Ուրախությամբ հայտնում ենք, որ Արմավ հրատարակչությունը լույս է ընծայել «21-րդ դարի հայ գրականություն» մատենաշարի «Ձայն թատերական» ժողովածուն: Շուրջ 900 էջ կազմող ծավալուն հատորի մեջ ընդգրկված են 21-րդ դարում բեմական տարբեր ժանրերում թատերգություններ ստեղծած 36 հեղինակներ, որոնցից ամենատարեցը 90 տարեկան է, ամենաերիտասարդը`39: «Ձայն թատերական» հատորը նախատեսվող 12 հավաքական գրքերից կազմված մատենաշարի 4-րդ գիրքն է: Մինչ այս մատենաշարից հրատարակված են ՁԱՅՆ ԱՐՑԱԽԱԿԱՆ (Արցախի գրողներ), «ՁԱՅՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ» (ԽՍՀՄ հայ գրողներ), ՁԱՅՆ ՔԵՐԹՈՂԱԿԱՆ (Հայաստանի ժամանակակից բանաստեղծներ) եւ, ահա, «ՁԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ»: Շուտով լույս կտեսնեն ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ (ՀԳՄ անդամ գրողներ), ՁԱՅՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ (Հայաստանի ժամանակակից արձակագիրներ), «ՁԱՅՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» (Արցախի ճակատագրին նվիրված հայ գրողների գործեր), ՁԱՅՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ (Եվրոպայում ապրող հայ գրողներ), ՁԱՅՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ (Մերձավոր եւ Միջին արեւելքի հայ գրողներ), ՁԱՅՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ (ԱՄՆ-ում ապրող հայ գրողներ): Մեր այս գրության մեջ չենք անդրադառնում «Արմավ» հրատարակչության բազում այլ հրատարակություններին եւ կենտրոնանում ենք միայն Մատենաշարի վրա, որից տասը գրեթե պատրաստ է հրատարակելու եւ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում մատենաշարը հույս ունի, որ կհրատարակի մինչեւ 15 ժողովածու, որով հնարավոր կլինի իմի բերել 21-րդ դարի աշխարհասփյուռ հայ գրականությունը` իր բոլոր ժանրային դրսեւորումների մեջ:
Ըստ էության, սա հանրագիտարանային ընդգրկման աշխատանք է, գերպատասխանատու նախաձեռնություն եւ ծանրագույն աշխատանք: Միայն նշենք այն հանգամանքը, որ «Ձայն թատերական»-ի 36 հեղինակներին ընտրելու համար «Արմավ»-ի հրատարակիչ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի վարիչ, Բանասիրական գիտությունների թեկնածու Արման Ավանեսյանը միայն այս հատորի հեղինակներին ընտրելու համար կարդացել է 400-ից ավելի պիես: Կարելի է պատկերացնել, թե 15 ժողովածու հրատարակելու համար, թերեւս հարկ կլինի իսկապես կարդալ 21-րդ դարում ստեղծված գրեթե, կամ առանց «գրեթե», ամբողջ հայ գրականությունը: Սովորաբար այսպիսի գործերին ասում են «տիտանական աշխատանք», որտեղ տիտանական ուժը փոխարինված է իսկապես տիտանական համբերատարությամբ ու աշխատասիրությամբ եւ, իհարկե, պարզ է նաեւ, որ առանց ֆինանսական որեւէ կարգի ապահովվածության: Եվ այս ամբողջ գերծանր գործը իրենց ուսերին տանում են «այր ու կին մեկ մարմին դարձած» «Արմավ» հրատարակչության երկու նվիրյալ աշխատակիցները, ովքեր միաժամանակ ե՜ւ ղեկավարներն են, ե՜ւ աշխատողները, ե՜ւ պատասխանատուները, ամուսիններ` հրատարակչության տնօրեն, բանասեր, Մատենադարանի աշխատակից Արմինե Քոչարյանը եւ գրականագետ Արմեն Ավանեսյանը:
Արված աշխատանքների բնույթը, ընդգրկումը, նպատակը, ծավալը, աջակիցներին, խիստ որոշակի անձանց եւ օգնությունների կերպն ու չափը ճանաչելու համար մի հատվածական մեջբերում կատարենք «Ձայն թատերական» ժողովածուի Արմեն Ավանեսյանի գրած նախաբանից. «Նոր ժամանակներում ստեղծվել են այնպիսի պիեսներ, որոնք հատկանշվում են նոր գեղարվեստական մոտեցումներով ու դրանց արտահայտման նոր ձեւերով: Ճիշտ է, երբեմն թվում է, թե եվրոպական ու ամերիկյան դրամատուգիայի ավանդույթները տեղայնացվում են մակերեսային ընդգրկման մակարդակով, զուտ արտաքին կառուցաբանական հնարքների ու թեմատիկ-բովանդակային ընդօրինակումների ճանապարհով, այնուհանդերձ, ժամանակակից թատերգությունը երեւում է շատ հետաքրքիր բազմազանությամբ: Սույն «Ձայն թատերական» խորագրով ստվարածավալ հատորը, որի ծրագրող, համադրող եւ գործադրողն է նյույորքաբնակ դոկտոր Հրանտ Մարգարյանը, վերը նշվածի ապացույցն է: Գրքում զետեղված են տարբեր հեղինակների 36 պիեսներ: Այն «21-րդ դարի հայ գրականություն» մատենաշարի հերթական հատորն է: Գիրքը յուրօրինակ է նաեւ այն առումով, որ հնարավորություն է ընձեռում տեսնել ժամանակակից հայ թատերգության մեջ կատարվող տեղաշարժերի բնույթն ու զարգացման օրինաչափությունները»:
Տեղին ենք համարում մեջբերել նաեւ Հրանտ Մարգարյանի գրած ներածական խոսքից. «Անհուն ուրախութեամբ կը ներկայացնենք` XX1-րդ Դարու Հայ Գրականութիւն Մատենաշարի այս հատորը, ուր եռեսուն երեք Հայաստանցի խաղագիրներու խաղերկերը կը կներկայացուին: Այս երեւույթը, որեւէ չափանիշով, բացառիկ կոչուելու բոլոր յատկութիւնները ունի: Արդարեւ, գրականագէտ Արմեն Ավանեսյանի կազմած «Ձայն թատերական» հատորը մեկ բառով, ԿՈԹՈՂԱԿԱՆ կարելի է որակել: Հպարտութեան արժանի այս հատորին մէջ կը կգտնէք խաղերկերու բոլոր ոճերու` դասականէն մինչեւ արդիական մօտեցումներով սրսկւած երկեր, որոնք բարդ հոգեվիճակներու երանգներով կ’արտացոլան: Հատորին մէջ ամէն մէկ երկ, արժանի է առանձին վերլուծումի: Այդ կը թողունք ընթերցողին: Բայց կ՜ուզենք շեշտել, որ այս երկերը համաշխարհային խաղերկերու մակարդակին երեւնալու բոլոր յատկանիշները ունին: Այս հատորը լոյս կը տեսնէ Համազգայինի Նիւ Եորքի թատերախումբի կարգ մը անդամ-անդամուհիներու նիւթական աջակցութեամբ»: Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութւն, ՆԵ-ի Մասնաճիւղի «XX1-րդ Դարու Հայ Գրականութիւն» Մատենաշար. Ծրագրող, համադրող եւ գործադրող` Տոքթ. Հրանդ Մարգարեան:
Կարդացեք նաև
Մատենաշարի գրքերը կարելի է ձեռք բերել «Արմավ» հրատարակչությունից, որով հնարավոր կլինի օգտակար լինել մատենաշարի մյուս հատորների լույս ընծայմանը: Մեր հանդիպման ժամանակ Արմեն Ավանեսյանը հատուկ նշեց, որ մշակույթը, առանձնապես` այսօր, ամենաամուր կապող կամուրջն է հասարակության եւ իշխանության միջեւ: Պատկերավոր խոսքով ասած նա երկիրը տեսնում է որպես մի սպիտակ էջ, որտեղ ձեւավորվող պետությունը, իսկ մեր դեպքում Հայոց պետությունը դրսեւորվում է իր դրոշի եռագույնով, որտեղ մշակույթը եռագույնի կապույտ գույնն է, որը միացնում-կապում-կամրջում է իրար իշխանական կարմիրը եւ հասարակության նարնջագույնը: Բազում խոսված ու շատ անհրաժեշտ խնդիրներ կային մեր զրույցում, բայց այդ ամենը թողեցինք գալիք ժամանակներին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2024