Արմեն Վարդանյանը՝ Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունների մասին
«Զիջումներն ավելի շատ ուղղված են Ադրբեջանի կողմին, քանի որ Ադրբեջանն է մտել ՀՀ- տարածք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ում են ուղղված ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունները, եւ արդյոք դրանք չեն ենթադրո՞ւմ նոր զիջումներ։
Հիշեցնենք՝ Ջեյմս Օ’Բրայենը, պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցերին տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ նշել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ ու հայտարարել. «Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց հավանական է, որ նրանք կնահանջեն համաձայնեցված սահմանների պատճառով, եւ այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները»։
Արմեն Վարդանյանը փաստեց՝ ՀՀ-ն Տավուշի մարզում չորս գյուղերի տարածքում արդեն զիջումների գնացել է, հիմա եթե զիջումների գնա, արդեն Ադրբեջանը պետք է գնա, քանի որ Ջերմուկի, Սյունիքի հատվածներում ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ պետք է հետ քաշի իր զորքերը. «Դրա մասին նաեւ մի քանի ամիս առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց։ Այնպես որ, դա ավելի շատ Ադրբեջանին է ուղղված։ Ես նաեւ ասել եմ եւ հիմա էլ ասում եմ՝ Ադրբեջանը չի գնալու լիարժեք սահմանազատման այն հատվածներում, որտեղ ինքը ստանալու բան ունի։ Դրան գնաց Տավուշում, իսկ ահա այն հատվածները՝ Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզի հատվածները, որտեղ առաջ են եկել, հայկական տարածք մտել, այդ հատվածներում իրենք դիտավորյալ ձգձգելու են գործընթացը եւ տորպեդահարելու սահմանազատման գործընթացը։ Դա ընդհուպ մինչեւ տարիներ կտեւի, եւ գործնականում դուրս չեն գալու, եթե իհարկե, հայկական կողմը ուժով չհասնի ադրբեջանական զորքերի դուրսբերմանն իր տարածքից»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ ելքը պատերազմական գործողություննե՞րն են, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Եթե Ադրբեջանը դուրս չեկավ ՀՀ-ի ինքնիշխան տարածքից, ինչ-որ մի փուլում՝ հնարավոր է մի քանի տարի հետո, Հայաստանը գնալու է այդ քայլին. ես դրանում կասկած չունեմ։ Ալիեւն էլ ասաց, որ չի պատրաստվում ոչ մի սանտիմետր դուրս գալ ՀՀ տարածքից։ Այնպես որ, իրենք այդքան էլ հակված չեն, որպեսզի դուրս գան ՀՀ-ի ինքնիշխան տարածքից, եւ հնարավոր է՝ տարիներ հետո հարմար պահի ՀՀ-ն գնա այդ հարցի ուժային լուծման»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ըստ տեղեկությունների՝ երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Նա նաեւ նամակ է գրել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», եւ առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է: Մեր հարցին՝ ստեղծված իրավիճակում մի՞թե ժամանակավրեպ չէ խոսել խաղաղության համաձայնագրի մասին, երբ Ադրբեջանն անընդհատ անիրագործելի պահանջներ է առաջ քաշում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ե’վ ԵՄ-ն, եւ’ ԱՄՆ-ն ամեն կերպ մտել են գործընթացի մեջ, ուզում են ամեն ինչ անել, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում գնալ դրան, ժամանակ է ձգում, դրա համար ՀՀ-ի առաջ անիրականանալի պայման է դրել, որ Սահմանադրությունը փոխի։ Իրենք սպասում են այս ամիսներն անցնեն՝ հույս ունենալով, որ ԱՄՆ նախագահ կընտրվի Թրամփը, եւ իրենց վրայից ճնշումները կվերանան։ Շուշիում մեդիաֆորումի ժամանակ Ալիեւը տողատակերով ասաց, որ իրենց համար ավելի նախընտրելի է Թրամփը, քանի որ նա ավանդական արժեքների կրողն է, ինչպիսին նաեւ ադրբեջանական հասարակությունն է, բայց իհարկե, պատճառը ավանդական արժեքները չեն, այլ այն, որ դեմոկրատներն ամբողջ թափով փորձում են խաղաղության պայմանագիր ստորագրել եւ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, իսկ Թրամփի՝ ընտրվելու դեպքում կա ենթադրություն, որ նա իզոլյացիոնիստական քաղաքականություն կվարի եւ ուղղակի այդ թեմայի մեջ չի էլ մտնի։ Իր համար առաջնային չի լինի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, դրա համար Ադրբեջանում եւ Ռուսաստանում անհամբեր սպասում են Թրամփի հաղթանակին»։
Ջեյմս Օ’Բրայենը նաեւ հայտարարել էր, որ մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ եւ հաստատել ՌԴ-ից ՀՀ-ից կախումը նվազեցնելու նոր հարթակ։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարթակի մասին է խոսքը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ հարթակ նկատի ունի, բայց այն, որ ՀՀ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, էներգետիկ աղբյուրները եւ ըստ այդմ՝ թուլացնել ՌԴ-ից կախվածությունը, սա առավել քան ակնհայտ է, եւ ԱՄՆ-ն էլ դրան փորձում է աջակցել։ Ատոմակայանի մասով ՀՀ-ն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում, որ ԱՄՆ-ն մոդուլային ատոմակայան կառուցի, սպառազինության գնման հարցով նաեւ բանակցություններ կան ԱՄՆ-ի հետ։ Հնարավոր է ԱՄՆ-ն էլ օժանդակի ՀՀ-ին սպառազինություն վաճառելու տեսքով, քանի որ դրա քննարկումները երկար ժամանակ կան ԱՄՆ-ում, եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում փորձում են հասնել նրան, որ ՀՀ-ն կախվածությունը թուլացնի ՌԴ-ից եւ դիվերսիֆիկացնի բոլոր բնագավառները, որոնցում ունի կախում ՌԴ-ից»։
Մեր հարցին՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է խաղաղության համաձայնագիր ստորագրվի, Արմեն Վարդանյանը պատասխանեց՝ ոչ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2024