Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ:
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:
Կարդացեք նաև
Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու հանգամանքը, որպիսի պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին:
Ավելի ուշ, Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին նաև ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խոչընդոտվում է փաստաբանի մուտքը, մասնավորապես տևական ժամանակ չի ապահովվում փաստաբանի և ձերբակալված Արամ Երիցյանի տեսակցությունը, ինչպես նաև վարույթին ներգրավելու հարցը։
Բարձրացված խնդիրը քննարկվել է քննչական մարմնի իրավասու ներկայացուցչի հետ, արդյունքում՝ ապահովվել է փաստաբանի մուտքը քննչական բաժին:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն:
Այս հարցի վերաբերյալ ևս պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմնից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան