Շամլուղի հանքերը շահագործելու համար Ախթալայի ԼՀԿ-ն հատկացնում է 5 միլիոն դրամ, սակայն այդ գումարից որևէ լումա Շամլուղի խնդիրների լուծման համար չի ծախսվում
Հայաստանի փոքրիկ Շվեյցարիան
Լոռու մարզի Ալավերդի համայնքում է գտնվում չնաշխարհիկ Շամլուղ քաղաքը, որը շրջապատված է գեղեցիկ, հարուստ բնությամբ, բարձր լեռնային մարգագետիններով ու խիտ անտառներով։
Կարդացեք նաև
Ըստ բաց աղբյուրների` Շամլուղը հիմնադրվել է 1770-ին, 1763թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով, որ Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը ցածր է, գտնում են նոր հանքավայրեր, տեղափոխվում և 1770-ին հիմնում են Մադան (ներկայումս Ալավերդու վարչական կազմում գտնվող, մեծամասամբ բնակեցված`հույներով) և Շամլուղ ավանները։
19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը հանձնվել է Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ են ներդրել Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ։ Հենց այս տարիներին է տեղի ունեցել եվրոպացիների ներհոսքը Շամլուղ, որն էլ դրական ազդեցություն է ունեցել Շամլուղի հասարակական, կրթական ու մշակութային զարգացման հարցում։ Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, հույներ, վրացիներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, գերմանացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ, հրեաներ, ադրբեջանցիներ, թաթեր և այլն։
Դեռ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շամլուղում գործել է երգի ու պարի ինքնագործ խումբ, իսկ 1945թ. պատերազմի հաղթանակից հետո, օրինակ, խումբը հրավիրվել է Երեւան, հանդես է եկել Երևանի Լենինի հրապարակում` հաղթանակի տոնակատարության ժամանակ` Երևանի աշխատավորների համար կազմակերպված միջոցառումներին:
Շամլուղում գործում էր միջնակարգ դպրոց և մանկապարտեզներ` հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, գրադարան, դիսկոտեկ, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, հիվանդանոց, մեծ հանրախանութ` բաղկացած մի քանի բաժիններից, մեծ գաստրոնոմ (նպարախանութ)։
Շամլուղն ունեցել է զարգացած կրթամշակութային կյանք, և ըստ շամլուղեցիների` խորհրդային տարիներին Լոռվա մարզի տարբեր` ավելի մեծ քաղաքներից ու գյուղերից երիտասարդները շաբաթ-կիրակի օրերին գալիս էին Շամլուղ, որպեսզի մասնակցեն այստեղ անցկացվող համերգներին, մշակութային միջոցառումներին, դիսկոտեկի:
19-րդ դարի վերջերից մինչև 1980-ական թվականների վերջերը Շամլուղում ամառվա երեք ամիսները մշտապես եռուզեռի շրջանն է եղել. «Շամլուղում ասեղ գցելու տեղ չկար», հիշում են շամլուղեցիները. «Այստեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից եկած «դաչնիկները»։ Մշակույթի ակումբում ֆիլմերը`օրական 3-4 անգամ էին ցուցադրվում, իսկ երեկոները` համերգներ ու դիսկոտեկ էր կազմակերպվում, հենց շամլուղեցի ռոք-երաժիշտներն էին նվագում: Բոլորը գնացել են Հունաստան, Ռուսաստան…: Ակումբի շենքը փակված` քանդվում է»:
1979թ., օրինակ, Շամլուղն ունեցել է 4500 բնակչություն: Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը։ Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996թ. վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը։ 2002թ․ Հայաստանի կառավարության կողմից Շամլուղ քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 30 հուշարձան (19 միավոր, որոնց շարքում` 12-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ դարերի Խաչքարեր, 10-13 դարերի եկեղեցիներ, գյուղից 13 կմ հեռավորության վրա` Լալվար սարի գագաթին է գտնվում 10-11 դդ. Սբ. Սարգիս մատուռը: Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։
Շամլուղի և Ախթալայի հանքերը տարբեր ժամանակներում եղել են որպես ինքնուրույն ձեռնարկություններ, սակայն 1970-ական թվականներից միավորվել են Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի հետ։ 1989-ին բնապահպանական շարժման հետևանքով փակվեց կոմբինատը, փակվեցին նաև հանքերը, որի պատճառով էլ սկսվեց բնակչության արտագաղթը: Իսկ 1990-ականներից էլ սկսվեց Շամլուղի հույների գաղթը դեպի Հունաստան։ Մինչև 1990-ականները դեռևս պահպանվում էին նաև ֆրանսիացի կապալառուների կողմից կառուցված բնակելի և այլ նշանակության շենքեր, որոնք կրում էին եվրոպական ճարտարապետության կնիքը։
Երբեմնի զարգացած Շամլուղն` իր բազում խնդիրներով
2001-ին Շամլուղի հանքերը վերագործարկվեցին։ Այսօր 70-80 շամլուղեցիներ աշխատում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում`(Ախթալայի ԼՀԿ-ում), Շամլուղի բնակչության մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ, փայտահատությամբ, հողագործությամբ։
Շամլուղեցիներն այժմ իրենց իշխանությունների կողմից արհամարհված են զգում: Նախ, Ախթալայի ԼՀԿ-ում աշխատողների աշխատավարձերը, ըստ շամլուղեցիների` բավական ցածր է, 75 հազար դրամ աշխատավարձով աշխատողներ կան:
Նախ` Շամլուղից Ախթալա ճանապարհի խնդրի մասին: Պարզվում է, Շամլուղից Ախթալա ընդամենը 9 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգվել է 2009 թվականին: Դրանից հետո, այդ ճանապարհի վրա, այն էլ ոչ ամեն տարի, մի քանի տարին մեկ խճավազ (Щебень) են լցրել, որը մի քանի շաբաթների ընթացքում կոմբինատի բեռնատար մեքենաների անվադողներն ու հորդառատ անձրևները քշում-տանում են: Շամլուղեցիները դժգոհում են, որ անգամ «կարկատան» չի արվել այդ ճանապարհն արդեն 15 տարի: Դա այն դեպքում, երբ Ախթալայի ԼՀԿ-ն օգտվում է Շամլուղի հանքերից, փորում են Շամլուղի ընդերքը, թուլացնում են Շամլուղի հիմքը, կոմբինատի հանքաքարի տեղափոխման հետևանքով բեռնատարները քանդում են 9 կմ-անոց ճանապարհը, ամեն շաբաթ նոր փոսեր են ավելանում, թուլացնում են դեպի Շամլուղ տանող կամուրջները: «Արդեն դանակը հասել է ոսկորին», ասում են շամլուղեցիները. «Ինչքա՞ն պիտի մեր համբերությունը ստուգեն…»:
Ախթալայի ԼՀԿ-ից իհարկե կհակադարձեն, որ յուրաքանչյուր ամիս ձեռնարկությունը համայնքին հատկացնում է 5 միլիոն դրամ: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս ամենահետաքրքիրը. Շամլուղի հանքերը շահագործելու համար Ախթալայի ԼՀԿ-ն հատկացնում է 5 միլիոն դրամ, սակայն այդ գումարից որևէ լումա Շամլուղի խնդիրների լուծման համար չի ծախսվում: Համայնքի ղեկավարները մշտապես առաջնորդվել են հետևյալ սկզբունքով` «Որ քաղաքներում, գյուղերում ավելի շատ ընտրող կա` այդ քաղաքների, գյուղերի վրա ծախսենք այդ գումարը, Շամլուղի բնակիչները քիչ են, շամլուղեցիները խեղճ, խելոք ժողովուրդ են, ձայն չեն հանի…»:
Շամլուղեցիներն արդեն գիտեն, թե Ախթալայի ԼՀԿ-ից ինչ են պատասխանելու իրենց դժգոհություններին ու մտահոգություններին ի պատասխան. «Կասեն, ամեն ամիս 5 միլիոն դրամ ենք տալիս համայնքին, գնացեք ձեր համայնքի ղեկավարությունից պահանջեք, որ ձեր խնդիրները լուծեն, ճանապարհները վերանորոգեն և այլ կենսական նշանակության պրոբլեմները լուծեն»:
Ու այսպես Շամլուղի հանքերը շահագործելով, շամլուղեցիների առողջության հաշվին, ընդերքը, Շամլուղի հիմքերը թուլացնելու հաշվին` Ախթալայի ԼՀԿ-ն շահագործողները հարստանում են, շամլուղեցիների խոսքով`«միլիոններ են աշխատում, հանքաքարը տանում-հասցնում են եվրոպաներ», իսկ Շամլուղը մնում է արհամարհված: Շամլուղեցիները խիստ դժգոհ են այն արհամարհական վերաբերմունքից, որը դրսևորում են Հայաստանի կառավարությունը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը` Շամլուղի առջև ծառացած խնդիրների նկատմամբ:
Համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի կառավարման տարիներին Շամլուղում որոշ խնդիրներ համայնքի բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով լուծվել են, սակայն դրանք համեմատելի չեն համայնքի այլ քաղաքներում ու գյուղերում արված աշխատանքների հետ: Օրինակ, շամլուղեցիները բարի նախանձով են խոսում հարևան Ախթալա քաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների մասին: Ախթալայի ոչ միայն ճանապարհները, այլև բնակելի շենքերի բակերն են ասֆալտապատել, մինչդեռ Ախթալայից Շամլուղ ընդամենը 9 կիլոմետրանոց ճանապարհի դեպքում շամլուղեցիները տարիներ շարունակ մշտապես լսել են նույն նախադասությունը` «Շամլուղն էլ է ծրագրի մեջ, ասֆալտապատելու են ճանապարհը», բայց սայլը տեղից չի շարժվում տարիներ շարունակ:
Շամլուղեցիներն ասում են. «Եթե ճանապարհն այսպես մեկ տարի էլ մնա` հետո ստիպված ենք լինելու վիլիսներով տեղաշարժվել: Բայց չէ՞ որ բոլոր ընտանիքները վիլիս չունեն: Միայնակ թոշակառուներ կան, ընտանիքներ, որոնք մեքենա չունեն, ի՞նչ անեն այդ մարդիկ, ինչպե՞ս հասնեն Ալավերդի, որպեսզի բանկոմատից թոշակ հանեն, կամ դեղատնից դեղ առնեն»:
Թեև Շամլուղի բնակչության մի փոքրիկ մասն աշխատում է Ախթալայի ԼՀԿ-ում, սակայն շամլուղեցիները Ախթալայի ԼՀԿ-ի անփույթ աշխատանքից էլ են խիստ դժգոհ: Ականատես դարձանք, թե ինչպես է հանքանյութը լցված դեպի Շամլուղ ճանապարհի մի հատվածում, այն աստիճան, որ անգամ մարդատար մեքենաներն են դժվարանում անցնել այդ ճանապարհով:
Ըստ շամլուղեցիների` Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող օբյեկտներում առկա անմխիթար վիճակը ոչ միայն բնապահպանության տեսանկյունից է վտանգավոր, այլև` հենց հանքերի շահագործման կազմակերպչական աշխատանքների բացակայության պատճառով է նման անմխիթար վիճակ ստեղծվել:
Օրինակ, դեպի Շամլուղ տանող ճանապարհի մի կամուրջ էլ փակվել է, այնքան է լցվել հանքանյութով, ջուրը հոսել է, լցվել-փակել է ճանապարհը, ու հիմա ճանապարհն ու կամուրջը, կարծես, միաձուլված լինեն: Ախթալայի ԼՀԿ-ն մինչդեռ պարտավոր է ապահովել Շամլուղի ճանապարհի մաքրությունը, բնապահպանական խնդիրները լուծել, սակայն բացարձակ անգործություն են դրսևորում:
Շամլուղեցիները նաև անհանգստացած ու մտահոգված են, որ Ախթալայի ԼՀԿ-ն բաց հանքավայրը շահագործելիս պայթեցումներ կատարելով` թուլացնում, փորում է Շամլուղի հիմքերը. «Դատարկում են Շամլուղի տակը, մինչև ե՞րբ են փորելու ու տրաքացնելու…», հարցնում են շամլուղեցիները:
Շամլուղի մյուս խնդիրը` աղտոտված ջուրն է: Անձրևներից հետո բնակիչները բողոքում են դեղնած, պղտոր ջրից: Տևական ժամանակ է այս խնդիրը կա, բնակիչները ստիպված օգտվում են այդ ջրից, ինչի հետևանքով աղիքային խանգարումներ են ունենում, երեխաները, տարեցները լուրջ առողջական խնդիրներ են ունենում պարբերաբար: «Էնքան չլուծեցին խնդիրը, տասնամյակներով հնացած խողովակները չփոխեցին, արդեն «դաչնիկներն» էլ են վախենում գալ Շամլուղ` ամռանը հանգստանալու: Շամլուղից դեպի Ալավերդի տրանսպորտ չկա, դեղատուն չկա, շտապ օգնություն ես կանչում` Ալավերդուց այս քարուքանդ ճանապարհներով մեկուկես ժամ, երբեմն էլ` ավելի ուշ հազիվ հասնում է»:
Այսպես, շամլուղեցիները չլուծված խնդիրների մի ամբողջ շարք են թվարկում, վիրավորված` Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ու առհասարակ` կառավարության անուշադրությունից ու անտարբերությունից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ