«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը նախաձեռնել էր մի կարեւոր քննարկում՝ երկու օրակարգային խնդիրների վերաբերյալ: Ամենից առաջ դա Տիգրանաշենի հնարավոր հանձնումն է, որը ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, երկրորդը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությունը:
Վերջինս ունի մի շարք կարեւորագույն նպատակներ. առաջին՝ բարձրացնել գերիների հարցը միջազգային բոլոր հարթակներում եւ բացահայտել այն հակասությունը, որ կա Ալիեւի, այսպես կոչված, խաղաղարար գործունեության եւ իրական հայատյաց, մարդատյաց եւ միջազգային օրենքներին հակասող քայլերի միջեւ, ստիպել, որ բոլոր մասնակից պետություններն առերեսվեն իրականության հետ, կարողանան ճնշում գործադրել եւ հասնել գոնե COP-29-ին ընդառաջ (նոյեմբերի 11-ին է բացվելու) մեր գերիների վերադարձի հարցին»,-«Հայելի» ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
Նրա խոսքով. «Տարածքների եւ քաղաքացիների հանձնումը, նրանց մատնելը թշնամու քմահաճույքին` հավասարազոր հակապետական աղետներ են: Այսինքն, օրինակ, Կիրանցի հատվածում արդեն կեղծ, սահմանազատում եւ սահմանագծում անվան ներքո մարդկանց ուղղակի թշնամու բերանին կանգնեցնելը եւ նրանց հանձնելը հակապետական աղետ է:
Բնակիչներից ահազանգներ ենք ստանում, որ համայնքապետարանից, մարզպետարանից, ՔՊ պատգամավորներից իրենց հորդորներ են հնչեցնում, որ գիշերը 11-ից հետո դուրս չգան, նոր կառուցվող ճանապարհով չգնան: Ինչպես արդեն նշեցի՝ տարածքի հանձնումը նշանակում է նաեւ քաղաքացիների հանձնում» :
Կարդացեք նաև
Նարինե Դիլբարյանն ընդգծում է. «Եթե իսկապես մտադիր ենք պահպանել մեր տեղը՝ մեր տարածաշրջանում եւ նորից դառնալ աշխարհաքաղաքական գործոն ու պետություն, ուրեմն պետք է պաշտպանենք մեր տարածքը եւ մեր քաղաքացիներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ