Լրահոս
Օրվա լրահոսը

Պառակտման ծեսերի «աննախադեպ» հաջողությունները

Օգոստոս 02,2024 10:00

Վերջերս հետաքրքիր զրույց եմ ունեցել մի մշակութային մարդաբանի հետ ծեսերի, «ռիտուալների» թեմայով: Մասնավորապես, խոսք եղավ այն մասին, որ ցանկացած նոր իշխանություն ցանկանում է երկրորդ պլան մղել, չեղարկել, խամրեցնել նախորդ դարաշրջանի ծեսերը եւ դրանց տեղը կամ դրանց փոխարեն առաջարկել նորերը: Այսինքն՝ ինչ-որ բաներ սրբադասել եւ, հակառակը, ինչ-որ բաներ, ինչպես ասում են, «դեսակրալիզացնել»:

Եվ ահա, ես մտածում եմ, թե ինչ ծեսեր են ստեղծվել 2018 թվականից հետո, ինչ սրբավայրեր, ինչ խորհրդանիշներ կան: Մտքիս գալիս է Իջեւանի մուտքի նշանի մոտ ուսապարկով եւ կեպիով «Քայլող մարդու» արձանը, որը պարբերաբար վնասում են: Շատ ավելի լավ լուծում է անվախ աղջկա արձանը վարչական շենքերից մեկի դիմաց, որն ասում է՝ «ես քաղաքացի եմ, ես իշխանավորներից չեմ վախենում, ես պահանջատեր եմ»:  Բայց, համաձայնեք, այդ արձանը դժվար թե սրբավայր կամ երիտասարդ հպարտ քաղաքացիների «ինիցիացայի» տեղ դառնա, ինչպիսին էր, օրինակ, Լենինի հրապարակը պատանի պիոներների համար:

Ձեռնարկվել է «թավշյա հեղափոխությունը» սակրալիզացնելու եւս մի քանի փորձ: Մասնավորապես, 2018 թվականի ամռանը ծրագիր կար Պատմության թանգարանում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված այդ հեղափոխությանը: Ըստ այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ «այս փուլում մեծ է Հայաստանի հանդեպ Սփյուռքի հետաքրքրությունը` պայմանավորված թավշյա հեղափոխության գործընթացներով: Օտարազգիներին հատկապես այս իրողություններն են բերում Հայաստան: Այնպես որ, այս օղակը հաղորդակից կդարձնի նրանց հետ կատարվածին»: Բայց գաղափարն այնպես էլ չիրականացվեց, եւ ենթադրյալ հազարավոր սփյուռքահայ ուխտավորները մնացին առանց այդ «տեսարժան վայրի»:

Մնաց Քաղաքացու օրը՝ տոն, որն իրենով պետք է փոխարիներ բոլշեւիկների նոյեմբերի 7-ը՝ փառապանծ հեղափոխության ամենամյա հոբելյանը: Բայց ասել, որ դա դարձավ համաժողովրդական տոն, խիստ չափազանցություն կլիներ:

Մարդկանց կարող է համախմբել ոչ միայն ուրախությունը, այլեւ վիշտը՝ առնվազն 6 տասնամյակ այդպիսի համախմբող գործոն է ապրիլի 24-ը: Անձամբ ինձ համար 2023 թվականի սեպտեմբերը նոր «ապրիլի 24» է: Բայց պարզ է, որ ոչ մի իշխանություն չի ցանկանա վկայակոչել իր օրոք տեղի ունեցած ողբերգությունը:

Այսպիսով, որեւէ համախմբող գաղափարի շուրջ ծեսեր ստեղծելու գործը ներկա իշխանությունները տապալել են: Փոխարենն ամենօրյա ռեժիմով համացանցում իրականացվում է ատելության, պառակտման ծեսը: Թիրախը «նախկիններն» են, ռուսները եւ «5-րդ շարասյունը»: Դա էլ, իհարկե, նորույթ չէ եւ մանրամասնորեն նկարագրված է Ջորջ Օրուելի «1984» վեպում: Այդ ծեսը կոչվում էր «ատելության երկու րոպեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե այս տեմպերով առաջ շարժվենք, ապա առաջիկա տարիներին Ջորջ Օրուելի “1984”-ի անալոգիայով հայ երեխաները նույնպես իրենց հայրիկներին կմատնեն և բանտարկել կտան, եթե հանկարծ հայրիկները տանը կամ երազում մի թթու խոսք ասեն թավշյա հեղափոխության առաջնորդ նիկոլի հասցեին կամ էլ հանկարծ նրանք արտասանեն Արցախ, Արցախի դրոշ, Մասիս, Հայոց ցեղասանություն, Հայոց պատմություն և այլ արգելված բառեր ու բառակապակցություններ։

  2. Հ.Շ. says:

    Արդարեւ, խորհրդազերծել, սրբապղծել՝ Հայ Ազգի ամենաէական աւանդոյթներն ու արժէքները, գործընթաց մըն է որ շատ արդինաւէտ է, արդէն աւելի քան վեց տարիներէ ի վեր, ՀՀի այժմու վարչակարգի համար:

    Սակայն նոյն վարչակարգի գոյացումը մի ուրիշ բան ել խորտակեց… Այn պատրանքը, որ Քոչարյանն ու Սարգսյանը, եւ իրենց մանկլաւիկները, իբրեւ թէ պահապաններն էին սոյն աւանդութիւններին:

    Այսինքն այս վարչակարգը, գոնէ անկեղծ է: Ինչպէս որ էր, նոյն գետնի վրայ, Առաջին նախագահի վարչակարգը:

    Իմ նման սփիւռքահայերս ենք, որ խաբուեցանք՝ երկուքին միջեւ տեղաւորուած ազգային կեղծաւորութեան այդ երեւակայական դրուագով:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի Հայդուկ, ընդունում եմ, որ կարելի էր խաբվել ու պատրանքներ ունենալ (մանավանդ դրսում լինելով), որ Քոչարյանն ու Սարգսյանը «հայ ազգի ամենաէական ավանդույթների» պահապանն են: Սակայն, որպես իրավաբան, ի՞նչ տրամաբանական կապ եք տեսնում Նիկոլի` այդ «պատրանքները խորտակելու» և անկեղծության մեջ: Այդ առումով ավելի ճիշտ չէ՞ր լինի Նիկոլին լուսավորիչ անվանել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031