«Մենք ապրում ենք շատ պատասխանատու ժամանակներում: Մարդիկ հաճախ ասում են՝ ժամանակները վատն են, բայց մե՛նք ենք տալիս այն երանգը ժամանակին, որը համապատասխանում կամ չի համապատասխանում մեր խնդիրներին» ,- «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով արտաքին քաղաքական խնդիրների մասին:
Նրա խոսքով. «Ոչ Թուրքիան, ոչ իր կցորդ Ադրբեջանը երբեւիցե չեն հրաժարվել Հայաստանի հանդեպ իրենց նկրտումներից, եւ վերջապես այդ ամենը մտնում է որպես բաղկացուցիչ մաս՝ նրանց ցեղասպանական ընդհանուր ծրագրի մեջ: Թուրքիան երբեւէ չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից եւ ռազմավարությունից: Դրա լավագույն ապացույցն այն է, որ նա մերժում է 1915-ից մինչեւ 1923-ը տեւած ցեղասպանությունը: Ցեղասպանագետները գիտեն, որ ցեղասպանության վերջին փուլը ցեղասպանության մերժումն է: Իսկ դա նշանակում է, որ այդ պետությունը չի հրաժարվել ցեղասպանությունից՝ որպես իր քաղաքական հարցերը լուծելու գործիք եւ ցանկացած պահի նա կարող է նույն կամ այլ՝ ժամանակակից մեթոդներով իրականացնել ցեղասպանություն:
Այս պարագայում մենք պետք է հստակեցնենք՝ եթե չի փոխվել հայերի հանդեպ Թուրքիայի եւ իր կցորդ Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունն ու քաղաքականությունը, ապա ինչպիսին պետք է լինի իմ, Հայաստանի եւ համայն հայության արձագանքը»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծում է. «Ինչու են արվում քաղաքական անմեղսունակության նշաններով հայտարարություններ, որ հենց վաղը պատրաստ ենք ստորագրել որեւէ պայմանագիր, որը չգիտես ինչու՝ կոչում են Խաղաղության պայմանագիր: Արի ու տես, թե ում հետ է օրվա իշխանությունն ուզում Խաղաղության պայմանագիր կնքել, բայց նրանք էլ չեն համաձայնում: Կներեք, ի՞նչ է նշանակում հրաժարումը խաղաղության պայմանագրից: Դա նշանակում է, որ ցանկացած պահի պատրաստ են շարունակել ցեղասպանությունը հայերի հանդեպ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ