Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բոլոր հակասությունները պետք է հասնեն Մատենադարանի մուտքի մոտ եւ կանգ առնեն». Արա Խզմալյան

Օգոստոս 02,2024 14:00

Ըստ Մատենադարանի տնօրենի, Մատենադարանի տնօրինությունը պետք է ստանձնի պրոդյուսերական գործառույթներ գիտնականի նկատմամբ:

«Ինչո՞ւ ենք կարեւորում «Կատապուլտ» ծրագիրը եւ ստացված դրամաշնորհը… Մատենադարանում բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացվում, ինչի նպատակը Մատենադարանը ավելի մոտ դարձնելն է կրտսերներին, դպրոցականներին: Մենք ուզում ենք ոչ միայն առողջ աշխարհայացք եւ առողջ ընկալումներ ունեցող սերունդ դաստիարակել, այլեւ ունենալ Մատենադարանի վաղվա գրագետ այցելուին: Կարծում եմ՝ նման ծրագրերը միտված են հենց դրան: «Կատապուլտ» ծրագրի շրջանակում իրականացվող մեր լաբորատորիան, hub-ը, կամ ինչպես կուզեք, անվանեք, ըստ էության միջնադարյան բժշկագիտության մասին ինտերակտիվ, ազդեցիկ, ներգործուն մի ծրագիր պետք է լինի, որտեղ առավելագույնս պետք է ընդգրկված լինեն մարդկանց ընկալման ռեցեպտորները, քանի որ այնտեղ պետք է եւ դեղաբույսեր լինեն, եւ լաբորատոր պայմաններ, որտեղ հատուկ վարողը՝ միջնադարյան բժշկագիտության պատմիչը ներկայացնի, թե ինչ բաղադրանյութեր են օգտագործվել եւ որտեղ են օգտագործվել:



Այժմ Մատենադարանի  թանգարանային հատվածում ամբողջ մի սրահ վերակազմակերպվում է, եւ այդ մուտքից պատանիները մտնելու են մեկ այլ իրականություն, մի խորհրդավոր միստիկ միջավայր, որտեղ հատուկ պատրաստված պատմիչը կրտսեր այցելուներին կներկայացնի միջնադարյան բժշկագիտության գաղտնիքները: Սա եւս մեկ պատուհան կլինի, որ մեր երեխաները մուտք գործեն այն խորհրդավոր աշխարհը, որը կոչվում է հայոց միջնադար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:


Նշենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը: Մատենադարանը եւս դրամաշնորհառու է:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վերջերս կայացած միջազգային հայագիտական կոնգրեսին: «Միջազգային հայագիտական կոնգրեսը աննախադեպ մի նախագիծ էր, որտեղ հավաքվել էին 16 երկրներից շուրջ 40 գիտնականներ, հոգեւոր ձեռագրատների, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ: Սա  չափազանց սպասված նախագիծ էր: Անմիջապես արձագանքը եղավ բոլոր կարեւոր առաջատար միջազգային համալսարանների ներկայացուցիչների՝ Հարվարդի, Օքսֆորդի, Երուսաղեմի եւ այլ համալսարանների, առաջատար հայագետների, դոկտորների, պրոֆեսորների, որ բոլորի մեջ կար սպասում այս հանդիպման: Մենք սրանով ստեղծեցինք մի միջավայր, որտեղ նախ միջազգային ճանաչում ունեցող հայագետները միմյանց անձնապես ճանաչեցին, երկրորդը՝ մենք հնարավորություն ունեցանք լսելու, թե հայագիտական կենտրոնները, ամբիոնները ինչ գիտական քաղաքականություն են վարում, ինչ թեմաներ են արծարծվում, կադրային սերնդափոխության ինչ խնդիրներ կան:


Եվ շատ լավ էր, որ այս ամենը լսելու հնարավորություն ունեցան նաեւ պետական այրերը: Կարծում եմ, որ այս առումով Մատենադարանը նաեւ որոշակի միջնորդի դեր է կատարում՝ կապելով հայագիտական շրջանակների մտահոգությունները, խնդիրները եւ առաջարկները՝ պետական քաղաքականության հետ: Ես այն համոզումն ունեմ, որ հայագիտության ռազմավարություն եւ քաղաքականություն մշակելու հարցում մեր միջազգային գործընկերները լուրջ անելիքներ ունեն: Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որ գիտնականները կարող են առավելագույնս ընդգրկվել Մատենադարանի գիտական ծրագրերում: Մեր պահոցներում հազարավոր ձեռագրեր կան, որոնք սպասում են ուսումնասիրման, կուսական վիճակում հարյուրավոր թեմաներ կան: Պետք է սթափ գնահատել սեփական գիտական ներուժը, գիտնականների թիվը, ամեն թեմային հատկացվող  ժամանակացույցը, որ իրավունք ունենանք ասելու, որ մեր պահոցները գիտականորեն ուսումնասիրված են: Մենք մեծ հույս ունենք, որ այս հանդիպումից հետո կգտնենք եզրեր միջազգային գործընկերների հետ: Մատենադարանը միայն աշխատակազմը չէ, այն պետք է լինի մի բաց հարթակ, որտեղ համաշխարհային տարբեր կենտրոններից տարբեր ոլորտների (փիլիսոփայություն, բժշկագիտություն, աստվածաբանություն, աշխարհագրություն եւ այլն) գիտնականներ ընդգրկվեն,  որովհետեւ անսպառ են Մատենադարանում թեմաները:


Ամենազգացական պահերից մեկը մեր խոշոր ձեռագրատների, հոգեւոր կենտրոնների միաբանների, ներկայացուցիչների համատեղ քննարկումն էր: Ես չգիտեմ՝ երբեւէ եղե՞լ է նման բան, որ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վենետիկի Մխիթարյան միաբանության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Վիեննայի Մխիթարյան միաբանության, Զմառի պատրիարքական կղերության եւ Պոլսո հայոց պատրիարքության հոգեւոր հայրերը համախմբվեն մեկ կլոր սեղանի շուրջ եւ միասին քննարկեն մեր գրավոր ժառանգության պահպանման եւ համատեղ ուսումնասիրման հեռանկարները:

Այն, որ «Սյունիքի հոգեւոր միջնաբերդը՝ Տաթեւ» անգլերեն պատկերագրքի շնորհանդեսը կայացավ հենց Տաթեւում, եւ երբ հետո մենք ճոպանուղով տեղափոխվեցինք դեպի վանք եւ հանպատրաստից մեր բոլոր կենտրոնների հոգեւոր հայրերը աղոթքով մուտք գործեցին վանք, ամենաէմոցիոնալ պահն էր եւ աննախադեպ պահ էր՝ բառի բուն իմաստով: Մենք հասկանում ենք թե ինչքան  կարիք ունենք միասնական նպատակադրումների, կարողությունների մեկտեղման եւ կենտրոնացման, որովհետեւ այն  մարտահրավերները, որ այսօր կան մեր շուրջը, մեզ ստիպում են, որ լինենք միասնական՝ ամեն մեկը իր մանդատի, լիազորությունների ու կարողությունների չափով: Ես կարծում եմ, որ Մատենադարանը այն օղակն է, այն կենտրոնն է, որը պետք է ստանձնի այդ առաքելությունը: Մեր գիտնականների, հոգեւոր հայրերի եւ բարերարների հետ խոսելիս միշտ ասում եմ, որ բոլոր հակասությունները պետք է հասնեն Մատենադարանի մուտքի մոտ եւ կանգ առնեն՝ Մատենադարանի մուտքից սկսում է միասնության, համերաշխության եւ հարգանքի մթնոլորտը»,-ասաց Արա Խզմալյանը:

«Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ մեր միջազգային պարբերականը, որը կոչվում է MEMAS  (Medieval and Early Modern Armenian Studies), որի խմբագիրը մեր լավագույն բանասերներից մեկն է՝ Արամ Թոփչյանը: Նա շատ մեծ վաստակ ունի այս պարբերականի կայացման գործում եւ շատ սկզբունքային էր, որ MEMAS –ը հրատարակվի Հայաստանից դուրս, որովհետեւ Հայաստանից դուրս որեւէ հեղինակավոր հրատարակչության միջոցով մենք շատ ավելի արագ կմտնենք միջազգային ասպարեզ եւ կլինենք տեսանելի, քան եթե դա հրատարակեր Մատենադարանի հրատարակչությունը: Դրա համար մենք պայմանավորվեցինք Brepols հրատարակչության հետ, որը 1700-ականներից գոյություն ունի եւ Բրիլին  զուգահեռ գիտական հրատարակությունների ամենահայտնի միջազգային հեղինակություն ունեցող կենտրոններից մեկն է, եւ բարեբախտաբար բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն պատրաստակամություն հայտնեց աջակցել ամենամյա վճարի հարցում: Թեեւ մենք արդեն իսկ առցանց հասանելի ենք, բայց տարեկան երկու համարը մեկ գրքի մեջ կունենանք նաեւ տպագրված տարբերակով: Արդեն առաջին հատորը հրատարակված է, այնտեղ են միջազգային ճանաչում ունեցող առաջատար հայագետները:

Ես միշտ ասել եմ, որ Մատենադարանի տնօրինությունը պետք է ստանձնի պրոդյուսերական գործառույթներ գիտնականի նկատմամբ: Մենք գիտաշխատողին ասում ենք ընդամենը մի բան՝ տվեք որակյալ գիտական արդյունք, իսկ դրա թարգմանությունը, միջազգային պարբերականներում հրատարակելը պետք է լինի տնօրինության մտահոգությունը եւ անելիքը: Եվ հենց նման դեպքերում են կարեւորվում կառավարչական ունակությունները, որովհետեւ գիտաշխատողը  պատրավոր չէ ունենալ այդ հմտությունները, եւ նա ինչքան քիչ մտահոգվի իր որակյալ արդյունքի հանրայնացմամբ, միջազգայնացմամբ, նշանակում է այդքան մենք լավ ենք աշխատում: Ի դեպ, եթե «Բանբեր Մատենադարանի» եւ MEMAS պարբերականի խմբագրակազմերը որեւէ հոդված երաշխավորում են, մենք ֆինանսավորում ենք դրա հրատարակությունը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ, մենք շատ բացեր ունենք տեղեկատվական դաշտում, եւ առավելագույնս օտար լեզվով պետք է համացանցային տիրույթը լցնել հայկական բովանդակությամբ՝ դիմակայելու համար ադրբեջանական մտացածին ռեսուրսներին ու կեղծ պատմություններին. «Օրինակ «Սյունիքի հոգեւոր միջնաբերդը՝ Տաթեւը»  յուրատեսակ անձնագիրն է Սյունիքի ամեն քառակուսի մետրի հայկականության, որտեղ այնքան արձանագրություն, գրավոր հետքեր եւ հիշողություններ ու հիշատակարաններ կան, որ դրա դեմ որեւէ տեղեկատվական արշավ չի կարող աշխատել: Մատենադարանի ապագա հրատարակչական ծրագրերի խնդիրն է  օտար լեզվով համացանցային տիրույթը հայկական բովանդակությամբ լցնելը: Ցավոք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային համալսարանների գրադարաններում գրեթե նոր, լավ գրականություն հայ մշակույթի եւ գիտության մասին կամ չկա, կամ սակավաթիվ է: Մենք պետք է ոչ թե դժգոհենք թշնամու ակտիվությունից, այլ ունենանք դրան հակադարձելու գործնական ծրագիր: Ես կարծում եմ, որ հետագա մի քանի տարիների ընթացքում օտար լեզուներով համանման պատկերագրքերի հրատարակումը էլ ավելի է կարեւորվելու: Նաեւ կարիք կա այնպիսի ստրատեգիական, տեղեկատվական կենտրոնի, որը կզբաղվի գիտական, հայագիտական կենտրոնների ստեղծած որակյալ արդյունքի տարածմամբ, դրա քաղաքական, աշխարհաքաղաքական կապիտալիզացիայով: Մատենադարանի տնօրիինությունը իր ուժերի ներածին չափով այդ ուղղությամբ կանի առավելագույնը, բայց դա պետք է լինի ավելի համակարգված աշխատանք: Ուստի ժամանակն է սկսել քննարկումը, թե ինչպիսին պետք է լինի նշածս տեղեկատվական, ստրատեգիական կենտրոնը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
02.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031