Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր շահագործման հանձնվեցին Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի կողմից այս քաղաքին նվիրած 5 էլեկտրաավտոբուսները։ Դրանք կրում են «Արև» անունը։
Կարդացեք նաև
Ինչպես պարզաբանեց «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին, անունը ընտրելիս՝ քննարկում են ունեցել Գյումրու և Վանաձորի բնակիչների հետ, գյումրեցի երեխաներից մեկն էլ առաջարկել է «Արև»։ Էլեկտրաավտոբուսները, ըստ ծրագրի ղեկավարի, գնված չեն, այլ հատուկ արտադրված են այս ծրագրի շրջանակներում։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նշեց, որ Կովկասում առաջին անգամ էլեկտրական ավտոբուսները Գյումրի են մտնում:
«Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովելու բան է, պարծենալու բան է, պատմություն է կերտվում, որ առաջին էլեկտրաավտոբուսը Գյումրի քաղաքում է:
Մտածում ենք՝ աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, մենք ՎԶԲ-ի հետ բանակցում ենք, փորձելու ենք, որ ամբողջ համակարգը փոխենք՝ անցնեն էլեկտրաավտոբուսների, նաև քաղաքապետերի դաշնագիր ունենք ստորագրած, պարտավոր ենք պարտադիր արտանետումների նվազեցում իրականացնել և նաև տնտեսապես ձեռնտու է։
Մենք արևային կայաններ ունենք, հիմա հաշվարկ ենք անում, թե քաղաքի համար ամբողջ տարվա ընթացքում ինչքան էլեկտրականություն է պահանջվում, էլեկտրական ավտոբուսները ևս էլեկտրականություն են պահանջում, մեր հոսանքը կարտադրենք»:
10 ավտոբուսները, որոնցից 5-ը նվիրել են Գյումրիին, 5-ը՝ Վանաձորին, վարորդների վերապատրաստումն ու մեկ տարվա սպասարկումը կազմել է 1 միլիոն 200 հազար եվրո։
Վճարումը կարող են տարբեր ձևով կատարել՝ քարտերով, հեռախոսով։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը ու քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները իրենք վարեցին էլեկտրաավտոբուսները։
Գյումրու քաղաքապետը, մոտենալով էլեկտրաավտոբուսներին, շամպայն լցրեց դրանց դրա ու շնորհավորեց քաղաքին։
«Թող մեր քաղաքին արև բերեն այս Արև ավտոբուսները»,- բարձր տրամադրությամբ ասաց քաղաքապետը։
Կարմիր ժապավենը կտրելուց հետո՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչները էլեկտրական ավտոբուսները վարեցին Վարդանանց հրապարակում՝ բարձր ազդանշաններով հրավիրելով գյումրեցիների ուշադրությունը։
Հետաքրքիր այն է, որ էլեկտրաավտոբուսներին առաջնորդում էին Գյումրվա ֆայտոնները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Aravot.am-ի և Գյումրու համայնքապետարանի