2024թ-ի ամառային զորակոչի ընթացքում(սկվել է ապրիլի 29-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 15-ը) ՀՔԱՎ գրասենյակը իրավական աջակցություն է տրամադրել ՀՀ տարբեր մարզերից 41 զորակոչիկի։ Զորակոչիկների մեծ մասի խնդիրները կապված են առողջական վիճակի ոչ պատշաճ քննության և առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացությունների հետ։
Նախկինում տարկետում ստացած զորակոչիկները ևս բախվում են վերոնշյալ խնդիրներին։ Որպես օրինակ նշենք Ա․Պ․-ի դեպքը, որի իրավունքների պաշտպանությամբ Կազմակերպությունը զբաղվում է դեռևս 2023թ-ից։ Ա․Պ․-ին 2022 թ.-ի ձմեռային զորակոչին տրվել էր 10 ամսով տարկետում՝ պայմանավորված սրտի հետ կապված մի շարք առողջական խնդիրներով։ 2023 թ.-ի ձմեռային զորակոչին, չնայած զորակոչիկի մոտ առողջական վիճակի բարելավում չի գրանցվում, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը նրան ճանաչում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Նշենք, որ նույն՝ 2023թ․-ի ձմեռային զորակոչի շրջանակներում հետազոտությունների ժամանակ Ա․Պ․-ի մոտ արձանագրվել են սրտի կանգի էպիզոդներ։ Թեև Ա․Պ․-ն ճանաչվել էր սահմանափակումով պիտանի, բայց 2023-ին չի զորակոչվել զինվորական ծառայության ՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 53-րդ հոդվածի «Զորակոչիկի առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում ԿԲՀ եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և զորակոչիկը ԿԲՀ փորձաքննությանն է ներկայացվում հաջորդ զորակոչի ժամանակ»։
Ա․Պ․-ի առողջական վիճակի հետազոտությունները շարունակվեցին ձմեռային զորակոչից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին և վերջինս ներկայացվեց 2024թ․-ի ամառային զորակոչին։ 2024 թ․ ամառային զորակոչի Ա․Պ․-ի առողջական վիճակի հետազոտության արդյունքները ամբողջությամբ չեն արտացոլված ԿԲՀ եզրակացության մեջ։ Նշված հետազոտությունների արդյունքների հիման Ա․Պ-ն ԿԲՀ կողմից պետք է փորձաքննվեր ՀՀ կառավարության 2018թ․ 404-Ն որոշման 26-րդ հոդվածի «գ» կետով և ճանաչվեր ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, մինչդեռ վերջինս փորձաքննվել է նույն հոդվածի «դ» կետով և ճանաչվել է սահմանափակումով պիտանի։
Շարունակելով Ա․Պ․-ի իրավունքների պաշտպանությունը՝ 2024-ի հունիսին ՀՔԱՎ գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը՝ պահանջելով զորակոչիկին փորձաքննել իր առողջական վիճակին համապատասխանող հոդվածով և ճանաչել ժամանակավորապես ոչ պիտանի՝ տրամադրելով տարկետում զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով։
Կարդացեք նաև
ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա Ա․Պ․-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության և դրանց արդյունքներով վերջինս ճանաչվել է «բուժման կարիք ունեցող»։ Տրամադրվել է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով։
Ինչպես նշում է Կազմակերպության Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը Ա․Պ․-ի դեպքը ևս մեկ ցուցիչ է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը չի իրականացնում զորակոչիկների առողջական վիճակի համալիր և օբյեկտիվ զննություն, անտեսվում են զինվորական ծառայության զորակոչիկների պիտանիության որոշման համար էական նշանակություն ունեցող հետազոտությունների արդյունքները։
Նախորդ շաբաթ հրապարակեցինք 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում մեր արձանագրած խնդիրները, որոնք շարունակում ենք հավաքագրել։ Հիշեցնենք, որ 2024 թ․ ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին, ինչպես նաև, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց, զինծառայողներին և նրանց հարազատներին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ