Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Այս իշխանությունը ոչ ոք է բանակցություններում»

Օգոստոս 01,2024 19:44

«Մերձավոր Արեւելքը պատմականորեն ամենաանկայուն տարածաշրջանն է ամբողջ աշխարհում: Ամենաշատ բախումները, պատերազմները, ազդեցության համար պայքարը ամենաշատն այստեղ է տեղի ունենում»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով մեր տարածաշրջանում անընդհատ սրվող իրավիճակի եւ այդ պայմաններում Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մասին:

«Հիմա Մերձավոր Արեւելքում եռացող նոր աշխարհակարգի ստեղծման նախաշեմին գործում են ամենավայրի ջունգլիների օրենքները: Այսինքն, երբ որ հին աշխարհակարգի կանոնները փլուզվել են եւ նորը դեռ չի կառուցվել, այդ ժամանակաշրջանում է, որ ում ուժը ինչ պատում՝ անում է: Հիմա իրականում ազդեցության համար պայքար է ամեն միլիմետրի, ամեն ռեսուրսի, գերիշխող դիրք ունեցող բարձունքի, տարանցիկ ճանապարհների համար: Եվ այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, ազդեցության պայքար է, որպեսզի երբ այս խառնաշփոթն ավարտվի, ամեն մեկը հայտնվի ավելի լավ դիրքում:

Նախընթաց շրջանում Իրանը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի անկայունությունը իր սահմաններից հեռացնի: «Համասի» առաջնորդը կարող էր սպանվել աշխարհի ցանկացած կետում, բայց սպանվեց Իրանում: Դա ուղիղ մեսիջ էր անկայունությունը մեր եղբայրական Իրան տեղափոխելու մասին, որը պետք է Իրանին պարտավորեցնի պատասխանել եւ ներքաշվել այն եռացող կաթսայի  մեջ, որում հիմա գտնվում է ամբողջ Մերձավոր Արեւելքը:

Մենք այս ամենին պետք է նայենք մեր շահերի տեսանկյունից: Այսինքն, եղբայրական Իրանի ցանկացած անկայունություն, ցանկացած իրավիճակ, որը կարող է Իրանում ստեղծել իրավիճակ, որ նա զբաղվի այլ խնդիրներով, քան տարածաշրջանում կայունություն ապահովելը, վնաս է մեր շահերին: Հետեւաբար, պետք է ցանկանանք, որ Իրանը կարողանա հաղթահարել այս մարտահրավերները:

Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ամեն մեկը իր ունեցածի համար ամրագրում է  իրավունքները եւ  նոր բաներ ստանալու հայտ է ներկայացնում, իսկ մենք ունենք մի երկրի ղեկավար, որն ասում է. «կեցցե հեծանիվը»: Պատկերացնո՞ւմ եք՝ այս մարդն է գնում ու բանակցություններում մեզ ներկայացնում, երբ սեղանի շուրջ ամեն մեկն ուզում է իր պատառը՝ ամենամեծ պատառը վերցնել, այս մարդն ասում է «կեցցե հեծանիվը»: Եվ այստեղ ենք տեսնում սրանց հանձնառությունը, թե քանի քկմ-ի վրա իրենք լինեն կառավարիչներ: Իրենց համար կարեւոր է՝ ինչ-որ քկմ-ի վրա լինեն ինչ-որ տարածքներ, որտեղ իրենք կմնան: Ու ի՞նչ կապ ունի՝ Սյունիքը կա՞ այս գոտում, թե՞ չկա, Տավուշը կա՞, թե՞ չկա: Իրենց համար կարեւորը  կառավարչական ֆունկցիան ինչ-որ տարածքում պահպանելն է:

Ես ուզում եմ, որ աբսուրդը բոլորս լավ հասկանանք, երբ կարդում ենք վերջին լրահոսը: Իրանն ասում է, որ տարածաշրջանի պետությունների սահմանների անձեռնմխելիությունը իր համար առաջնային է: Իսկապես եղբայրական պետության դիրքորոշում, որը համընկնում է մեր շահերին: Իսկ ի՞նչ են մեզ  ասում ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով: Ասում են. Կենտրոնական Ասիայի երկրները հարուստ են եւ հենց հիմա նրանց միակ ելքը գլոբալ շուկաներ կամ Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե Ադրբեջանով ու Հայաստանով բացենք ճանապարհները, նրանք հասանելիություն կստանան գլոբալ շուկաներին եւ կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից: Այսինքն, ասում են. եղբայր, մեզ հետաքրքիր է Ռուսաստանին ու Չինաստանին նեղելը: Դրա համար ձեզնո՞վ միջանցք կլինի, ամբողջությա՞մբ միջանցք կլինի, դա մեզ հետաքրքիր չի: Եվ դիվանագիտական լեզու էլ չեն օգտագործում, ասում են ուղիղ: Միեւնույն ժամանակ ոչ մի երկիր մեզ անվտանգության որեւէ երաշխիք տեսանելի ժամանակահատվածում չի տալիս:

Այստեղ է, որ պետք է ինքներս մեզ հարցնենք. մենք պատրա՞ստ ենք նոր մարդիկ զոհել, նոր տարածքներ զիջել, մեր կյանքն ու ապագան հարցականի տակ դնել, որ Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը սահմանափակվի: Մենք ինչի՞ ենք այս կոնֆլիկտի մեջ դարձել կողմ, որ մի հատ էլ մեր միջոցով դա արվի:

Մի հարց էլ, որը շատ կարեւոր է: 2022 թվականից Հայաստանին ասում էին, որ կողմերը ցավոտ  փոխզիջումների պետք է գնան, որ Արցախի հարցով պետք է իջեցնել նշաձողը, որ անվտանգությունն ապահովեն: Արեցին բառացիորեն այն, ինչ ասում էին: Հիմա ցավոտ փոխզիջումը ո՞րն է: Մենք արդեն արել ենք, իշխանությունն արդեն արել է: Տավուշում ամենակահավորված առաջնագծից զորքերը հետ ես քաշել ու փաստացի Տավուշի գյուղերում կյանքը անհնար է դարձել: Իսկ Ադրբեջանը կարո՞ղ է ասել, թե մեզ ինչ է զիջել: Ոչինչ: Այնպես որ, այս իշխանությունը ոչ ոք է բանակցություններում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031