«Տավուշի մարզի այն գյուղը, որի մասին այդքան խոսակցություն գնաց եւ բետոնե ցանկապատ դրվեց (խոսքը Կիրանցի մասին է- Ն.Գ.) Հայաստանի կազմի մեջ է՝ 1,5-2 կիլոմետր սահմանից հեռու»,- «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը՝ ցուցադրելով 1988 թվականի ՍՍՀՄ կառավարության գլխավոր վարչության կողմից հրապարակված քարտեզները:
Այդ քարտեզներում Հայաստանի մեջ են նաեւ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը: Թե ինչպե՞ս «պարոն Վաղարշակը ստորագրեց…», Առուշան Հակոբյանը չի հասկանում:
Նա տարակուսում է՝ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման համար ներկայացվում են 1976 թվականի քարտեզները եւ ասվում, թե դրանք ՍՍՀՄ վերջին քարտեզներն են, որոնք հրատարակվել են ՍՍՀՄ փլուզումից առաջ, ապա ստացվում է, որ ՍՍՀՄ-ը 1976-ի՞ն է փլուզվել:
Տավուշի մարզի հետ կապված՝ բանախոսը հավելում է՝ Ջողազի ջրամբարը նույնպես Հայաստանի կազմում է եղել եւ Հայաստանի ենթակայության տակ՝ 1988-ի քարտեզներով. ջրամբարի համար հողահատկացումը, շինարարությունը ՀՀ բյուջեով է եղել՝ ապահովելով 11 հայկական եւ մեկ ադրբեջանական գյուղի ջրամատակարարում:
Կարդացեք նաև
Մինչդեռ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր խոսում այն մասին, որ ջրամբարն իբրեւ նույնպես եղել է Ադրբեջանի կազմում:
Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 1988-ի քարտեզները եւ այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում է Առուշան Հակոբյանը, ուժի մեջ չեն մտել: Առուշան Հակոբյանը պարզաբանում է. «Դրանց ուժի մեջ մտնելու որեւէ հարց լինել չէր կարող, քանի որ ՍՍՀՄ մինիստրների խորհուրդը հաստատել է այդ փաստաթղթերը, ուղարկել է ՀՀ ԳԽ նախագահությանը, Հայաստանի մինիստրների սովետին՝ որպես ընդունված փաստաթուղթ: Այն ժամանակ հաստատման կանոնակարգ չկար, դա էր հաստատումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ