Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գողացել են 59 քմ. տարածքի նկատմամբ իրավունքս». Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

Օգոստոս 02,2024 13:00

«Գողացել են 59 քմ տարածքի նկատմամբ իրավունքս». Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

2021 թվականի դեկտեմբերից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հանրապետության նրբ. տուն 8ա հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանքներ պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի և «Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը նշված ընկերություններին հանձնելու պահանջի մասին գործը: Դատարանի որոշմամբ արգելանք դրվեց անշարժ գույքի վրա: 8 հատորանոց քաղաքացիական գործը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան, որտեղ մերժվել է վարույթ ընդունելը, ապա նորից վարույթ է ընդունվել և բավարարվել՝ նորից հայտնվելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Ներկայացնում ենք գերդաստանի մոր՝ Վարյա Սաֆարյանի գանգատը, որն ուղարկվել է Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին, ԲԴԽ նախագահ Կ. Անդրեասյանին:

Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Ա. Սաֆարյանը ԵԴ/56674/02/21 գործով հուլիսի 25-ի դատական նիստում հայտնել է, որ գործով կողմ հանդիսանում է միայն տողերիս հեղինակը՝ Վարյա Սաֆարյանը (հասցեի սեփականատերը), իսկ Վ. Սաֆարյանի չորս զավակները (և նրանց ընտանիքի անդամները) նիստին արտահայտվելու իրավունք չունեն:

Նիստին դատավոր Ա. Սաֆարյանը եղել է կաշկանդված և ճնշված, որի պատճառով չի իրականացրել իր գործառույթները, առաջնորդվել է գործով հայցվորի՝ ձեռքբերողի ցուցումներով:

Դատավոր Ա. Սաֆարյանը տեղեկացված չի եղել, որ հասցեիս տնատիրությունը չորս զավակներիս միջև բաժանելու մասին պահանջս բավարարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2017 թվականի հունվարի 21-ի վճռով, կադաստրի կոմիտեում վճռի համաձայն պետական գրանցում չի կատարվել, քանի որ առ այսօր լուծում չի տրվել հասցեի տնատիրության մոտ 59 քմ և 185. 5 քմ սեփականության իրավունքի վերականգնման հարցին:

Տարածքների պետական գրանցման հարցի լուծումը պետության կոնվենցիոն պարտավորություն է, որը մերժվել է պատկան մարմինների կեղծիքներով:

2007 թվականից բարձրաձայնում եմ պատկան մարմինների գզրոցներում նշված, կեղծիք հանդիսացող 1954 թվի գույքաթերթի մասին, որը համաձայն ՏԱ օրենքի՝ քրեորեն պատժելի արարք է:

Պատկան մարմինները կեղծել են կադաստրային քարտեզը՝ գույքագրելով կադաստրային քարտեզում 185. 5 քմ տարածքում գոյություն չունեցող Ֆիրդուսի 9 հասցեի տունը:

Թաղամասի չգրանցված տարածքները, ՀՀ կառավարության 2018 թվի որոշման համաձայն, քաղաքապետի գաղտնի որոշումներով, հատկացվել են թաղամասի ձեռքբերողներին: Հասցեիս չգրանցված, ցանկապատված 59 քմ տարածքս հատկացվել է 2 ձեռքբերողների, որի արդյունքում 59 քմ տարածքում կատարվել են քանդման աշխատանքներ, տարածքը փոսի է վերածվել, այդպիսով գողացել են 59 քմ տարածքի նկատմամբ իրավունքս:

Կառավարության 21. 01. 2021թ․Հ. 79 որոշումն արգելում է ոչնչացման, ներխուժման արարքը ցանկապատված տարածքում: Ճիշտ այդպես կատարվեց Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ սպասարկելու համար կոռուպցիոներների շահերը:

Ցանկապատված 59 քմ տարածքում կատարվածի մասին ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն (ճիշտ կլիներ անվանել կոռուպցիոն կոմիտե-Վ. Ս. ), թողել է անհետևանք: Անարխիա է առ այսօր, կատարվածի կապակցությամբ քրեական պատասխանատվություն չի կրել ձեռքբերողը:

Վերոգրյալից երևում է, թե ինչ անսպասելի քայլերի են պատրաստ Երևանի` իրար հաջորդող քաղաքապետերը թաղամասի կոռուպցիոներների շահերի պաշտպանության և սպասարկման համար:

Ֆիրդուսի 33 թաղամասը Կառավարության 2007թ. Հ. 108-Ն և 2018թ Հ. 332-Ն որոշումներով ճանաչվել է հանրային գերակա շահ:

2007թ. Հ. 108-Ն որոշման 7 տարվա ժամկետն անցել է, իսկ 2018թ Հ. 332-Ն որոշումը գտնվում է վարչական դատարանի վարույթում՝ ՎԴ/ 5866/05/18, գործի քննությունը կանգնեցված է:

Թաղամասի բնակիչները պայքարի մեջ են իշխանական կոռուպցիոներների շահերի հետ, որը կոչվում է հանրային գերակա շահ:

59 քմ տարածքիս նկատմամբ կատարված արարքը հանցակազմ է պարունակում:

Գործող քաղաքապետից խնդրում եմ պատասխանել՝ կա՞ մեկը, ով ցույց տա գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի 33 թաղամասում ի՞նչ կառուցապատում է իրականացվում գերակա հանրային շահի համար:

Հաշվի առնելով, որ այն պետք է լինի հավասարակշռություն կողմերի՝ բնակիչ-ձեռքբերողի միջև, որը գոյություն չունի, խնդրում եմ արդարադատության իրականացման համար ցուցում տալ, որ ՎԴ/ 5866/05/18 գործով վճիռ կայացվի, որը պատճառ կդառնա հասցեիս անշարժ գույքը օտարվող գույքերի ցուցակից հանելու համար:

Խնդրում եմ նաև ցուցում տալ գործող քաղաքապետին՝ չխոչընդոտել, լուծել չգրանցված 59 քմ և 185. 5 քմ տարածքներիս պետական գրանցման հարցը, որը պետության կոնվենցիոն պարտականությունն է: Չգրանցված տարածքներիս պետական գրանցման հարցիս լուծմամբ լուծում կստանա ՄԻ Եվրոպական դատարանի 21. 01. 2017թ. վճռի համաձայն հասցեիս գրանցված և չգրանցված գույքերս չորս զավակներիս միջև բաժանելու պահանջս, որով ընտանիքիս անդամները ձեռք կբերեն արտահայտվելու իրավունք ԵԴ/56674/02/21 գործով:

Վարյա ՍԱՖԱՐՅԱՆ

Հանրապետության նրբանցք 8 ա, Ֆիրդուսի 33 թաղամաս

«Առավոտ» օրաթերթ
01. 08. 2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031