Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյարքին պետք է ետ գրավենք, որովհետեւ մենք 700 տարի միայն հող ենք տվել. պիտի գրավենք, որ մեր ժողովուրդն իմանա՝ գրավել եւս գիտենք». Վազգեն Սարգսյանի նամակը

Օգոստոս 01,2024 21:21

«Այս իշխանությունն իրականացնելու է այն քաղաքականությունն, ինչ արվեց Տավուշում եւ որքան էլ թվա, թե Տիգրանաշենը նշանակություն չունի, այն ունի ռազմավարական նշանակություն ՀՀ անվտանգության եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում»,- այսօր «Միասին» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց շարժման խորհրդի համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն հանձնել Տիգրանաշենը, հանձնելու են ոչ միայն այդ տարածքը, այլ Նախիջեւանի սահմանից սկսվող եւ «անկլավ» կոչվող տարածքը, որը 12 կիլոմետր է:

«Այդ ամբողջ հատվածը դառնում է միջանցք՝ թուրքական աշխարհը միավորելու, որովհետեւ այնտեղից ճանապարհ է բացվում դեպի Սիսիան, դեպի Մեղրի եւ այլն: Այսինքն, Տիգրանաշեն հասկացողությունն անկլավ չէ, դա այն միջանցքի հատվածն է, որը որ կարող է ձեւավորվել, եթե այս իշխանությունն իրականացնի այդ հանցավոր գործարքը»,- ասաց Արամ Սարգսյանը՝ առաջարկելով ոչ թե քննարկել, թե ինչքան վատն են Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, այլ կոնկրետ առաջարկներ ներկայացնել, թե ի՞նչ կարող ենք անել, իբրեւ հանրություն, կանխելու համար նման գործարքները:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը հիշեցրեց մեկ տարի առաջ, Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Տիգրանաշենի հանձնման մասին հարցին Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը. վերջինս ասել էր, որ պետք է քարտեզները նայել. «Եթե պարզվի, որ այն պատկանել է Ադրբեջանին, մենք խնդիր չունենք, դա կլինի իրավականորեն ճիշտ: Եվ հետո, եկեք չգերագնահատենք Տիգրանաշենի եւ ընդհանրապես անկլավների խնդիրը: Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային մեծ դժվարություն, անլուծելի հարց: Եթե ճանապարհը սենց կարող է անցնել-ընենց կարող է անցնել, նախ ասեմ, որ մենք այս ճանապարհային հարցն այնպես ենք զարգացնում, որ հետագայում ոչ մի խնդիր չլինի»:

Ապա Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանի կողմից Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին ու պնդել է, որ ամեն ինչ անում են՝ լարումը չեզոքացնելու համար եւ քաղաքական առումով հարցը դիտարկում են այսպես՝ «այնտեղ եղել է Քյարքին»:

Առուշան Հակոբյանը նկատում է՝ Արծվածենը 41 կիլոմետրից ավել է, Քյարքին՝ 17 քառակուսի կիլոմետր, իսկ «դժողքի ձոր» կոչվող հատվածի հետ՝ 19 քառակուսի կիլոմետր. «Այսինքն, եթե վաղը հայտարարություն լինի, որ 41-ը փոխարինում ենք 19-ով, երեւի ժողովուրդն էլ կասի… Տիգրանաշենի փաստաթղթերը բոլորն ինձ մոտ կան՝ սկսած 1920 թվականից մինչեւ 1937 թվականը՝ բազմաթիվ նամակներ՝ ուղղված ժողկոմին, որ այդ հատվածն Ադրբեջանն օգտագործում է, որպես արոտավայրեր, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել»:

Բանախոսի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ մի փաստաթուղթ չկա այն մասին, թե ինչպե՞ս է 1941-42 թվականներին այդ հատվածը հայտնվել քարտեզներում, որպես անկլավ՝ Սադարակի՝ այժմ Հայդարաբադի մեջ: Նա հիշում է, որ 1988-ին մեծ պատմություն եղել այդ եւ Երասխավանի-Սուրենավանի հատվածում, որտեղի բարձունքներից ադրբեջանցիները կրակում էին, ինչի արդյունքում, Վեդի, Ավշար, Փոքր Վեդի տանող ճանապարհները՝ մինչեւ Եղեգնաձոր, փակվել էին ու բավական բարդ էր այդ ճանապարհները բացել. այդ բարձունքները գրավելուց զոհվեցին Մովսես Գորգիսյանը եւ եւս չոր հոգի:

Առուշան Հակոբյանը տարակուսում է՝ այդ բարձունքները, ինչպես երկու տարի առաջ պարզվեց, կրկին անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ երբ Երասխավանում գործարան էր կառուցվում, այդտեղից կրակում էին, մարդ սպանվեց:

Եթե Տիգրանաշենը հանձնվի, Առուշան Հակոբյանը համոզված է՝ նույն իրավիճակը կստեղծվի, ինչ 1988-ին էր: Այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությանը հաջողել է խորհրդային իշխանությանը համոզել, որ Քյարքին պետք է ետ գրավել, որպեսզի ճանապարհները բացվեն:

Նա ընթերցեց նաեւ Վազգեն Սարգսյանի նամակը. «Քյարքին պետք է գրավենք, որովհետեւ մենք 700 տարի միայն հող ենք տվել. պիտի գրավենք, որ մեր ժողովուրդն իմանա՝ գրավել եւս գիտենք»:

Առուշան Հակոբյանի պնդմամբ՝ Տիգրանաշենի հանձնումով Հայաստանը երկու մասի կբաժանվի՝ ընդհատելով՝ Երեւան-Եղեգնաձոր-Վայք- Գորիս-Սիսիան-Մեղրի-Իրան ճանապարհը: Նա կարծում է, որ անհնար է այլընտրանքային ճանապարհի կառուցումն այդ հատվածով, քանի որ ճանապարհն անցնելու է բարձունքներով եւ ձմեռային շրջանում ընդհանրապես փակ է լինելու:

Տիգրանաշենը Արծվաշենով փոխանակելու վտանգների մասին Առուշան Հակոբյանն ավելի վաղ էր խոսել:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում եւ սահմանագծում Հայաստանի խորհրդային հանրապետությունում արվել է 12 տարի, ամենայն մանրամասնությամբ՝ 952 կիլոմետրի վրա՝ ծորակ առ ծորակ, բլուր առ բլուր, բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են. «1420 բետոնյա կետեր են տրված, յուրաքանչյուր շրջանի համար մանրամասն սահմանագծում է արված, կազմված է 182 արձանագրություն եւ դրանցում մեկ-մեկ նշված է՝ որտեղ ինչպես պետք է անցնի սահմանը: Մի քանի տարի է հայտարարվում է՝ շտաբային քարտեզ… Ես ասում եմ՝ ՍՍՀՄ կառավարության, ՀՀ եւ Ադրբեջանի կառավարությունների համատեղ երեք որոշումներ եթե կան, շտաբային քարտեզը ո՞րն է: Շտաբային քարտեզը զինվորական քարտեզ է, որտեղ գրված է՝ որտեղից կրակել, որտեղ կանգնել եւ այլն: Եթե կա ՍՍՀՄ կառավարության որոշում, անիմաստ է նրան ենթակա մարմնի քարտեզը, որտեղ վարչատարածքային ոչ մի բան չի նշվում»:

Իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը Առուշան Հակոբյանը փոխանցել է եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, եւ ԱԳՆ-ին, եւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031