–Մի փոքր անդրադարձ Արցախյան շարժման ու ազատամարտին ձեր մասնակցությանը…-Արցախյան շարժման ծիլերին ծանոթ եմ 1965 թվականից։ Հունիսին Ստեփանակերտի ավտոկայանից մեկնում էի Բաքու ԱՊԻ-ում ընդունելության քննություններ հանձնելու համար։ Կայարանում ինձ մոտենում է մի երիտասարդ, ծանոթանում և սկսում ենք զրուցել։ Իմանալով, որ մեկնում եմ Բաքու՝ ասում է՝ գիտես, որ Ղարաբաղ անունը ուզում ենք փոխել պատմական Արցախ անունով, ու հարցնում է իմ կարծիքը։ Ես դրական եմ պատասխանում, ու նա ինձ մի փոքրիկ գրքույկ է տալիս՝ ասելով, որ տանեմ ու բոլոր ուսանողներին ծանոթացնեմ։ Զորի Բալայանի Արցախի մասին գրքույկն էր դա, ու ես այդ հանձնարարությունը մեծ սիրով կատարեցի՝ շատ հպարտ զգալով ինձ։Արցախյան շարժումը միշտ էլ ծիլարձակել է տարբեր ժամանակներում։ Դրանցից էր նաև մարզային դատարանի առջև տեղի ունեցածը։ 80-ականներին, երբ սկսվեցին ստորագրահավաքները, անմիջապես մասնակցեցի, իսկ հետո նաև մասնակցում էի գործադուլներին ու հանրահավաքներին։ 1988 թվականից Գառնաքարի կոլտնտեսության նախագահն էի և մեր ենթաշրջանի Արցախյան շարժման կազմկոմիտեի անդամ։ Մինչև 2000 թվականը աշխատել եմ այդ պաշտոնում։
-2023-ին Արցախը հայաթափվեց․․․
-Սեպտեմբերի 19-ին, երբ թշնամու կողմից սկսվեց արկերի ու ռումբերի որոտը, հասկացանք, որ այս անգամ ավելի սարսափելի է լինելու։ Այդ օրը ոչ մի րոպե չդադարեցին հրետակոծությունները։ Երիտասարդները դիրքերում էին։
Մեր համայնքի ղեկավար Էրիկ Մարտիրոսյանը ինձ նշանակեց գյուղի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման շտաբի պետ։ Շատ արագ ու կազմակերպված գյուղի բնակչությանը կարողացանք տարհանել ու տեղափոխել մոտակա անտառները։ Հերթապահություն սահմանեցինք գյուղի մոտակայքում։ Սեպտեմբերի 20-ին զինադադար հայտարարվեց ու հրահանգվեց բնակչությանը տեղափեխել Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական ռազմաբազայի մոտ։ Բնակչությունը կազմակերպված տեղափոխվեց՝ իր հետ վերցնելով ընդամենը մի երկու օրվա սնունդ։ Այլ հրահանգ չկար։ Վերջում համայնքի ղեկավարի հետ շրջեցինք տուն առ տուն, համոզվեցինք, որ մարդ չի մնացել ու հեռացանք հազարամյա պատմություն ունեցող մեր գյուղից։ Ես չեմ կարող նկարագրել այն ապրումներն ու կորստի ցավը, որ ունեցա այդ պահին։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Մեծ Հայրենականի և Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հուշակոթողներին, մեր գերեզմանոցներին ու դրախտային՝ աշխարհում ոչ մի տեղ չկրկնվող մեր բնությանը։ Հետս մի բուռ հող վերցրի՝ որպես ամենաթանկ սրբություն։
Սեպտեմբերի 26-ին հեռացանք Արցախից ու մեծ գերդաստանիս հետ անցանք դժոխքից չտարբերվող ճանապարհը։ Հայաստանում հաստատվել ենք Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան գյուղում։ 5 երեխաներս, 15 թոռներս ու 9 ծոռներս ապրում են Հայաստանում։ Իմ ընտանիքն իմ հպարտությունն ու հարստությունն է եղել միշտ, և համոզված եմ՝ ցանածիս պտուղները միշտ առատ ու բարի կլինեն։
Ցավոք, առողջական վիճակիս ու հոգեբանական ծանր ապրումներիս պատճառով չեմ կարողանում ակտիվ զբաղվել հասարակական ու քաղաքակական գործերով։ Զբաղմունիքս հիմնական առարկան վարձակալած մեր տան փոքրիկ այգին է, որի միջոցով փորձում եմ մի փոքր կտրվել ցավոտ մտքերից ու խեսել հողի հետ։ Նա լավ է հասկանում ինձ․․․
-Ձեր կարծիքը ՀՀ կառավարության ընդունած բնակարանային աջակցության ծրագրի շուրջ․․․
-Այդ ծրագիրը արցախահայության դավաճանության շղթայի մի օղակն է, դա Արցախի ժողովրդի ինքնության ոչնչացման մի միջոց է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: