքաղաքական ներկայության շարունակվող ծավալումը կասեցնելու համար, ի՞նչը կարող է մեզ պատճառ տալ մտածելու, որ Հայաստանի պարագայում նրանք այլ կերպ են վարվելու։ Միակ բանը, որ նման կանխատեսման հնարավորություն կտար, Ռուսաստանի ենթադրյալ ուժասպառությունն ու Արևմուտքի զուգահեռ հզորացումը պիտի լիներ։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատ են նման պնդումներ անողները և Ռուսաստանի խորտակվող նավը լքելու ու Արևմուտքի գիրկը նետվելու քաղաքականության նպատակահարմարությունը դրանով արդարացնողները։ Բայց սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության կատարյալ խեղաթյուրում։ Նույն Արևմուտքում առավոտից իրիկուն խոսում են միաբևեռ աշխարհակարգի փլուզման ու Արևմուտքում զանազան խորը, համակարգային ճգնաժամերի մասին։ Նայում ես Հայաստանի լրատվական դաշտին, սակայն, ու տպավորություն ես ստանում, թե ժամանակը կանգ է առել 1992 թվականին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հատկապես ինչ կարող է անել Ռուսաստանը, ես չեմ ուզում դրան շատ մանրամասն պատասխանել։ Մի բան կասեմ միայն։ Հայաստանի պես փոքր ու խոցելի երկրի թևերը ոլորելու տարբերակներ Ռուսաստանի պես մեծ, ուժեղ ու շատ լուրջ տրամադրված երկիրը երևի կկարողանա գտնել։
-Դուք նշում եք, որ Արևմուտքը չի կարող Հայաստանին տալ այն անվտանգության երաշխիքները, որոնք տալիս է Ռուսաստանը: Ի՞նչ այլընտրանքային անվտանգության մեխանիզմներ կարող է առաջարկել Արևմուտքը Հայաստանին՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը:
-Եկեք նախ կոնկրետացնենք, թե ինչ նկատի ունենք անվտանգության երաշխիք ասելով, այլապես Հայաստանում հակված են Սամանթա Փաուերի` արցախցի փախստականների հետ ժենգյալով հաց թխելը դիտարկել որպես անվտանգության երաշխիք ու հանձնառություն։ Անվտանգության երաշխիքը նշանակում է ռազմական միջամտության ֆորմալ պարտավորության ստանձնում որևէ երկրի հանդեպ, եթե այդ երկիրը ենթարկվի ագրեսիայի։ Ռուսաստանը նման երաշխիքներ Հայաստանին տրամադրել է։ Մենք որոշակի բողոքներ ունենք այդ երաշխիքի արժանահավատության հետ կապված, կարող եմ նույնիսկ ընդունել, որ դրանք արդարացված են 2022 թվականի աշնան դեպքերից հետո։ Բայց այդ երաշխիքն ինչ խնդիրներ էլ ունենա, նախընտրելի է որևէ երաշխիքի ու անվտանգության համակարգի իսպառ բացակայությունից։ Հիմա, ինձ կարող են ասել` բայց Արևմուտքը կարող է այդ վակուումը լցնել ու տրամադրել Հայաստանին նման երաշխիք։ Երկու հարց։ Առաջին, որտե՞ղ եք տեսել նման մտադրության հստակ արտահայտություն։ Նորից եմ ասում, արցախցի փախստականների հետ ժենգյալով հաց թխելը հաշիվ չի։ Ոչ էլ հաշիվ են Մակրոնի զանազան հուզախառն հայտարարությունները կամ նույնիսկ զենք վաճառելու պատրաստակամությունը։ Ինչպես The National Interest-ում լույս տեսած հոդվածում էի պնդել, առանց երաշխիքների, առանց Ադրբեջանի ձեռքը բռնելու կարողության ու պատրաստակամության, այդ զենքը մեր գլխին իրականում կարող է փորձանք դառնալ։ Ես չեմ տեսել որևէ փաստ, որ Արևմուտքը պատրաստ է մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել, այսինքն` պայմանագրով ամրագրված ռազմական միջամտության հանձնառություն ստանձնել, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի։ Խնդրում եմ ձեր ընթերցողներին նաև մի հարցի մասին մտածել։
Երբ ՆԱՏՕ-ն որոշեց քննարկել Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումները Ուկրաինայում հակամարտության էսկալացիայից հետո, բավականին երկար ժամանակ պահանջվեց դաշինքի որոշ անդամների, մասնավորապես Թուրքիային, համոզելու համար, որ նրանք վետո չկիրառեն։ Ի՞նչ եք կարծում։ Թուրքիան ի՞նչ դիրքորոշում է ունենալու, երբ Հայաստանին նման երաշխիքներ տալու հարց դրվի սեղանին։ Թուրքիան համաձայնելո՞ւ է երաշխիքներ տրամադրել մի երկրի, որի անվտանգության նկատմամբ ամենամեծ սպառնալիքը հենց նույն Թուրքիան է, իսկ երկրորդ ամենամեծ սպառնալիքը` Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը։ Ընդդիմախոսները կարող են պնդել, որ պարտադիր չի այդ երաշխիքները տրամադրել ՆԱՏՕ-ի համակարգում։ Բայց այդ դեպքում, նորից նույն հարցն է ծագում. ինչի՞ վրա է հիմնված մեր լավատեսությունը, որ նման երաշխիքներ կարող էն տրամադրվել մեզ։ Ի վերջո, ԱՄՆ-ի դեսպանի հետ վերջերս ունեցած մի հարցազրույցի ժամանակ Հեղինե Բունիաթյանը խնդրեց մանրամասնել, թե անվտանգության բնագավառում ի՞նչ օժանդակություն է պատրաստ ԱՄՆ-ը հատկացնել Հայաստանին։ Տիկին դեսպանը խոսեց Հայաստանի զինված ուժերին զրահապատ շտապ օգնության մեքենաներ տրամադրելու ու արցախցի փախստականների համար անգլերենի դասընթացներ կազմակերպելու մասին։ Իսկ մարդիկ, որոնք ֆրանսիացիներից են նման երաշխիքներ ակնկալում, պետք է բացատրեն, թե ինչպես է նման երաշխիքներ տրամադրելու մի երկիր, որը դժվարություն ունի թուրքերի հետ մրցակցելու Լիբիայում։ Սա է պրոպագանդիստական փրփուրից մաքրած իրականությունը։
Եվ երկրորդ հարցը։ Եթե սկսվի նման գործընթաց, այսինքն, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի հայ-ռուսական փոխադարձ անվտանգության պայմանագիրը, պահանջի դուրս բերել 102-րդ բազան Հայաստանից, և թևակոխի արևմտյան անվտանգության համակարգի մեջ ինտեգրվելու փուլ, արդյո՞ք դա պարզապես լինելու է մի անվտանգության համակարգը մյուսով փոխարինելու խնդիր, հետևաբար ընդամենը դրանց հարաբերական առավելություններն ու թերությունները համեմատելու խնդիր։ Երիցս ոչ, որովհետև Հայաստանը պարզապես չի զրկվելու ռուսական անվտանգության հովանոցից, այլ դառնալու է Ռուսաստանի հակառակորդը, դրանից բխող խիստ անցանկալի հետևանքներով։ Թե ինչու է դա այդպես, արդեն փորձել եմ բացատրել նախորդ հարցին տրված իմ պատասխանում։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության՝ «կոմպլեմենտարության» քաղաքականությունից հրաժարվելու որոշումը: Արդյո՞ք հնարավոր է պահպանել հավասարակշռված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում:
-Հավասարակշռված քաղաքականություն պահպանել նույն պարամետրերով, որոնք գոյություն ունեին ասենք մինչև 2022 թվականը, այսինքն` մինչ ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքով Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների ծայրահեղ սրումը, թերևս դժվար կլինի։ Դա նաև միայն մեզանից չի կախված։ Ես շատ երկար ժամանակ ունեցել եմ մտավախություն, որ կարող է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա լարվածությունը վերաճել լուրջ հակամարտության, իսկ երբ նման բան է տեղի ունենում հակամարտող կողմերը սովորաբար մյուսներին, հատկապես փոքր երկրներին ստիպում են կոշտ ընտրություն կատարել` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով։ Հիմա գուցե դեռ բանը դրան չի հասել, բայց այդ տրամաբանությունը որոշակիորեն նեղացրել է մեր նման երկրների մանևրի դաշտը։ Այնուհանդերձ, ես այսօր էլ Արևմուտքում լուրջ մասնագետների ու դիվանագետների հետ իմ շփումներում տեսնում եմ մի իրողության հստակ գիտակցում։ Արևմուտքը չի կարող կոմպենսացնել այն, ինչ Հայաստանը կկորցնի ներկա անվտանգության համակարգը լքելու պարագայում։ Հետևաբար, Հայաստանի առջև Արևմուտքը չի կարող շատ խիստ պահանջներ դնել։ Իհարկե, այս հարցում Արևմուտքում վերաբերմունքը միատարր չի։ Կան ուժեր ու մարդիկ, որոնք պատրաստ են Հայաստանի չափազանց ռիսկային ու կտրուկ «շրջադարձը դեպի Արևմուտք» քաջալերելու զուտ այն բանի համար, որ դա Ռուսաստանի համար նոր գլխացավանք կդառնա, առանց դրա հետևանքների համար անհանգստանալու։ Բայց դա իմ տպավորությամբ ճնշում չի, այլ հենց քաջալերանք, այն էլ ոչ շատ ինտենսիվ։ Հետևաբար, ինձ թվում է` կտրուկ շրջադարձի պատճառները ոչ թե Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումն է, այլ մեր հեղափոխականների նախանձախնդրությունը, որոնք պարզապես չեն կարող ապրել առանց մեծ, դարակազմիկ, գրանդիոզ պրոյեկտների, անկախ նման պրոյեկտների վտանգավորության աստիճանից։
-Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրատեսական Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ երկրի տնտեսության և անվտանգության համար:
-Եվրոպական Միությանը միանալու մեր հեռանկարներն ինձ բավականին մշուշոտ են թվում մի քանի պատճառով։ Նախ, երկրի տնտեսությունը բավականին հեռու է այն ստանդարտներից, որոնք անհրաժեշտ են այդ կազմակերպության անդամ դառնալու թեկնածության համար։ Երկրորդ, ճիշտ է Եվրոպական Միությունը ռազմական դաշինք չէ ու դրա ընդլայնմանը Ռուսաստանը նույն տագնապով չի վերաբերվում, ինչ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, բայց վերաբերմունքը նույնպես խիստ բացասական է, որովհետև ա)այդ կազմակերպության անդամությունը սահմանված է որպես այլընտրանք ԵԱՏՄ-ին; բ) դա սովորաբար փուլ է քաղաքական ինտեգրացիայի ճանապարհին։ Հետևաբար, այդ քաղաքականությունը նույնպես չի կարող չհանդիպել Ռուսաստանի կոշտ դիմադրությանը։
-Հաճախ Ձեզ հարց են ուղղում արևմտյան ճամբարի ներկայացուցիչները կամ այսպիսի համբավ ունեցողները Հայաստանում: Եթե կարճ, ապա քննադատության իմաստը հետևյալն է` ինչպե՞ս կարող է մասնագետն ապրելով ու աշխատելով ԱՄՆ-ում` դեմ լինել Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձին: Ինչպե՞ս եք ընդունում այդ քննադատությունները, ինչպե՞ս կարձագանքեիք դրանց:
-Դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ցանկություն չունեմ արձագանքելու մարդկանց մեղադրանք-հարցերին, որոնք կարծում են, որ տեսակետները պետք հարմարեցված լինեն այն բանին, թե ով է քեզ վճարում։ Նրանց կամ որևէ մեկի առջև արդարանալու կամ իմ շարժառիթները բացատրելու անհրաժեշտություն բացարձակապես չեմ զգում։ Բացի այդ, բոլորովին կարևոր չեն իմ շարժառիթները։ Կարևոր է իմ ասելիքը։ Եթե այն, ինչ ասում եմ, ճիշտ է, մնացածը նշանակություն չունի։ Եթե այն, ինչ ասում եմ, սխալ է, նույնպես նշանակություն չունի։ Կարելի է պարզապես մատնացույց անել, թե որտեղ է կաղում իմ ասելիքի տրամաբանությունը կամ փաստական հիմքը։ Մնացածը սպորտային հետաքրքրության ոլորտից է։