«Առավոտի» զրուցակիցը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն է։
–Պարոն Պապյան, օրերս Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպեցին երկու երկրների հատուկ ներկայացուցիչները։ Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կա՞, ի՞նչ են ցույց տալիս զարգացումները։
-Իրադարձությունները ցույց են տալիս այն, ինչ 30 տարի հայտնի էր եւ գիտեինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւս փորձ եղել է, բայց արդյունք չի տվել։ Որպեսզի հայ-թուրքական բանակցություններն արդյունք տան, թուրքական կողմը գոնե պետք է ցանկություն ունենա հարաբերությունները բարելավելու։ Իսկ թուրքական կողմ ասելով՝ ես նկատի ունեմ Թուրքիան ու Ադրբեջանը միասնաբար։ Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն նման ցանկություն, իրենց նպատակն է ոչնչացնել հայոց պետականությունը։ Ժամանակին հազար ու մի պատճառներ էին բերում, այդ թվում՝ Արցախը հանձնելու պահանջն էր, հրաժարում պահանջատիրությունից ու Ցեղասպանությունից։ Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ երեք պահանջների կատարմանը համաձայնել է, բայց իրենց այդ երեք պահանջներին ավելացնում են եւս երեք, հետո՝ եւս երեքը, եւ այդպես շարունակ։ Պարզապես իշխանությունն իր տգիտության եւ դավաճանական քաղաքականության պատճառով նորից վերսկսել է այդ գիծը, իրեն թվում է, որ իրենից առաջ որեւէ մեկը ցանկություն չի ունեցել խաղաղությամբ ապրել։
Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են այն սխալ հիմնադրույթով, որ իբր մեր քաղաքականության վրա է խարսխված Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ։ Մտածում են, եթե մեր քաղաքականությունը փոխենք, իրենց էլ կփոխվի։ Բնավ այդպես չէ, իրենց քաղաքականությունը հիմնված է իրենց ազգային պետական շահի վրա, իսկ դա մեկն է՝ ոչնչացնել հայոց պետականությունը։ Երկրորդ ծրագիրը՝ հայոց հավաքական գոյությունն իր բուն հայրենիքում ի չիք դարձնել։
Կարդացեք նաև
-Այդ մարտահրավերներին դիմակայելու փոխարեն Հայաստանի իշխանությունները մոլորեցնո՞ւմ են հանրությանը, երբ ասում են, թե սահմանների բացման դեպքում տնտեսություն կզարգանա։
-Նախ ասեմ, որ տնտեսությունը չի զարգանա, ընդհակառակը, տնտեսության վիճակը կվատանա։ Եվ դրա մասին ես 40-ից ավելի հոդվածներ եմ գրել դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ցյուրիխյան արձանագրություններն էր ստորագրում։ Չկա որեւէ խոչընդոտ Հայաստանից Թուրքիա ապրանք արտահանելու համար։ Մենք մշտապես Վրաստանի տարածքով հանգիստ արտահանել ենք։ Այդ ծախսն այդ ապրանքի ինքնարժեքի 5 տոկոսից ավելին չի կազմել։ Այսինքն՝ այդ 200 լրացուցիչ կիլոմետրը հարց չի լուծում, թող ինքնախաբեությամբ չզբաղվեն։ Թուրքիան 100 անգամ ավելի շատ ապրանք է արտահանում Հայաստան, քան Հայաստանը Թուրքիա։ Սուտ է, արտահանմանը փակ սահմանը չի խանգարում, մենք ընդհանրապես մրցունակ ապրանք չունենք Թուրքիա արտահանելու։ Եթե ունենանք այդ ապրանքը, ճանապարհը խնդիր չէ։
-Դուք ասում եք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել հայոց պետականությունը, ի՞նչ աշխատանք պետք է տարվի՝ դիմակայելու այդ ամենին։
-Թուրքիայի վրա զանազան լծակներ պետք է ունենալ։ Թուրքիան մշտապես պետք է զգա, որ դիմացինը պատրաստ է դիմադրելու, չի հանձնվելու՝ թե դիվանագիտական դաշտում, թե միջազգային իրավունքի դաշտում, թե ռազմականապես։ Ուրիշ ճար չկա։ Սխալ է այն պատկերացումը, որ եթե մենք չխոսենք պահանջատիրության, մեր իրավունքի ու մեր հողերի մասին, ուրեմն այդ հարցը կմոռացվի։ Այդ հարցը մենք կարող ենք մոռանալ, բայց թուրքերն ու ադրբեջանցիները հո գիտեն, որ իրենք դա չեն մոռանում։ Կարո՞ղ է Թուրքիան չգիտի, որ միջազգային իրավունքով իր արեւելյան նահանգները Հայաստանի Հանրապետության մաս են։ Իրենք դա գիտեն, ես այդ մասին լսել եմ հենց թուրքերից դեռեւս 1990-ականներին։ Այսինքն՝ քանի դեռ կա իրավատերը՝ Հայաստանի Հանրապետությունը, միշտ վտանգված է իրենց այսպես կոչված տարածքային ամբողջականությունը։
Ես, ի տարբերություն այս նոր խումբ երեխաների, բանակցել եմ թուրքերի հետ։ 1990-ականներին Բուխարեստում փակ բանակցությունները վարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը, այդ ժամանակ թուրքերը մեզ պարզ ասել են։ Երբ թուրքերին հարցը տրվեց այսպես՝ ի՞նչն է խանգարում հարաբերությունները բարելավելուն, չէ՞ որ մենք պահանջատիրության հարցերը չենք բարձրացնում, իրենց պատասխանը սա էր՝ դուք չեք բարձրացնում, բայց վաղը ուրիշ մեկը կբարձրացնի։
Քանի դեռ հայություն կար Արցախում ապրող, ուրեմն կար Արցախի հարց, հիմա իրենք հայությանը աքսորել են, բռնագաղթի են ենթարկել ու կոտորել են, մտածում են, թե հարցը փակ է։ Իրենք հարցի լուծման այդ տարբերակին գնացող են։
Երբ իրենց կհաջողվի հայոց պետականությունը ոչնչացնել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրան աջակցում է՝ Հայաստանը վերածելով թուրք-ադրբեջանական պրոտեկտորատի, Հայաստանը կդառնա ձեւական ինչ-որ միավոր։ Անգամ անվանումը կարող է լինել հանրապետություն, բայց այդ հանրապետությունն արդեն իսկ այսօր ունի պակաս իրավունքներ, քան Սովետական Հայաստան վարչական միավորը։
Այսօր ի՞նչ հարց է ՀՀ-ն անգամ երկրի ներսում անկախ լուծում, ոչ մի հարց։ Թուրքերն իրենք են որոշում՝ մեր դպրոցներում ինչ պետք է դասավանդվի, իրենց նարատիվն է արդեն դրված մեր կրթական համակարգի հիմքում։ Թուրքերն իրենք են որոշում, թե ինչ պետք է խոսել Հայաստանի հանրային հեռուստատեսությունում ու ռադիոյում։ Եթե նկատել եք, այնտեղ քարոզչություն է տարվում, որ հայերն են մեղավոր, իբր թե հայերը ձգտում էին անկախության, Օսմանյան կայսրության դեմ էին պայքարում, դրա համար կոտորեցին։ Այդպես չի եղել իրականում, անգամ 1918 թվականին, երբ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն անկախություն հռչակեցին, հայերն անգամ այդ ժամանակ անկախություն չեն հռչակել, ուր մնաց Օսմանյան կայսրության մեջ։ Հայերն Օսմանյան կայսրությունում ասել են մի բան՝ մենք ուզում ենք, որ գոնե տանելի պայմաններ լինեն, մեզ չկոտորեն։ Եվ դա ամրագրված է եղել Օսմանյան կայսրության պարտավորությունների մեջ, որից էլ առաջացել է հայկական հարցը՝ ընդամենը բարեփոխումներ, ընդամենը հայերին քիչ կոտորել։
Այս տգիտությունը դարձել է պետական քաղաքականության հիմք, այս տգիտությանը զուգակցվել է նաեւ ուղղակի դավաճանությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ