Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատմության ժողովրդականացումը չպետք է այն աղավաղի. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հոդվածը՝ ի պատասխան Osservatore Romano թերթի կեղծ թեզի

Օգոստոս 02,2024 14:55

Այսպես կոչված «ալբանական եկեղեցու» վերաբերյալ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատասխան հոդվածը

Հուլիսի 24-ին Osservatore Romano թերթում լույս տեսած այսպես կոչված ալբանական եկեղեցու կեղծ թեզին ի պատասխան, նույն թերթի օգոստոսի 1-ի համարում Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի` իտալերեն հոդվածի հայերեն թարգմանությունը ստորև`

Կովկասյան Ալբանիա Պատմության ժողովրդականացումը չպետք է այն աղավաղի

Հուլիսի 24-ին հրապարակված «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում. Դեպի Քրիստոնեության արմատները» հոդվածում հեղինակ Ռոսելա Ֆաբիանին փորձում է ընթերցողին ծանոթացնել, Արևմուտքում լայնորեն անտեսված, արևելյան Կովկասի քրիստոնեության ակունքների և նրա մշակութային ժառանգության հետ։ Սակայն այդ տեքստում նշմարվող ոգևորվածությանը չի կարող զոհ գնալ պատմական տեղեկատվության ճշգրտությունը, որը հոդվածի մի շարք հատվածներում թերի է։ Անցյալի վերարտադրությունը առաջին հերթին պահանջում է աղբյուրների և դրանց օգտագործման մեթոդների ճանաչողություն և նրանց հանդեպ հավատարմություն, հակառակ դեպքում կարելի է ստանալ պատմության խեղաթյուրված և շեղող պատկեր, նպաստելով թյուրիմացությանը, հատկապես այնտեղ, որտեղ դեռ չի ձևավորվել պատմական փաստերի վերականգնման միասնական մոտեցում։

Մանրամասն պատմական վերլուծություն կատարելու փոխարեն, ցանկանում եմ անդրադառնալ միայն հոդվածի որոշ կետերին։

Օրինակ, զարմացնում է հին Կովկասյան Ալբանիայի աշխարհագրական սահմանումը՝ որպես տարածք, որն «սփռվում էր լեռներից՝ հյուսիսում, մինչև Արաքս գետը՝ հարավում, և Կասպից ծովից՝ արևելքում մինչև Վրաստանի (այն ժամանակ Իբերիայի) սահմանները՝ արևմուտքում»։ Առաջին հերթին, անտեսվում է Հայաստանի գոյությունը՝ Կովկասի հին թագավորություններից մեկը, որի հետ ըստ բոլոր դասական և հայ աղբյուրների՝ սահմանակցում էր Ալբանիան։ Մյուս կողմից, Ալբանիայի տարածումը մինչև Արաքս գետ հակասում է այդ նույն աղբյուրների վկայություններին։ Մինչդեռ այս աղբյուրները հաստատում են, որ Ալբանիան տարածվում էր Կուրա գետից դեպի հյուսիս, որտեղ գտնվում էին երկրի քաղաքական և կրոնական կենտրոնը, աղվանական եկեղեցիներից ավանդաբար առաջինը համարվողը և որտեղ հայտնաբերվել են մինչ այսօր հայտնի միակ յոթ աղվանական արձանագրությունները։ Միայն IV-րդ դարի վերջում հարավային հողերը, որոնք տարածվում էին մինչև Արաքս գետը, միացվեցին Ալբանիայի սկզբնական տարածքին:

Քրիստոնեության ներթափանցումը Կովկասում և այդ տարածաշրջանում ձևավորված երեք՝ աղվանից, հայ և վրաց ազգային եկեղեցիների միջև հարաբերությունները բարդ թեմա է, որը դեռ ամբողջությամբ պարզված չէ։ Կովկասյան քրիստոնեության ծագումը I-ին դարում համարվում է օրինականորեն ձեռքբերված ավանդություն, որ տարածաշրջանային բոլոր Եկեղեցիները ընդունում են և տեսնում են դրանում իրենց առաքելականության հիմնավորումը։ Նմանապես, միասնականորեն ընդունում են քրիստոնեացման գործընթացի երկրորդ փուլը, որը սկսում է IV դարից, երբ կովկասյան թագավորությունների վերնախավը դառնում է քրիստոնյա, և քրիստոնեությունը վերածվում է պետական կրոնի։ Այս համատեքստում տարօրինակ է, որ հոդվածի հեղինակը, խոսելով Սինայի աղվանական պալիմփսեստների կարևոր հայտնագործության մասին, պնդում է, որ դրանք հաստատում են Կովկասյան Ալբանիայի առաջին եկեղեցիների գոյությունը արդեն I-ին դարում։

Պալիմփսեստների նշանակալի ներդրումը Աղվանքի պատմության և ընդհանրապես Կովկասի ուսումնասիրության մեջ չի վերաբերում քրիստոնեության այնտեղ հասնելու ժամկետին։ Նրանք ապացուցում են, որ հայ աղբյուրները, հատկապես պատմիչ Կորյունը իրավացիորեն վկայում էին Կովկասում առկա երեք այբուբենների մասին՝ հայերեն, աղվաներեն և վրացերեն, որոնք ծառայում էին Աստվածաշնչի թարգմանությանը արդեն V դարի սկզբին:

Հայ և Աղվանից եկեղեցիների փոխհարաբերությունները դժվար էին արդեն իրենց գոյության առաջին դարերից։ Հայ եկեղեցին խորը ազդեցություն է ունեցել Աղվանից եկեղեցու վրա, այնքան, որ վերջինս միջնադարում զգալիորեն հայկականացված էր։ Այս երևույթի վերաբերյալ պալիմփսեստները ևս կարող են նոր լուսաբանությունների աղբյուր ներկայանալ։ Այս ձեռագրերի խմբագիրներից մեկը՝ Յոստ Գիպերտը, արդարացիորեն հայտնի է դարձնում, որ երկու պալիմփսեստներից մեկում առկա «Հովհաննեսի ավետարանի» աղվանական տարբերակը կրում է հայկական տարբերակի ազդեցությունը։ Սակայն, այդ հարաբերությունների բարդությունը անտեսելով, Ռոսելա Ֆաբիանին պնդում է, որ Աղվանից եկեղեցու «հայկականացումը» սկսվում է XIX դարի սկզբներից՝ նշելով 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը և 1836 թվականին Նիկոլայ I-ի հրամանով Աղվանից եկեղեցու լուծարումը և Հայ եկեղեցուն ենթարկումը։

Եթե ճիշտ է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել, որ 1724 թվականին Աղվանից եկեղեցու հավատացյալների կողմից ռուսաց ցար Պետրոս I-ին ուղղված խնդրագիրը, որտեղ նրանք հայցում էին կայսեր պաշտպանությունը, գրված է հայերեն, և որ այն ժամանակվա Աղվանից եկեղեցու կաթողիկոս Էսայի Հասան-Ջալալյանը (1702-1728), որն ազնվական ընտանիքից էր և գլխավորում էր կաթողիկոսությունը, գրել էր իր «Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի» հայերեն՝ իր գործի սկզբում թվարկելով նախորդ պատմիչներին, այդ թվում «մեր հայ ազգի» պատմիչներին:

Եվ ինչպե՞ս է, որ Արցախի (այդպես են հայերն անվանում այդ հողերը) եկեղեցիները, որոնք ենթարկվում էին Աղվանից կաթողիկոսության իրավասությանը, ունեն միայն հայերեն արձանագրություններ, որոնք թվագրվում են առնվազն XI-XII դարերով, մինչդեռ աղվանականների հետք չկա։

Արևելագետ Հովսեփ Օրբելու ուսումնասիրած շուրջ հազար արձանագրությունները, որոնք պատկանում են Աղվանաց եկեղեցուն, և որոնց անդրադառնում է Ռոսելա Ֆաբիանին, արդարև բոլորը հայերեն են և կատարվել են այդ եկեղեցու՝ XIX դարի սկզբին Հայ եկեղեցուն ենթարկվելուց մի քանի դար առաջ։

Նման թեմաներով խոսելը, առանց սեփական կարծիքների ծանրությունը հաշվի առնելու, էթիկական խնդիր է առաջացնում։ Դա հատկապես մտահոգիչ է, երբ պատմական հարցերը ներխուժում են իրականության մեջ՝ սրելով լարվածությունը, պատճառելով հազարավոր մարդկանց մահը և ստիպելով տասնյակ հազար հայերի լքելու իրենց պատմական հայրենիքը։

Աղբյուր՝ https://shorturl.at/JptmT

Գրառումը՝ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031