«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր երեկոյան շրջեց Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպեց բնակիչների հետ:
Շրջայցի ընթացքում լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ աշնան նախամուտին արդեն հստակեցվե՞լ է շարժման օրակարգը: Ի պատասխան՝ Բագրատ սրբազանն ասաց. «Հստակ օրակարգը կապված է նաեւ քաղաքական լուծումներից: Այսինքն՝ հիմա որոշակի քննարկումներ են գնում, ճանապարհային քարտեզի առումով: Հիմա կարեւորն այս ընթացքն է, որ թե՛ մեր մարզային, թե՛ բակային այցելությունների ժամանակ ժողովրդի տրամադրությունները հասկանալու, միաժամանակ թե՛ քաջալերելու, թե՛ քաջալերանք ստանալու առումով: Մայիսյան շարժումից հետո մարդիկ որոշակիորեն ակնկալիքներ ունեն, հարցադրումներ, սպասումներ: Մենք կոչված ենք այդ բոլորին պատասխանելու ու վերստին շարունակելու:
Միանշանակ է, որ այս իշխանությունները պետք է հեռանան. ոչ թե հնարավոր է, կամ հնարավոր չէ, այլ անհրաժեշտ է, կամ անհրաժեշտ չէ: Մարդկանց տրամադրություններն ու ցանկությունները տեղն են, փոփոխությունների անհրաժեշտությունը անքննարկելի է իրենց համար: Ուրախ եմ որ նաեւ պատասխանատվության զգացումն է բարձրացել: Հիմա մեզ քիչ են հարցնում՝ երբ եք ճանապարհելու, այլ հարցնում են՝ երբ ենք ճանապարհելու»:
Կարդացեք նաև
Հարցին, իսկ երբ եք ճանապարհելու, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ ճիշտ ժամանակին. «Ես կարծում եմ՝ շատ հեռու չէ, բայց չեմ ուզում մեծ բաներ ասել: Հաշվարկի, գաղափարական ու իրենց բարոյականության իմաստով որոշ առումով սխալվել ենք: Այն պատկերացումներն ու համոզումները, որ ունեինք իրենց հանդեպ, այնքան էլ ճիշտ չէին, ես դա ընդունում եմ»:
Մեկ այլ հարցին, թե այս տարի կստացվի՞ հեռացնել այս իշխանություններին, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ամեն ջանք պիտի դնենք, որ լինի: Կրիտիկական ժամանակաշրջան է, պետք է, որ լինի»:
Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկանները չեն պատժվի, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ իրավական գործընթացներ են սկսել. «Գիտեք՝ ոնց են ձգձգում: Բոլոր ճակատներով իրավական գործընթացներ ենք սկսել, ուղիղ նեռին ենք նույնիսկ դատի տվել իր խոսքերի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ