Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում շարունակաբար պահվում են 23 հայեր, 80-ը՝ բռնի անհետացման են ենթարկվել. Սիրանույշ Սահակյան

Օգոստոս 01,2024 23:10

«Այս պահին մենք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են: Շարունակաբար պահվում են 23 հայեր, բայց ես խուսափում եմ «գերի» տերմինն օգտագործելուց, որովհետեւ մենք պետք է հասկանանք նաեւ իրավական ռեժիմները»,- «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ այսօր ասաց հայ գերեվարված անձանց հարցերով զբաղվող փաստաբան Սիրանույշ Սահակյանը՝ մանրամասնելով, որ 23-ից 5-ը գերեւարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերին, ռազմական գործողությունների մասնակցած երկու անձ եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեւարված երեք քաղաքացիական անձ, ովքեր անցում են կատարել մի տարածք, որի գրավման մասին տեղեկություն չեն ունեցել:

«Դրանից հետո ունենք առեւանգված երկու քաղաքացիական անձ, որը կապված է եղել բնակավայրում մոլորվելու, մեկ դեպքն էլ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, Հայաստան տեղափոխվելու ժամանակ. այո, Վագիֆ Խաչատրյանի դեպքն է: Մյուս 16 դեպքերը կապված են 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ. 8-ը՝ գտնվել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են մարտական գործողություններ, որոնցից 7-ը կամավոր հիմունքներով մասնակցել են մարտական գործողություններին, մեկը տարեց քաղաքացիական անձ է: Մյուս 8-ը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք իմ գնահատմամբ, չեն համարվում ոչ գերիներ, ոչ էլ ռազմագերիներ: Նրանց ազատությունից զրկելը ոչ մի առնչություն չունի մարտական գործողությունների հետ: Նրանք, քաղաքական պատվերի հիման վրա ձերբակալված, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք են, ովքեր պատժվում են իրենց գործունեության, իրենց արտահայտած կարծիքների, Արցախի ինքնորոշման կայացման մեջ ներդրման համար: Նրանց ապօրինի անազատության մեջ պահելը ունի սիմվոլիկ նշանակություն եւ այս անձանց անազատության մեջ պահելով Արցախի ինքնորոշման իրավունքի վերականգնումն է ազատազրկվում՝ անորոշ ժամանակահատվածով»,- շարունակեց փաստաբանը:

Սիրանույշ Սահակյանը նշեց, որ 23 գերեվարվածների մասով հաստատում կա, մինչդեռ կան գերեւարվածների մասին տվյալներ, որոնց գերեւարության փաստը Ադրբեջանը չի ընդունում: Խոսքը առնվազն 80 մարդու մասին է, ովքեր բռնի անհետացման են ենթարկվել ու նրանց ճակատագրերը հայտնի չեն, մինչդեռ սկզբնական փուլում, նրանց կենդանի լինելու մասին տեղեկություններ կան: Կա նաեւ երրորդ խումբը՝ անհայտ կորածներ, ովքեր հայտնվել են հակառակորդի տարածքում, բայց առերեսվելուց հետո նրանց ճակատագիրը հայտնի չէ: Տարբեր կառույցների գնահատականներով, անհայտ կորածների թիվը` 200-320 է:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օրերս անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա-արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։

Խոսելով այս առաջարկի մասին, փաստաբանն ասաց, որ կարելի է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում գեներացնել, եթե միջազգային կազմակերպությունների, ազդեցիկ անձանց եւ միությունների կողմից դատապարտող հայտարարություններ լինեն: Նա կարծում է, որ COP 29-ը քաղաքական ճնշման լավ առիթ է՝ հավելելով, որ միաժամանակ, Ադրբեջանում դատավարություններ են նախատեսվում եւ Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարները հայտնվելու են բազմաթիվ նվաստացվող տեսարաններում, վճիռներն էլ կանխորոշված են ու պետք է դրանք չեզոքացնելու մասին մտածել, մանավանդ, որ մինչ այս եղած դատավարական գործընթացներին միայն Կարմիր խաչի ներկայացուցիչներն են ներկա գտնվել, գնահատել դրանք: Փաստաբանը կարծում է, որ դիվանագիտական խողովակներով պետք է հասնել այդ դատավարություններին այլ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայության եւ գնահատման:

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, այս հարցում Հայաստանը տանուլ է տվել թե ռազմական, թե դիվանագիտական, թե քաղաքական ոլորտի աշխատանքը, բայց իրավական ոլորտում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031