Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության Օգոստոսի 1-ին տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:
Էրդողանը Պապի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ:
Նա նշել է, որ «Խորհրդավոր ընթրիքի» նման բեմականացումը ոչ միայն անհանգստություն է պատճառել ամբողջ քրիստոնյա աշխարհին, այլև նույնքան մուսուլմաններին:
Թուրքիայի նախագահն ընդգծել է տեղի ունեցածի դեմ միասնական արտահայտվելու և նման դեպքերի նկատմամբ համատեղ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով որպես ծաղրանմանակում ներկայացվելուն, հայտարարել էր տեղի ունեցածի մասով իր բողոքն արտահայտելու համար Հռոմի պապին զանգահարելու մասին: